Գլխավոր Լրահոս

Ինչու անկախության տոնը չի գալիս մեր տուն

Ինչու անկախության տոնը չի գալիս մեր տուն

Հերթում ինձնից առաջ մի ծերունի էր կանգնել: Նա բարձրաձայն ասում էր, որ դեմ է քվեարկում Հայաստանի անկախությանը: Նոր Նորքի զանգվածի ուսանողական հանրակացարանների հարևանությամբ գտնվող 18 հարկանի շենքի առաջին հարկում այս ծերունին դուրս էր եկել մարդկային մի հոսանքի դեմ, որը գնում էր մեկ, միայն մեկ ուղղությամբ:

24 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը, այդ թվում մարդկային հոսանքի դեմ դուրս եկած ծերունին, ընտրեց անկախ պետականության կերտման ուղին: Դրանք ռոմանտիկ, երանելի ժամանակներ էին, թեև շատերի մոտ կային լուրջ մտահոգություններ երկրի ապագայի հանդեպ:

Կարո՞ղ է Հայաստանը միայնակ ապրել առանց Ռուսաստանի:

Կարո՞ղ է Հայաստանը միայնակ դիմակայել Ադրբեջանին ու Թուրքիային:

Ինչպե՞ս է կարգավորվելու ղարաբաղյան հակամարտությունը:

Կարո՞ղ է Հայաստանը տնտեսապես կենսունակ պետություն դառնալ:

Հարցերը սրանցով չէին սահմանափակվում, իսկ պատասխաններ չկային ու չկային:

Մյուս կողմից, սակայն, այս հարցերը՝ միասնաբար կամ առանձին, ունեին մեկ պատասխան՝ անկախությանն այլընտրանք չկար:

Մոլորակի մեկ վեցերորդ մասն զբաղեցնող Խորհրդային Միության փլուզումը հնարավորություն տվեց միութենական 15 հանրապետություններին, որոնցից տարածքով ամենափոքրն ու քարքարոտը Հայաստանն էր՝ անարյուն, առանց լուրջ ցնցումների հասնել անկախության:

24 տարի առաջ սեպտեմբերի 21-ին ընտրական իրավունք ունեցող Հայաստանի բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Այն օրերին Հայաստանի անկախությանը դեմ քվեարկել նշանակում էր մարտահրավեր նետել, դա, կարելի է անգամ ասել, դավաճանության նման մի բան էր ընկալվում:

24 տարիներին ունցանք նվաճումներ ու կորուստներ: Ու քանի որ այս օրը բոլորը կամ գրեթե բոլորը գրում են նվաճումների մասին, ես պիտի գրեմ կորուստների ու ձախողումների մասին, որովհետև ամեն սեպտեմբերի այս օրը հերթում կանգնած ծերունին իմ աչքի առաջ է:

24 տարիների ամենամեծ կորուստը Հայաստանից մեկուկես միլիոն հայերի հեռանալու իրողությունն է: Խորհրդանշական թիվ է, համաձայնեք: Ճիշտ այդպես՝ մեկուկես միլիոն պանդուխտներ: Գուցե ինձանից առաջ կանգնած ու դեմ քվեարկած ծերունին էլ է այս կյանքից հեռացել պանդխտության ճանապարհին: Մաթեմատիկական ինչ հաշվարկ էլ կատարենք, ստացվելու է, որ ավելի քան 99 տոկոս կողմ քվեարկածների կեսը Հայաստանի անկախությունը նշում է, չի նշում, հիշում է կամ չի հիշում հայրենիքից դուրս՝ պանդխտության ճանապարհին:

Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրները պետականության հիմքում դրեցին համամարդկային գաղափարներ՝ ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետության կառուցում, ազատ տնտեսական հարաբերությունների հաստատում, երրորդ ուժերի թելադրանքից զերծ արտաքին քաղաքականություն, ազատ և անկախ մամուլ: Սակայն այդ գաղափարների մեծ մասը վարկաբեկվեց հենց 1990-ական թվականներին՝ հղկվելով ու կատարելագործվելով «մթի ու ցրտի» տարիներին հաջորդած «լուսավոր ու ջերմ» ժամանակներում:

24 տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի անկախությունը Հայաստանի քաղաքացիների համար դառնար արժեք: Ամեն տարի սեպտեմբերի 21-ը նշվում է պետականորեն, այդ օրը ոչ աշխատանքային է, սակայն համահայկական տոնը չի վերածվում համաժողովրդականի: Անշուշտ, անկախության հաստատման ճանապարհը ենթադրում է նաև զրկանքներ ու անվերադարձ կորուստներ անկախության ձգտող ժողովրդի համար, սակայն այդ զրկանքներն ու կորուստները չպետք է լինեին միայն ժողովրդի մեկ՝ ոչ իշխանական հատվածի հաշվին:

Այսօր էլ, անկախության հաստատումից 24 տարի անց բնակչության մի հատված դեռ երանի է տալիս խորհրդային ժամանակներին: Դրա պատճառը այն հոռի բարքերն են, որոնք եկան անկախության հենց առաջին օրերից և դարձան մեր կյանքի ու կենցաղի անքակտելի մասը: Դա և՛ կոռուպցիան է, և՛ մարդու իրավունքների համատարած ոտնահարումը, և՛ պարբերաբար կեղծվող ընտրությունները, անարդարությունը, սոցիալական խիստ շերտավորումը, որոշ դեպքերում` թշվառությունը:

Անկախության տոնը չի մտնի մեր ընտանիք և կշարունակվի նշվել պաշտոնապես միայն, քանի դեռ ընտրությունները չեն անցնում արդար, քանի դեռ երկրում իշխում է ոչ թե օրենքի իշխանությունը, այլ՝ իշխանական, չինովնիկական կամայականությունը՝ համեմված լիսկայական ու նեմեցական բարքերով, քանի դեռ ամեն քայլափոխի ոտնահարվում են անկախության իրական տերերի` շարքային քաղաքացիների իրավունքները: Քանի դեռ այս երկրում կա արդարության, վաղվա օրվա նկատմամբ հավատի պակաս, Անկախության տոնը չի գալու մեր տուն և Անկախության օրով տոնական սեղաններ չենք բացի, միմյանց չենք շնորհավորի:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում