Գլխավոր Լրահոս

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ցեղասպանության մասին Հայաստանի ներկայացրած բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ցեղասպանության մասին Հայաստանի ներկայացրած բանաձևը
Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձև, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից: Բանաձևը գալիս է լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները: ՄԱԿ-ի 84 համահեղինակ անդամ պետությունների անունից ներկայացնելով բանաձևը` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության գործած ամենասարսափելի ոճրագործությունն է, որը դարձել է միլիոնավոր մարդկանց նահատակման պատճառ: «Մենք հավատացած ենք, որ միջազգային օրը կարևոր հարթակ կհանդիսանա զոհերի հիշատակման միջոցով՝ ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար», - ասել է դեսպան Մնացականյանը։ Բանաձևով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը։ Վերահաստատելով 1948թ. կոնվենցիայի նշանակությունը, որպես ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատասխանատվության միջազգային կարևորագույն փաստաթուղթ, Գլխավոր ասամբլեայի բանաձևն ընդգծում է ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարևոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Բանաձևով վերահաստատվում է յուրաքանչյուր պետության պատասխանատվությունը` պաշտպանելու բնակչությանը ցեղասպանությունից և դրա հրահրումից։ Բանաձևում նաև ամրագրվում է ցեղասպանության անպատժելիության դեմ պայքարը` որպես կանխարգելման կարևորագույն գործոն։ Բանաձևը խրախուսում է պետություններին, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանն ու անհատներին նշել միջազգային օրը` ՄԱԿ-ի 1948թ. կոնվենցիայի, ցեղասպանության դեմ պայքարի և կանխարգելման հարցում դրա նշանակության բարձրացման ու իրազեկման նպատակով, ինչպես նաև հանուն ցեղասպանության զոհերի հիշատակի ու հարգանքի։ Իր ելույթում դեսպան Մնացականյանը նաև նշել է, որ միջազգային օրվա հռչակման միջոցով փորձ է արվում վարձահատույց լինել ցեղասպանության զոհերի ճակատագրի նկատմամբ անցյալում ցուցաբերված անտարբերության համար: Նա նշել է, որ ժխտողականությունը նաև խոցում է ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, և խաթարում հաշտեցմանն ուղղված իրական ջանքերը։ Դեսպանն անդրադարձել է անդամ պետությունների պատասխանատվությանը` կառուցելու այնպիսի ամուր մի համակարգ, որը կսանձի ապագայում հնարավոր ցեղասպանության ոճրագործներին։ «Դա կլինի ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ճանապարհը»,- իր ելույթն ամփոփել է Զոհրաբ Մնացականյանը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում