Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 22-ին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, Հայաստանի և Չինաստանի վարչապետները քննարկել են Իրան-Հայաստան երկաթուղու, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Չինաստանի վարչապետը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, և զգալի աճել է ապրանքաշրջանառությունը (ավելի քան կես միլիարդ դոլար):
Լի Կեցյանն իր հերթին նշել է, որ բոլոր ոլորտներում՝ թե´ քաղաքական, թե´ տնտեսական և թե´ հումանիտար, առկա է արդյունավետ փոխգործակցություն, և Չինաստանը պատրաստ է խորացնել և ամրապնդել դրանք։
Լի Կեցյանը տեղեկացրել է նաև, որ Չինաստանում ուսանող հայ երիտասարդների կրթաթոշակը հաջորդ տարվանից կբարձրացվի:
Հանդիպման վերջում Հովիկ Աբրահամյանը Չինաստանի վարչապետին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան. հրավերն ընդունվել է:
Civilnet











