Էլեկտրաէներգիայի սակագինն արդեն գործում է, դրա վերաբերյալ վերջնական դիրքորոշում կառավարությունը կունենա հանձնաժողովում կատարվող ուսումնասիրություններից հետո. սեպտեմբերի 17-ին կառավարության նիստից հետո հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (ՀԷՑ) 100 տոկոս բաժնետոմսերի օտարման մասին հարցերին:
Դիտարկմանը, թե որտեղի՞ց նման համոզմունք, որ սակագինը չի վերանայվի, եթե ուսումնասիրությունները դեռ ավարտված չեն, նախարարը, tert.am-ի փոխանցմամբ, պատասխանել է. «Սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե սակագինն այսօր գործում է»:
ՀԷՑ-ի սեփականատեր ռուսական «Ինտեր Ռաօ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը դիմել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու համար: Կառավարության որոշման համաձայն՝ ՀԷՑ-ի գնորդը կիպրոսյան օֆշորում 2010թ. նոյեմբերի 30-ին գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունն է:
Հարցին, թե օֆշորային գոտում գրանցված այս ընկերության հետ կապված «մտավախություն չկա՞, որ կարող է կրկնվել Նաիրիտի պատմությունը», Երվանդ Զախարյանը պատասխանել է, որ կառավարությունը նման մտավախություն չունի, քանի որ դեռ «պետք է ուսումնասիրվեն բոլոր փաստաթղթերը, որից հետո ինքը կպատասխանի բոլոր հարցերին»:
***
ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն ստեղծվել է 2002թ. ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է: ՀԷՑ-ը ստեղծվել է Հայաստանում գործող չորս էլեկտրաբաշխիչ ընկերությունների միաձուլման արդյունքում: «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրացմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն է:
Civilnet











