Գլխավոր Լրահոս

Մինչև սեպտեմբերի վերջ հայտնի կլինի` հոսանքի թանկացումը հիմնավոր է, թե ոչ

Մինչև սեպտեմբերի վերջ հայտնի կլինի` հոսանքի թանկացումը հիմնավոր է, թե ոչ

Մինչև սեպտեմբերի վերջ հայտնի կդառնա` հիմնավոր է էլեկտրաէնրգիայի սակագնի բարձացումը, թե ոչ: Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստին այս մասին ասաց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` ներկայացնելով թե ինչ փուլում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերության կողմից տրվող էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվության ընթացքը:

Նա նշեց, որ ընկերությունն արդեն իսկ ձեռնամուխ է եղել աշխատանքներին և երկուշաբթի ամբողջ օրը տեղի են ունեցել հանդիպումներ ՀԾԿՀ-ի մասնագետների, կարգավորող ընկերությունների հետ: Գաբրիելյանի խոսքով` ըստ պայմանագրի` աշխատանքներն իրականացվելու են երեք փուլով` առաջին փուլի աշխատանքները պետք է ավարտվեն սեպտեմբերի վերջին, երկրորդ փուլինը` հոկտեմբերի վերջին, երրորդ փուլինը` նոյեմբերին:

«Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծությունը` սկսած արտադրողից մինչև սպառող 2010-2015 թթ. համար, էներգետիկ հաշվեկշռի վերլուծությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվող սակագնային ձևավորման գործընթացի վերլուծությունը, այդ թվում` հայտերի ընդունման, սակագների վերանայման պատճառների, դրանց վերանայման պարբերականության, ներկայացված հայտերի փոփոխության մեխանիզմների և կարգավորող հանձնաժողովի կողմից վերլուծության ենթարկվող ամբողջական ուսումնասիրության: Քննարկվելու են կանխատեսված պլանավորված ցուցանիշների փաստացի շեղումների պատճառի վերհանումը, որոնք պայմանավորված կլինեն շուկայի հիմնական մասնակիցների ֆինանսական արդյունքներով, արտադրության ծավալներով, սպառված էներգիայի ծավալներով, կլիմայական պայմաններով, չնախատեսված խնդիրներով, ինչպիսին են օրինակ ատոմակայանի կանգառը և այլն: Եվ վերջում կարգավորող ընկերությունների կողմից կարգավորող հանձնաժողովին տրամադրված սակագնային փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի վերլուծություն, այդ թվում` թե ինչ է ներառված, ինչ չէ ներառված, որքանով են դրանք հիմնավորված»,- ասաց փոխվարչապետը:

Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի` սակագնի վերլուծության հիմնավորումը մինչև սեպտեմբերի վերջ կունենա՞նք հարցի, Գաբրիելյանն ասաց. «Այո: 2015-2016 թթ. սակագների, ինչպես նաև դրանց փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ կարգավորող հանձնաժողովի գործողությունների գնահատում և կարգավորող հանձնաժողովի կողմից սակագնի չբարձրացման որոշման կայացման հետևանքների գնահատում` սրանք այն եզարակացություններն են, որոնք ըստ պայմանագրի` պետք է տրվեն առաջին փուլի վերջում»:

Հովիկ Աբրահամյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին խնդրեց ներկայացնել, թե որ փուլում են բնակիչներին և փոքր և միջին բիզնեսին սակագնի փոխհատուցման ծավալների ճշգրտման աշխատանքները:

Զախարյանը նշեց, որ մինչև 500 կիլովատտ էլեկտրաէներգիա ծախսած բնակչության և ՓՄՁ-ների ցուցակները և ծավալները ճշտվում են ՀԾԿՀ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ միասին: «Մինչև շաբաթվա վերջ ծավալները հայտնի կլինեն, և փոխհատուցումները կվճարվեն մյուս շաբաթվա ընթացքում, այսինքն` մինչև սեպտեմբերի 20-ը»,- ասաց նա:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին  որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և մյուս քաղաքներում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սուբսիդավորումն իրականացվելու է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից առաջացած միջոցներից (Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը):

Օգոստոսի 13-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում