Ռուսական «Կոմերսանտ» թերթը պարզել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) գնելու գործարքի հետևում կանգնած են Սամվել Կարապետյանի ղեկավարած «Տաշիր» ընկերությունների խմբին մոտ կառույցներ:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարվեց, որ ՀԷՑ-ի սեփականատեր «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը [պատկանում է ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին] դիմել է ՀՀ կառավարությանը` ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» (Liormand Holdings ltd) ընկերությանը, որը գրանցված է կիպրոսյան օֆշորում: Հայաստանի պաշտոնյաները հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, թե ովքեր են կանգնած գործարքի հետևում:
«Կոմերսանտը» գրում է, որ Կիպրոսում գրանցված Liormand Holdings ltd-ի սեփականատեր ընկերությունների շղթան տանում է մինչև Marcuard Heritage, որը ակտիվների կառավարման ընկերություն է: Այն գրասենյակներ ունի Մոսկվայում, Ցյուրիխում, Սինգապուրում և այլ քաղաքներում: Marcuard Heritage-ը հիմնադրվել է 2003թ.՝ Ադրիան Գուլդեների, Սինան Բոդմերի (գլխավոր տնօրեն) և Հանս-Յորք Ռուդլոֆի կողմից: Այս երեքն էլ տարիներ շարունակ սերտորեն կապված են եղել Ռուսաստանի հետ: Իսկ Սինան Բոդմերը «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ մտնող «Ֆորա բանկի» տնօրենների խորհրդի անդամ է:
«Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ հենց Սամվել Կարապետյանն է ՀԷՑ-ի իրական գնորդը: «Տաշիր» ընկերությունների խմբում չեն մեկնաբանել, թե արդյոք հետաքրքրված են ՀԷՑ-ով, և արդյոք կա համագործակցություն Marcuard Heritage-ի հետ:
«Ինտեր ՌԱՕ»-ն արդեն հոկտեմբերի վերջին կարող է ավարտել ՀԷՑ-ը վաճառելու գործարքը: «Կոմերսանտի» տեղեկություններով՝ «Ինտեր ՌԱՕ»-ին ՀԷՑ-ը գնելու ընդունելի առաջարկ արել է Marcuard Heritage-ը:
***
ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն ստեղծվել է 2002թ. ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է: ՀԷՑ-ը ստեղծվել է Հայաստանում գործող չորս էլեկտրաբաշխիչ ընկերությունների միաձուլման արդյունքում: «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրացմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և մյուս քաղաքներում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի:
Օգոստոսի 13-ին հայտարարվեց, որ ՀԾԿՀ-ին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացնելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ն: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը կառավարության սեպտեմբերի 10-ի նիստին հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի վերջ հայտնի կդառնա` հիմնավոր է էլեկտրաէնրգիայի սակագնի բարձացումը, թե ոչ:
Civilnet











