Գլխավոր Լրահոս

Մոռացե՛ք Սասունցի Դավթին

Մոռացե՛ք Սասունցի Դավթին

Մարդիկ, դուք ուզում եք հասկանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանն անսասա՞ն։ Ինչո՞ւ նրան տապալել չի ստացվում։ Ի՞նչ աներեւակայելի ուժ է այս մարդուն պահում անխորտակ։ Մեր շենքի բնակիչները ոչ մի հանրահավաքի չեն մասնակցել։ Ամեն օր ինձ հարցնում են՝ այդ մարդուն վերջ կա՞։ Մեկին հարցնում եմ՝ եթե ձեր տանից ոսկի են գողացել, ի՞նչ ես անում։ Ասում է. «Մլիցա եմ տալիս»։ Ես չեմ շարունակում։ Որովհետեւ նախ քարոզիչ չեմ, երկրորդ, ուզում եմ՝ ինչ-որ բան ինքնուրույն հասկանա։

 

Մի անգամ մի մուրացիկի փող թողնելիս միամտություն ունեցա գրպանիցս հանել մի քանի հազար դրամ, որպեսզի ձեռքս հասնի մետաղադրամներին։ Հետո նրա ափի մեջ դրեցի 200 դրամ։ Ասեց՝ տղա ջան, մի հարց տամ, ինչո՞ւ հազարանոց չես տալիս։ Ասեցի՝ որովհետեւ իմ հազարանոցով կփակեմ մյուսների ողորմածության դաշտը։ Մեծ մարդ էր, ինքը ժպտաց, ես անցա։ Այս մուրացիկն ուզում էր մի հազարանոցով իր օրվա հարցը լուծել։ Կամ այդպես էր պատկերացնում։ Մինչդեռ մուրացիկությունը նույնպես ողորմացողի գործունեության դաշտ է՝ քաղցկեղով հիվանդ երեխայի համար արվող հանգանակությունը բոլորի ողորմածության արտահայտվելու համար է։ Այդպես էլ հանրահավաքներն են։

Պետությունը ձեզնից փրկություն է մուրում։ Որովհետեւ նրա քաղաքացիական արտահայտման բոլոր ինստիտուտների դրսեւորման դաշտերը փակվել են։ Մնացել է, Շիմոն Պերեսի բառերով ասած, ամենակարեւոր հարստությունը՝ մարդը։ Իսկ մարդը տանը նստած է։ Մինչդեռ այդ ինստիտուտները նրան են վերաբերում։ Ինքը չի կարողանում ընտրություն անել, նրան ապականում են 5 հազար դրամով, ինքը չի կարողանում դատական կարգով խնդիր լուծել, դատավորը քաղաքացու հետ չի աշխատում, այլ՝ իրենից ավելի վեր կանգնածի հետ։ Ինքը չի կարողանում իր տան տերը լինել, գալիս ասում են՝ ձեր տունը հանրային գերակա շահ է ու քանդում են։ Ինքը չի կարողանում ասել, որ Սահմանադրություն փոխելու հարց չի դրել վերջին գոնե 10 տարում։ Իր քաղաքացիական եւ քաղաքական ինստիտուտներով ամրագրված լռությունը բանի տեղ դնող չկա։ Ինչ-որ մեկը հեռուստացույցով ելույթ է ունենում, ասում է, որ ուզում է փոխել։ Գնա ու քեզ կոտորիր։ Բայց, չէ, մարդը գիշերվա 9-ին աշխատանքից տուն վերադարձող լրագրողին կանգնեցնում ու ասում է՝ սրանց վերջ չկա՞։ Չէ, չկա, մարդիկ։

 

Որովհետեւ ձեր աչքի առաջ է պետությունն այս օրը ընկել։ Ձեր աչքի առաջ են մարտի 1 արել։ Ձեր աչքի առաջ են ձեզ զրկել երկրորդ կարծիք լսելու սահմանադրական իրավունքից, ձեր աչքի առաջ է մոնոպոլիզացվել հեռուստա եւ ինտերնետ լսարանը, ձեր աչքի առաջ է Գագիկ Խաչատրյանը նախարար, իսկ Հովիկ Աբրահամյանը՝ վարչապետ, ձեր աչքի առաջ է թանկացել գազը, էլեկտրաէներգիան, ու դրա համար ոչ ոք հաշիվ չի տվել, ձեր աչքի առաջ են բոլոր դպրոցների տնօրենները հանրապետական։ Սրանք գաղտնի ոչինչ չեն արել։ Ձեր աչքի առաջ ընտրություններից հետո բացառեցին ընտրացուցակների հրապարակումը։ Դա ձեզ հետաքրքիր չէ՞ր։ Հիմա ինչու՞ է ձեզ այդքան հետաքրքիր Սերժ Սարգսյանի հեռացումը։ Թե՞ կարծում եք՝ ընտրացուցակների հրապարակումն ու ՀՀԿ ղեկավարի խորտակումը տարբեր բաներ են։

Ձեր աչքի առաջ ու ձեր հաշվին է անխորտակ Սերժ Սարգսյանը, որ այս ամենի հեղինակն է։ Էս մարդիկ ձեր տներն են մտել, ձեր տնից գողություն են արել ու, ավելին, չեն հեռացել, ձեր աչքի առաջ շարունակում են գողությունը։ Դուք «մլիցա» դիմելու իմաստն եք կորցրել, էդ մարդիկ դարձել են ձեր տան «հինգերորդ եղանակը»։ Իսկ հիմա կանգնել ու մտածում եք, թե ինչու՞ է տնից պակասում հացը, եթե ուտող բերան չի ավելացել։ Էդ «չուտող» բերանն իրենք են. հացը պակասելու է, ուզում եք չորս տեղ աշխատեք։ Վարակը մտել է ձեր տուն, դուք ուզում եք տնից դուրս պայքարել դրա դեմ։ Ընդդիմության սակավամարդ հանրահավաքները ձեզ համար օրինաչափություն են։ Ձեր աչքի առաջ է իշխանությունը հավաքելու «Այո»-ի տասնյակ հազարանոց հանրահավաքներ։ Այս ամենին դուք ականատես եք լինելու, մտնելու եք սոցիալական ցանցեր ու կարդալու եք հայհոյանքներ էդ հանրահավաքները հրավիրողների եւ դրանց գնացողների հասցեին։ Իսկ գնացողներն ովքե՞ր են՝ հարեւան Վրաստանի քաղաքացինե՞րը։ Ձեր բարեկամներն են, այսինքն, համարյա թե՝ դուք։ Միջին դաս չկա, մինչդեռ դուք էիք միջին դասը։ Հիմա ո՞վ եք դուք։ Իրենք մեթոդաբանորեն, հետեւողականորեն, մեծ համբերությամբ են կերտել ձեր հնազանդությունը։

 

Այնքան ճշգրիտ են դա արել, որ դուք, ոչ թե իշխանությունն է ասում՝ գնանք հանրահավաքի, որ արյու՞ն թափվի։ Ո՞վ է թափելու այդ արյունը։ Դու՞ք։ Իշխանությունն անձամբ ձեզ ասե՞լ է, որ ինքն արյուն է թափելու։ Եթե ասել է՝ ի՞նչ գործ ունի իշխանության մեջ, եւ դուք ի՞նչ գործ ունեք ձեր տանը, եթե չի ասել՝ որտեղի՞ց որոշեցիք, որ արյուն է թափվելու։ Մարտի 1-ն իր պետության խարանը չհամարողի արտահայտություն է «արյուն է թափվելու» խոսքը։ Բա պիտի սպառնան։ Իրենք նույն հարցերը չեն լուծում, ինչ՝ դուք։ Հիմա էս պետությունը մեր մուրացիկն է, մարդիկ։ Ոչ ոք միայնակ չի կարողանալու փրկել այն, մոռացեք Սասունցի Դավթի մասին։ Քաջ Նազարների անսասանությունը սասունցիդավիթություն չի ենթադրում։ Սասունցի Դավիթը պետական երեւույթ չէ, այն նախորդում է պետական երեւույթին, Սասունցի Դավթից կարող է սկսվել պետությունը, մինչդեռ Քաջ Նազարը կարող է լինել պետության ծնունդ։ Մենք մեր Քաջ Նազարին ծնել ենք, հիմա պետությունն ասում է՝ գուցե մի բան անե՞ք։ Փողոց դուրս չգալով դուք ուզում եք ասել, որ մուրացիկ չունեք, դուք թույլ տվեցիք, որ էս պետությունը դառնա մուրացիկ, հիմա մտածում եք, որ կարող է արյուն թափվել։ Արյունը թափվել է Սասունցի Դավթի օրոք, մնացած բոլոր դեպքերում դա մարդասպանություն է։ Եթե մարտի 1-ի համար պատասխան չեն տվել, դուք նույնպես մտածելու բան ունեք, որովհետեւ ձեր լռությունը զոհերի հանդեպ ձեր ողորմածության պակասն է։ Փողոցն անտեր թողնելը հենց ձեր մեջ է ընդլայնում ապագա Քաջ Նազարին, որովհետեւ անտեր փողոցի այլընտրանքը Սերժ Սարգսյանին կառավարման կուռք ընկալելն է, հաջորդ Սերժ սարգսյան լինելն է, որովհետեւ ձեր «իդեալները» արդեն վխտում են Հայաստանի Հանրապետությունում՝ Գագիկ Խաչատրյան, Սամվել Ալեքսանյան, Ալեքսանդր Սարգսյան, Միհրան Պողոսյան եւ այլք։ Որոշեք, մարդիկ, ձեզ պետություն պե՞տք է, թե՝ ոչ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում