Գլխավոր Լրահոս

Դավի՛թ, դուք նմանվում եք ստալինյան դատախազ Վիշինսկուն

Դավի՛թ, դուք նմանվում եք ստալինյան դատախազ Վիշինսկուն

Դավիթ Հարությունյանը երեկ բղավել է սեփական հացի խնդրից զրկվելու սպառնալիքի մասին։ Նա հայտարարել է, որ «այն, որ զանգվածները կարող են փողոց դուրս գալ առանց հասկանալու սահմանադրական բարեփոխումների էությունը, մտահոգիչ է»։ Իսկ ո՞վ ասաց, որ առանց հասկանալու են դուրս գալիս։ Ինչու՞ այո-ի կողմնակիցները չեն կարող լինել ավելի չհասկացող։ Պատասխանը պարզ է՝ որովհետև այո-ի կողմնակիցները գիտեն, որ սեփական կաշվի հարց են լուծում, նրանք ուզում են մնալ իշխանության մեջ, ոչ-ի կողմնակիցները սեփական կաշվի հարց չունեն, նրանք ուզում են պետությունը տարանջատել ՀՀԿ-ի, ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի կաշվից։ Այլապես, ո՞վ ասաց, որ ոչ-ը անգիտություն է, այո-ն՝ գիտություն։

Ոչ-ի ոչ մի կողմնակից իր փաստարկներում չի ստում։ Այո-ի բոլոր կողմնակիցները ստում են, օրինակ, ասում են՝ կարելի է վերարտադրվել նաև այս Սահմանադրությամբ։ Սա սուտ է։ Սա սխալ չէ, այլ՝ սուտ։ Սխալվել կարող են ոչ-ականները։ Որովհետև՝ դուք, այո-ականներդ խոսում եք, որ գործող Սահմանադրությամբ ՀՀԿ-ն կարող է վերարտադրվել։ Նույնիսկ սա է սուտ։ Եթե Սահմանադրության տառն ու ոգին պահպանեք, ինքներդ էլ ձեզ ձայն չեք տա։ Բայց իմ ասածն այս ստի մասին չէ։ Նոր նախագծով ոչ թե ՀՀԿ-ն է վերարտադրվում, ինչպես, ի դեպ, կարծում է նույնիսկ ՀԱԿ-ական Գագիկ Ջհանգիրյանը, այլ Սերժ Սարգսյանը։ Սա այնքան պարզ է, որ, թեկուզ աղոտ, բայց ԱԺ-ում ընդունեց նույնիսկ Վարդան Պողոսյանը։ Մինչև այսօր Սահմանադրությունը վերարտադրության հետ կապ չուներ։ Այս նախագծով՝ կունենա։ Սա է վտանգավորը։ Սահմանադրությունն է խառնվում վերարտադրության գործերին։

Ոչ ոք չի կարող պնդել, որ Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը վերարտադրվել են, վերարտադրվել են նրանց սատարող ուժերը, որովհետև սեփական կաշին հակամետ է Շագրենի կաշվին։ Շագրենի կաշին պակասում էր ամեն ցանկության հետ, բոլոր ժամանակների գործող նախագահների նոմենկլատուրայի կաշին միայն ընդլայնվում է՝ վկան Աբրահամյան Հովիկի քաղաքապետ որդին, Ծառուկյան Գագիկի մարզպետ փեսան, Հարությունյան Գագիկի ԱԱԾ պետի տեղակալ եղբայրը կամ սոցապփոխնախարար քույրը։ Դավիթ Հարությունյանն էլ անձամբ կամ ընտանիքով ինչ-որ շինարարական կամ օդագնացության բիզնեսների մեջ են և ուզում են ընդլայնվել։ Հիմա սրանք ո՞նց կարող են դեմ խոսել նոր նախագծին։

Դավիթ Հարությունյանը «մտահոգ» է, որ ոչ-ականները չգիտեն, թե ինչ են անում։ Իսկ դուք որտե՞ղ եք կարդացել ոչ-ականների տեսակետը, մարդ Աստծո։ Եթե դուք լրատվամիջոցներում գոնե մեկ նախադասության տեղ թողնեիք նոր սահմանադրության նախագծի հանցավոր էջերը ներկայացնելու, զանգվածներն «անգիտակից» չէին լինի, պարոն Հարությունյան։ Դուք բոլոր «կանալները» փակել եք։ «Կենտրոն»-ո՞վ եք լսել նրանց տեսակետը, թե՞ «Երկիր Մեդիա»-ով։ Գուցե Հ1-ո՞վ կամ «Արարատ» հեռուստաընկերությա՞մբ։ Թե՞ «Արմենիա»-ով։ Փորձեմ ենթադրել, որ «Շողակաթ»-ով լսած կլինեք։ Դժվա՞ր։ Թե ձեր տանը հատուկ ոչ-ականների տեսակետը հաղորդող հեռուստաընկերություն կա։

Դուք նմանվում եք ստալինյան դատախազ Վիշինսկուն՝ մարդկանց դատապարտում եք առանց պաշտպանվելու տեղ թողնելու։ Կամ՝ ուզում եք ասել, որ նոր սահմանադրության նախագիծը Հայոց ցեղասպանության նման մի բան է, այն պետք է միայն ընդունել, երկրորդ կարծիք չկա՝ եղել է, թե չի եղել այդ ցեղասպանությունը։ Գուցե կայքերու՞մ եք կարդացել ոչ-ականների տեսակետը։ Մոնիտորի՞նգ եք արել։ 3-4 միջին հեղինակությամբ կայքերում ոչ-ականների տեսակետն այդքան մտահոգե՞լ է ձեզ։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև այնտեղ ձեր բարեփոխումների մասին ճշմարտությունն եք կարդում։ Դուք եթերից ոչ-ական գոնե կես տեսակետ չեք լսում և մեկնաբանում եք 3-4 կայքում կարդացածը։ Ու չեք կարողանում ձեր վախը թաքցնել։ Դուք վախենում եք, որ այդ ճշմարտությունը փողոց է դուրս գալու։ Չեք ուզում փողոց լցվի, որպեսզի հերթական անգամ ձեր բորենիությունը ցույց չտաք, որպեսզի Վլադիմիր Գասպարյանի «Ես Գասպարյան Վովան եմ» սոպրանոն ձեզ հերթական անգամ խայտառակ չանի։

Մտեք tert.am։ Ուշադիր ընթերցողը կնկատի, թե ինչպես եք քարոզարշավի հետ մեկտեղ ակնարկում, որ «բարեփոխումների» դեմ արտահայտվողի կոկորդը պատրաստ եք կտրել։ Այն, ինչ անում են ձեր կայքերը, ֆաշիզմ է։ Իսկ ի՞նչ է ֆաշիզմը։ Եվ հետո, ո՞վ ասաց, որ դուք ինքներդ շատ լավ եք հասկանում «սահմանադրական բարեփոխումների էությունը»։ Դեռ լավ է, որ անմիջապես հետո չեք ասում՝ մեկ էլ Խոսրով Հարությունյանն է լավ հասկանում։ Կարդացե՞լ եք նրա մտքերը՝ նոր սահմանադրությամբ նախագահի աթոռը չի դառնա կռվախնձոր։ Կամ՝ նոր սահմանադրությունն ընդդիմությանն առողջանալու հնարավորություն է տալիս։ Բա մենք սրա համա՞ր ենք հավաքվել։ Կերակրատաշտի բարձունքից արտահայտվող խելքը կերակրատաշտից հեռու ուղեղի հետ չի կարող բանավիճել։ Նրանք միշտ տարբեր բաներից են խոսելու։ Մեկի համար կերակրատաշտը նպատակ է, մյուսն ընդհանրապես այդ մասին չի խոսում։ Ինքը տեքստում էություն է փնտրում, դուք փնտրում եք հացի ապագան։ Հիմա իրար կողք դրեք էությունը և հացը։ Քաղաքացին ասում է՝ ոչ միայն հացիվ, դուք ասում եք՝ ստոպ, մենք մեր հացի տերն ենք։

Դուք վախենում եք ոչ թե քաղաքացու «անհասկացողությունից», դուք ուղղակի ըմբոստությունը փորձում եք կտրել փողոց դուրս գալուց։ Դուք ուզում եք ասել, որ դրանք տարբեր բաներ են։ Ուզում եք փողոցները «մաքուր» պահել, որ «կոնսոլիդացիան» հնչի։ Ուզում եք ըմբոստությունը սարքել կամերային երևույթ, այսինքն, ամեն մեկն իր տանը ըմբոստանա։

Ձեռքի հետ 1in.am-ով առանց հոգնելու քաղաքացու առաջ եք շպրտում Ռոբերտ Քոչարյանի ուրվականը։ Իբր եթե նոր սահմանադրությունը չանցավ, նա է գալու։ Ռոբերտ Քոչարյանն, ընկերներ, Սերժ Սարգսյանի թիվ մեկ սարսափն է։ 2007-ին մարդկանց վախեցնում էիք «մութ ու ցուրտ» տարիներով։ Պարզվեց՝ Տեր-Պետրոսյանը դրա հետ կապ չունի։ Հիմա վախեցնում եք մարտի 1-ով։ Մարտի 1 արած Քոչարյանն ինչու՞ է ուզում վերադառնալ։ Նա լիքը այլ պատճառներ ունի վերադառնալ չկարողանալու՝ Պողոս Պողոսյան, Ա1+, Հյուսիսային պողոտա։ Բայց հենց մարտի 1-ի պատճառով է, որ նա հանգիստ խղճով է ուզում վերադառնալ, որովհետև գիտի, որ գոնե այդ արյան հետ ինքը կապ չունի։ Ինքը գիտի, որ մարտի 1-ի գաղափարախոսը Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանն էլ սա գիտի։ Որովհետև վերջինս միշտ էլ կրակելու գաղափարախոս է եղել։ Հիշում եք՝ նա էր Տեր-Պետրոսյանին առաջարկում 96-ի սեպտեմբերի 26-ին կրակել ժողովրդի վրա։ Վազգեն Մանուկյանը սա լավ գիտի։ Առանց հացի խնդրի ինքը նույնպես ոչ-ական է։ Շավարշ Քոչարյանն էլ է ոչ-ական։ Բոլոր այո-ականներից հանեք սեփական կաշին, անմիջապես կդառնան ոչ-ական։ Սակայն ոչ մի ոչ-ական սեփական կաշվից ազատվելու խնդիր չունի, որպեսզի մնա այդպիսին։ Սա է վախեցնում Դավիթ և Խոսրով Հարությունյաններին։ Նրանք հասկացել են, որ մի քանի բուհ են ավարտել, բայց հացի խնդիրը կարևորելուց ավելի բարձր աշխարհայացքային թռիչք կյանքում չեն ունեցել։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում