Գլխավոր Լրահոս

«Չեխական ավիաուղիները» վերսկսում է Երևան-Պրահա չվերթները

«Չեխական ավիաուղիները» վերսկսում է Երևան-Պրահա չվերթները

«Չեխական ավիաուղիներ» ընկերությունը նախատեսում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 13-ից վերամեկնարկել Երևան-Պրահա չվերթները:

Ինչպես հաղորդում են ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի ծառայությունից, ներկայում երթուղին շահագործվելու է բացառապես սեզոնային եղանակով` որոշակի  կարճ ժամանակահատվածում` ապահովելով Սուրբ ծննդյան և Նոր տարվա ավանդական տոնակատարությունների ժամանակ փոխադրումները: Երևան-Պրահա միակողմանի ավիատոմսի արժեքը կլինի` սկսած 89 հազ. դրամից, իսկ երկկողմանի տոմսերի արժեքը` սկսած 162 հազ. դրամից, ներառյալ` հարկերը և վճարները:

«Չեխական ավիաուղիները» կոնկրետ օրերի համար` 2015թ. դեկտեմբերի 26-ին, 2016թ. հունվարի 2-ին և 16-ին կավելացնի շաբաթական երրորդ հաճախականությունը` շաբաթ օրերին:

«Ներկայում Չեխական ավիաուղիների երևանյան չվերթներն իրականացվելու են 2015թ. դեկտեմբերի 13-ից մինչև հունվարի 16-ը: Փորձելով վերականգնել դեպի Երևան չվերթները` մենք պետք է շատ ուշադիր լինենք` կիրառելով փուլ առ փուլ մոտեցում, քանի որ Հայաստանի շուկան չափազանց զգայուն է գնի նկատմամբ, իսկ փոխադրումների պահանջարկը, սեզոնով պայմանավորված, շատ անհավասարակշիռ է,- ասում է «Չեխական ավիաուղիների» կոմերցիոն, միավորման և մարկետինգի գծով տնօրեն Ժան Տոթը: - Ինչ վերաբերում է չվերթների հետագա իրականացմանը, մենք ուսումնասիրել ենք 2016թ. ամռանը չվերթների իրականացման տարբեր մոդելներ, սակայն դեռ որևէ մոդել չի ընտրվել: Ամռանը չվերթների իրականացումը պետք է շատ լրջորեն ուսումնասիրվի, և դրական որոշում կարող է կայացվել, եթե այն տնտեսապես արդարացված է երթուղու սպասարկման ամբողջ ժամանակաշրջանի համար»:

***

Հայաստանի ավիափոխադրումների շուկան ազատականացվել է 2013թ. վերջին՝ հիմնված McKinsey խորհրդատվական ընկերության և Ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության վրա:

Չնայած բաց երկնքի քաղաքականությանը՝ միջազգային մի շարք խոշոր ավիաընկերություններ, այդ թվում` «Չեխական ավիաուղիները», Արաբական Միացյալ Էմիրությունների Etihad Airways-ը, լեհական LOT-ը հայտարարել էին Հայաստանից հեռանալու մասին: Վերջերս հայտնի դարձավ, որ LOT-ը 2016թ. հունվարի 1-ից կվերսկսի Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքների իրականացումը:

Ներկայում, չնայած ազատականացմանը, միջազգային ուղղությունների մեծ մասով Երևանից թռիչքները էապես թանկ են, քան Թբիլիսիից: Հայաստանցիներից շատերի համար Թբիլիսին դարձել է արտասահման մեկնելու դարպասը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում