Լրագրողական ինը կազմակերպություն սեպտեմբերի 10-ին հանդես է եկել համատեղ հայտարարությամբ` խոր մտահոգություն հայտնելով հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանների կողմից լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և բռնություն կիրառելու դեպքերով հարուցված քրեական գործի ընթացքի առնչությամբ:
«Տրամաբանական համարելով, որ նախաքննության համար նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օրենքով սահմանված կարգով լրացուցիչ ժամկետ ստացավ իրեն վերապահված գործառույթները իրականացնելու համար, այնուամենայնիվ, անթույլատրելի ենք համարում ՀՔԾ-ում դրսևորվող մակերեսային մոտեցումն ու դանդաղկոտությունը»,- ասված է հայտարարությունում:
Լրագրողական կազմակերպությունները նշում են, որ «ծավալուն քրեական գործը, որը ներառում է նաև տուժած ցուցարարների հետ կապված դեպքերը, վարում է ընդամենը մեկ քննիչ, ինչը վկայում է իրավապահների կողմից գործի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի մասին»։
Բացի այդ` հայտարարությունում նշվում է, որ հունիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից բռնության կամ տարատեսակ այլ խոչընդոտումների ենթարկված 24 լրագրողներից ու օպերատորներից 6-ը հարուցված քրեական գործի երկու ամիսների ընթացքում այդպես էլ դեռ չեն հարցաքննվել։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյանը (Epress.am լրատվական կայք), Հայկ Բադալյանը («Ֆոտոլուր» գործակալություն), անկախ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանը, ինչպես նաև` 1in.am լրատվական կայքի ներկա և նախկին աշխատակիցներ Հովսեփ Հովսեփյանը, Գոռ Հովհաննիսյանը և Արեն Մկրտչյանը։ Մեկ լրագրողի՝ iLur.am կայքի թղթակից Հակոբ Կարապետյանին, դեռևս չի վերադարձվել կամ փոխհատուցվել տեսախցիկի առգրավված հիշողության սարքը։ Ավելին՝ ոստիկանության կողմից առաջարկվել է վրդովմունք հարուցող «գործարք». այդ սարքը կտրամադրվի, եթե լրագրողն իր բողոքը հետ վերցնի։
Հաշվի առնելով վերոգրյալը` լրագրողական կազմակերպությունները պահանջում են`
- ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ անհապաղ վերանայել մոտեցումները և կազմավորել ներկայացուցչական քննչական խումբ, որն ի զորու կլինի խորությամբ և օբյեկտիվորեն քննելու այս քրեական գործը,
- ՀՀ դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն իրականացնել այս քրեական գործի նկատմամբ՝ լրագրողների և օպերատորների աշխատանքը խոչընդոտած ու նրանց նկատմամբ բռնություն գործադրած անձանց բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար:
Հայտարարությունը ստորագրել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն և Գորիսի մամուլի ակումբը:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:
Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:
Ջրցան մեքենայի, քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցությամբ իրականացված ոստիկանական գործողությունից իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս տուժել ու բերման էին ենթարկվել նաև մի շարք լրագրողներ: Ոստիկանները կոտրել էին նրանց աշխատանքային տեխնիկան, առգրավել տեխնիկայի և հեռախոսների հիշողության քարտերը:
Civilnet











