Չենք կարող ասել, որ մեզ շատ է դուր գալիս, որ Ադրբեջանը ռուսական զենք է ձեռք բերում Ռուսաստանից, սակայն դրանք երևի առևտրի, բիզնեսի հետ կապված հարցեր են. BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, և, համապատասխանաբար, Ռուսաստանից գնում, ստանում ենք սպառազինություններ, այս առումով որևէ նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին կամ այլ երկրների, դա թերևս նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, ակտիվ ներկայություն ունի սպառազինությունների շուկայում»,- ասել է Նալբանդյանը ու հավելել, որ չի կարելի ասել, թե հայկական կողմին շատ է դուր գալիս, որ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Ռուսաստանից, սակայն դրանք երևի «առևտրի, բիզնեսի հետ կապված հարցեր են»:
«Մեր հարաբերությունները միանշանակ դաշնակցային են: Հարաբերությունները դաշնակցային անվանելը շատ բան է նշանակում»,- ընդգծել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:
«Իսկ Դուք անձամբ կարծում եք, որ Հայաստանի համար Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհը փա՞կ է» հարցին Նալբանդյանը պատասխանել է, որ Հայաստանը Եվրասիական միության անդամ է, և այդ շրջանակում ստանձնած պարտավորություններին չհակասելու դեպքում Հայաստանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ:
«Ո՞րն է, այդուհանդերձ, առաջին տեղում, արդյոք Եվրամիության հետ հարաբերությունները կառուցվելու են հենց Եվրասիակա՞ն միության հանդեպ ստանձնած պարտավորությունների հիման վրա»,- հարցրել է BBC-ի թղթակիցը:
Նալբանդյանը հիշեցրել է, որ Եվրասիական միության դեպքում Հայաստանը անդամ է, ինչը չի կարելի ասել Եվրամիության հետ հարաբերությունների մասին, հետևաբար գործ ունենք տարբեր կատեգորիաների հետ:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների, հակապատժամիջոցների, Ուկրաինայում, Ղրիմում առկա իրավիճակի հարցում Հայաստանի դիրքորոշման մասին Նալբանդյանն ասել է. «Չեմ կարծում, որ հարցերը կարելի պատժամիջոցներով լուծել, դրանք հարկավոր է լուծել երկխոսության և բանակցությունների ճանապարհով»:
Civilnet











