Գլխավոր Լրահոս

Նոր սահմանադրությանը «ոչ» ասելը վերածվում է «ոչ»-ի ամբողջ ռեժիմին. ՀԱԿ

Նոր սահմանադրությանը «ոչ» ասելը վերածվում է «ոչ»-ի ամբողջ ռեժիմին. ՀԱԿ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վատթարացող տնտեսական վիճակի և սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին: ՀԱԿ-ն իր հայտարարությունում Սահմանադրության փոփոխությունը կոչում է իշխանությունների վերարտադրության ծրագիր և զգուշացնում, որ շատ թանկ է նստելու ժողովրդի վրա: ««Ոչ» ասելը վերածվում է նաև «Ոչ»-ի ամբողջ այս ռեժիմին և նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին»: ՀԱԿ-ի հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև:

Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները և Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը հերթական անգամ ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին, ինչպես նաև սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսաապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին:

Պաշտոնական վիճակագրական վերջին տվյալների համաձայն, առևտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4%-ով, գործազրկությունը հասել է 20%-ի, բնակչության  32%-ը համարվում է աղքատ, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40%-ով,  շարունակվում է ՀՆԱ-ի կառուցվածքում կուտակման բաժնի զգալի կրճատումը (ազդեցությունը տնտեսական զարգացումների վրա կդրսևորվի առաջիկա միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում): Ամբողջ Հայաստանում փակվում են բիզնեսներ, աճում են արտագղթի տեմպերը:

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսության այս վիճակը և նրա խոցելիությունը միջազգային տնտեսական միտումների հանդեպ առաջին հերթին հենց իշխող ռեժիմի կառավարման արդյունք են. տասնյակ տարիների ընթացքում միտումնավոր ջախջախվել է միջին խավի մասնավոր նախաձեռնությունը և տնտեսական մրցակցությունը, և Հայաստանում ստեղծվել է բացառապես իշխող վարչախմբի շահերը սպասարկող մենաշնորհային թալանի համակարգ: Ներկա ճգնաժամային իրավիճակը բոլոր պետություններից պահանջում է սեփական տնտեսության, արտադրողների և արտահանողների շահերի պաշտպանության նպատակով անհետաձգելի քայլեր, ներառյալ սեփական արժույթի համաչափ արժեզրկումը: Հենց դրան են ուղղված մի քանի պետությունների արձագանքող քայլերը վերջին շաբաթներին (Չինաստան, Ղազախստան, Վրաստան , Ադրբեջան և այլն):

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների տնտեսական և ֆինանսա-վարկային քաղաքականությունը այս առումով հայտնվել է լիակատար փակուղու մեջ: Մի կողմից, ռուբլու արժեզրկման պայմաններում Հայաստանի արտահանողների և արտադրողների, և ընդհանրապես տնտեսության զարգացման շահերը պահանջում են դրամի վերահսկելի արժեզրկում և հակաճգնաժամային անհետաձգելի միջոցառումների իրականացում: Մյուս կողմից ակնհայտ է, որ հենց իրենց կողմից ստեղծված փակ մենաշնորհային համակարգի պայմաններում դրամի արժեզրկմանն ուղված քայլերը կառաջացնեն անվերահսկելի խուճապային գնաճ և բնակչության կենսամակարդակի կտրուկ անկում, ինչը հղի է սոցիալական պայթյունով:

Դրանից խուսափելու միակ միջոցը տնտեսության ապամենաշնորհացումն ու արդար մրցակցային միջավայրի հաստատումն է, մի բան, ինչն այս ռեժիմը չի անի, քանի որ երբեք չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Իրավիճակն էլ ավելի է սրվում այն պատճառով, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանդրական փոփոխությունները:

Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, նրանք զերծ են մնալու տնտեսության աջակցության որևէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը, էլ ավելի ծանրացնելով տնտեսվարողների առանց այդ էլ կործանարար վիճակը: Ըստ վարչախմբի ծրագրերի, սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության և բնակչության կենսամակարդակի անկումը այլևս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին: Փույթ չէ, որ մի քանի ամիս ժամանակ կորցնելու և արտաքին պահուստները էապես նվազեցնելու հետևանքով դրամի արժեզրկումը ձեռք կբերի անվերահսկելի բնույթ, իսկ Հայաստանի բնակչությունն ու ամբողջ տնտեսությունը կկրեն հավելյալ միլիարդավոր կորուստներ:

Եվ այսպես, պարզ է, որ իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ, այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահամանդրափոփոխությունը: Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը, այսպիսով, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի և երկրի տնտեսության վրա, առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ և  արտագաղթի նոր ալիք: Ուստի, հանցավոր այս ծրագրին «Ոչ» ասելը վերածվում է նաև «Ոչ»-ի ամբողջ այս ռեժիմին և նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում