Գլխավոր Լրահոս

Մուսա Լեռան հեքիաթ. «Երախտագէտ կենդանիները»

Մուսա Լեռան հեքիաթ. «Երախտագէտ կենդանիները»
Հայերը հավաքվել են դարավոր չինարի ծառի մոտ՝ Մուսա լեռան Խդրբեկ գյուղի մոտ: Լուսանկարը՝ houshamadyan.org-ից: Սեպտեմբերի 19-ին մուսալեռցիները, և ոչ միայն, հավաքվում են իրենց նոր Մուսալեռ գյուղում եփելու ավանդական հարիսան: Այս տարի այդ օրը առավել խորհրդանշական է. 2015-ը ոչ միայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, այլև Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակը: Մուսա լեռան հարուստ ավանդույթների վկայությունն է մուսալեռցիների բանահյուսությունը: ՍիվիլՆեթը ներկայացնում է Մուսա Լեռան հեքիաթներ: «Մուսա Լերան ժողովրդական հեքիաթներ»-ի ժողովածուն հրատարակվել է 1973թ., Բեյրութում: Դրանք հավաքել և մշակել է Սոնա Զեյթլյանը: *** Ժամանակին փայտահատ մը, հազիւ անտառ հասած, «օգնութի՜ւն» կանչող խուլ ձայն մը լսեց: Ձայնին ուղղութեամբ առաջացաւ եւ ինքզինք գտաւ խոր ու մութ փոսի մը առջեւ: -Օգնութի՜ւն,-կ’աղերսեր ձայնը,- անհատնում հարստութեանս կէսը հալալ կ’ընեմ անոր, որ զիս ազատէ: Փայտահատը անմիջապէս մէջքի պարանը քակեց ու ցած նետելով կանչեց. -Անհո ՛գ եղիր, բարկա ՛մ, պարանին ծայրը պինդ բռնէ ու ինծի ապավինէ: Այս ըսելով ամբողջ ուժով քաշեց: Մէկէն օձ մը նետուեցավ փոսէն դուրս եւ ակնթարթի մէջ անհետացաւ: Մարդը սարսափահար մէկ կողմ քաշուեցաւ, սակայն օգնութեան աղաղակները շարունակուեցան: -Ամա՜ն, ամբողջ կարավան մը` քառասուն ուղտի բեռ մետաքս ու ապրշում հալալ կ’ընեմ անոր, որ զիս ազատէ: Գիւղացին սիրտը պնդացուց, զգուշաւոր քայլերով մօտեցաւ փոսին, պարանը երկրորդ անգամ ըլլալով վար նետեց ու ամբողջ ուժով քաշեց: Այս անգամ կապիկ մը դուրս ցատկեց ու իսկոյն կորսուեցաւ: Գիւղացին շշմած` մէկ կողմ կծկուեցաւ, սակայն օգնութեան կանչերը աւելի ՛ աղեկտուր դարձան: -Ամա՜ն, շնչահեղձ եղայ, կալուածներուս կէսը հալալ կ’ընեմ անոր, որ զիս ազատէ: Գիւղացին երեսը խաչակնքեց, իրեն ծանոթ սուրբերը օգնութեան կանչեց ու պարանը երրորդ անգամ ըլլալով վար նետեց: Սակայն այս անգամ ալ առիւծ մը մռնչելով դուրս խոյացաւ ու արագորէն հեռացաւ: Փայտահատը ծառ մը մագլցեցաւ ու այլեւս չհամարձակեցաւ վար իջնել, մինչդեռ փոսին խորերէն եկող ձայնը հետըզհետէ աւելի մեծ խոստումներ կ’ըներ: Լուսանկարը՝ musaleranjar.com-ից: -Օգնութի՜ւն, զիս փրկողը մինչեւ մահ հանգիստ ու երջանիկ պիտի ապրի: Ափ ու չափ չունեցող(**)  հարստութեանս կէսը իրեն հալա ՛լ կ’ընեմ: Օրուան հացի կարօտ, բազմանդամ ընտանիքի տէր փայտահատը չդիմացաւ, ծառեն իջաւ ու չորրորդ անգամ ըլլալով պարանը վար ձգեց: Այս անգամ միջին տարիքի, իշխանական հագուստ-կապուստով մարդ մը երեւաց փոսին բերանը, տարօրինակ նայուածքով դիտեց իր ազատարարը, ապա, լայն շունչ քաշելով, շտապ քայլերով հեռացաւ: Գիւղացին շքեղ հագուստ-կապուստէն այնքան տպաւորուեցաւ, որ մտքէն իսկ չանցուց իր փրկած մարդուն տուած խոստումները յիշեցնել, գէթ ուր բնակիլը հարցնել: Յաջորդ օր` մութնուլուսուն, փայտահատը կպատրաստուէր գործին երթալու, երբ յանկարծ օձ մը, կապիկ մը եւ առիւծ մը յայտնուեցան. -Բարի ՛ մարդ, - լեզու ելաւ օձը` բերնէն անգին քար մը ձգելով, - զիս լոյս աշխարհ հանելուդ համար, մէկ օրդ հազար ըլլայ, հոգ ու ցաւ չունենաս: Կապիկը ուսէն մաթուզենիի (*) փայտէ շալակ մը վար առաւ ու իր կարգին մաղթեց. -Բարիքներն ու օրհնութիւնը տունէդ անպակաս ըլլան: Իսկ առիւծը քառասուն ոչխար առաջ քշելով աւելցուց. -Հող որ բռնես, ոսկի դառնայ: Գիւղացին խորապէս զգածուեցաւ. որո՞ւ մտքէն կանցներ, որ կենդանիները բարիքը չեն մոռնար: Օր գնաց, օր եկաւ, գիւղացին որոշեց օձին նուիրած գոհարը քաղաք տանիլ ու ծախել: Հազիւ ոտքը դրաւ ոսկերիչներու մեծ շուկան, դատարկապորտ մը զինք նշմարեց ու իսկոյն մօտեցաւ: -Հոս ի՞նչ գործ ունիս, ա ՛յ մարդ: Գիւղացիները ցորենի շուկան կ’երթան եւ ոչ թէ ոսկիի: -Բայց ես գոհար մը ունիմ ծախելիք: -Գոհա՜ր,-բացականչեց միւսը ու գիշատիչ թռչունի նման խոյացաւ իր զոհին վրայ: -Եկուր, քեզ ամենամեծ վարպետին քով տանիմ: Եւ միամիտ գիւղացիին թեւէն քաշելով տարաւ ցած ու մութ խանութ մը: «Վարպետը» խոշորացոյցը աչքին դրաւ, գոհարը քննել ձեւացուց եւ յանկարծ ոտքի ցատկեց. -Այս քարը ի’մս է, այս քարով է, որ թագաւորին աղջկան մատանի պիտի շինէի: Ղուրպան ըլլամ զօրութեանդ, ո՜վ արդարադատ Տէր, գողը իր ոտքով խանութս բերիր: -Ի՞նչ գող, - զարմացավ գիւղացին` աչքերը լայն-լայն բանալով,-այս գոհարը օձը ինծի նուիրեց: -Հա ՛, հա ՛, հա ՛, ո՞վ է լսեր, որ օձը նուէր տայ, այդ սուտերդ դատաւորին կլլեցուր: Լուսանկարը՝ houshamadyan.org-ից: Խեղճ գիւղացին դատարան քաշքշեցին: Դատաւորը երկար հարցուփորձ ըրաւ, սակայն փայտահատը միշտ նոյն պատասխանը տուաւ. -Ես կեանքիս մէջ գողութիւվ չեմ ըրած, չոր հաց կերած` ուրիշին ունեցածին ձեռք երկարած չեմ: Այս գոհարը օձը ինծի նուիրեց: Ի վերջոյ դատաւորը ըսաւ. «Ա ՛յ մարդ, հոս դատարան է, ըսածդ ապացուցանելու համար վկայ ունի՞ս»: -Մե ՛նք ենք իր վկաները,- յանկարծ լսուեցաւ երախտագէտ կենդանիներուն ձայնը եւ իրարու ետևէ եկան օձը, կապիկն ու առիւծը: Դատաւորը պահ մը զարմացած լռեց, ապա ըսաւ. -Դատարանը մարդու վկայութիւն կ’ընդունի միայն: -Ուրեմն, սպասէ, - ըսին կենդանիները միաբերան եւ դուրս եկան: Շատ չանցած` վերադարձան քաղաքին յայտնի կարաւանատիրոջ հետ: Մարդը յայտնապես դժգոհ էր ու կ’ուզէր խոյս տալ, սակայն կենդանիները զինք շրջապատած էին: -Այս գիւղացին կը ճանչնա՞ս,-հարցուց դատավորը: -Չեմ կարծեր,-կմկմաց կարաւանատէրը: -Չե՞ս կարծեր,-ֆշշաց օձը,- այսքան շու՞տ մոռցար, որ հարստութեանդ կէսը ա ՛յս մարդուն խոստացար, երբ պարանը ե ՛ս խլեցի ու փոսին մեջէն դուրս եկայ: -Ամբողջ կարաւան մը` քառասուն ուղտի բեռ մետաքս ու ապրշում խոստացար ա ՛յս մարդուն, երբ պարանը ե ՛ս խլեցի ու լոյս աշխարհ ելայ,- ավելցուց կապիկը: -Կալուածներուդ կեսը կէսը ա ՛յս մարդուն խոստացար, երբ պարանը ե ՛ս խլեցի ու հոգիս ազատեցի,- մռնչեց առիւծը: Եւ կենդանիները սպառնալից սպասեցին: Ճարահատ` կարաւանատէրը խոստովանեցաւ… Արդարութիւնը հաստատուեցաւ: Դատարկապորտն ու իր մեղսակիցը զնտան նետուեցան, իսկ կարաւանատէրը հարկադրուեցաւ տուած խոստումները յարգել: Աղքատ փայտահատը դարձավ յայտնի մեծատուն, իսկ օձը, կապիկն ու առիւծը դարձան իր ընդարձակ կալուածներուն հաւատարիմ պահակները: *մաթուզենի - մշտադալար, գեղեցկատերեւ , կարմիր կեղեւով, համեղ պտուղներով ծառ, որուն փայտը ճեպէլ-մուսացիները կը գործածէին սանտրագործութեան եւ դգալագործութեան համար **Ափ ու չափ չունեցող - անսահման
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում