Արմենչիկ. սպասված «վաստակավորը»

Արմենչիկը պայթեցրել է համացանցը։ Կլասիկը, այսինքն, «գաղջի» տեսաբանը, նրան շնորհել է «վաստակավոր արտիստի» կոչում «երգարվեստում ունեցած բացառիկ ծառայությունների համար»։ Համացանցը շփոթմունքի մեջ է՝ ինչպե՞ս կարելի է։ Ժողովուրդ, իսկ ինչու՞ չի կարելի։ Էդ տղան հո մեր Արմենչիկը չէ՞։ Վաստակավորն էլ հո մենք չե՞նք տալիս։ Տեսե՞լ եք քանի դիտում ունի մյուս վաստակավորի՝ Ձախ Հարութի հետ նրա «Անցիր այ գետակ» երգը՝ 3 միլիոն 762 հազար: Մի փոքր ավելի շատ է «Տաք է, տաք է» երգի «դիտարժանությունը»՝ 3 միլիոն 769 հազար:
«Տաք է, տաք է սերդ, տաք են խոսքերդ»
Նախ ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը՝ Խաչիկ Ասրյանին ու Սուրիկ Խաչատրյանին հեռու է պահել պետական կառավարման ոլորտից ու Արմենչիկին կոչու՞մ է շնորհել։ Կամ՝ ՀՀ քաղաքացու մասին ասել է, որ բոլորն իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, ու Արմենչիկին կոչու՞մ է շնորհել։ Կամ՝ հեռուստադաշտից իսպառ վերացրել է լրատվական արմենչիկությունն ու այդ տղային կոչու՞մ է շնորհել։ Դրանցից ոչ մեկը չի արել, չէ՞։ Ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ Արմենչի՞կ, թե ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկ։ Էլի հարսանիքին ինքն է, չէ՞, պարացնում ազգի համասփյուռ եւ ներսփյուռ մասին։ Թե՞ Կոմիտասն ու Տիգրան Մանսուրյանն են հարսանիքների ժամանակ զարդարում թամադայի հեղինակավոր մտքերի ընդմիջումները։ Եվ հետո, այս ազգի մեջ Արմենչիկ լսողների մի այնպիսի զանգված կա, որ վաստակավորի այս գնահատանքի մեջ տեսնում են իրենց ճաշակի արդարացումը։
Լյումպենը մտածում է, որ իր ճաշակն ինտելեկտուալ արդարացում ունի՝ բարձրագույն իշխանությունը գնահատել է Արմենչիկին։ Այո, Սերժ Սարգսյանը ծիծաղում է ինտելեկտի վրա, ինքը ինտելեկտի հակառակ ուղղությամբ է գնում։ Ինքը հո գիտի, որ Արմենչիկը Թումանյան կամ Դոստոեւսկի չի թերթել, շատ լավ գիտի։ Բայց այդ պարգեւները եւ կոչումները կան, հասկանու՞մ եք։ Կան եւ ինքը պիտի տա։ Ինքը տիրաժավորում է անձնական օգտագործման Արմենչիկին, ինչպես Ծառուկյան Գագիկին, Աշոտյան Արմենին եւ այլոց: Էդ կոչումներն իրեն պետք են նույնքան, որքան «քաղաքական կոնսոլիդացիան»: Ոչ կուսակցություններն են վերջին օրերին ձեր քվեով գնացել Բաղրամյան-26 ֆոտոսեսիայի, ոչ էլ Արմենչիկը: Ինքը ուզում է ասել, որ կոնսոլիդացիան ամենուր է՝ քաղաքական ուժերից մինչեւ ռաբիս: ԲՀԿ-ն արդեն կողմ է նոր Սահմանադրությանը: Եվ ի՞նչ՝ ամբողջ կազմով Արմենչիկից լա՞վն են:
«Ամպեր ելան քուլա, քուլա ու շարվեցին գլխիս վրա»
Դուք այնպիսի աղմուկ եք բարձրացրել, կարծես կար ավելի արժանավոր մեկը, որը դուրս է մնացել շնորհյալների ցուցակից։ Չկա այդպիսի մեկը, որովհետեւ այդ պարգեւները պետք է վերացնել։ Մասնավորապես կոչումները պետք է արմատախիլ անել։ Իշխանությունը դրանց հետ գործ չունի։ Իշխանությունը չի կարող սահմանել արժեքներ։ Ինքը կարող է միայն հաշվի նստել այդ արժեքների հետ։ Երբ իշխանությունն արժեքներ է սահմանում, ինքն էլ սահմանում է կոնսոլիդացիան: Սա Կոմկուսի հասարակական համախմբման այսօրվա արտահայտությունն է, երբ ամբողջ հասարակությունը «մեկ ձայն» էր: Բայց բազմաշերտ: Դուք որքան էլ ընդդիմանաք Արմենչիկին, ինքը Միկոյանի արձան չէ, որ կասեցնեք տեղադրումը: Ինքը անցյալ չունի, ինքը երգիչ է: Արմենչիկը արժեք չէ, հետեւաբար հենց նա էլ դարձել է վաստակավոր։ Որովհետեւ Արմենչիկը լյումպենի ընդդարմացման մեղեդին է, նրա ձայնի մեջ է հանգստանում պետության տեսիլք չունեցողը։ Նրա ձայնի մեջ է Սերժ Սարգսյանի սահմանադրական ապուշացման «Բոլերոն», որը մեկի հիմար համակրանքից տարածվել է ամբողջ ազգի վրա։ Մեր բակի երեխաները երբեմն-երբեմն ինչ-որ հիմարություն են երգում, այս տղայի երգացանկից էլ ինչ-որ բան կա նրանց «ինքնարտահայտման» աղմուկի մեջ։
«Աչքերով, շութերով մենք իրար կանչում ենք, սեր»
Ինքը կարող է Արմենչիկին գցել թեւի տակ եւ խոսել նոր Սահմանադրության նախագծից։ Բայց երբ պարգեւատրում է Արմենչիկին, ինքը անում է նույն բանը, ինչ՝ օսմանցիները, երբ հայերի բնակարանների դռների վրա խաչեր էին նկարում, որպեսզի իմանան, թե ում գլուխն են ուտելու։ Ընկերներ, դուք ինչու՞ եք արժանավորին փնտրում պետական պարգեւներ ստացողների մեջ։ Ձե՞զ են ծաղրել։ Ինչ-որ չեմ տեսնում փակ փողոցներ, այլ վաստակավորների ինքնահրաժարականներ։ Որովհետեւ ոչ փողոց է փակվելու, ոչ էլ որեւէ մեկն է ամաչելու, որ ինքն էլ է վաստակավոր, Արմենչիկն էլ։ Որովհետեւ խնդիրը դա չէ։ Խնդիրը վիրավորանքը չէ։ Սերժ Սարգսյանը այլ հարցեր է լուծում։ Ինքը հասկացրել է, որ մենք վաստակած ունենք Արմենչիկին։ Սկանդալ է նետել, որ զբաղվենք, ղժժանք։ Որովհետեւ, այո, ինքը ուրիշի Արմենչիկը չէ, ինքը մեր Արմենչիկն է։ Ով էլ լինի Սերժ Սարգսյանի փոխարեն, եթե նա ընտրություններ է կեղծել, եթե իր քվեն արյունոտ է, եթե իր կողմնակիցներն այսօր էլ մարդ են սպանում եւ ազատամարտիկներ ծեծում ու բանտարկում, ինքը պեղելու է մեր միջի Արմենչիկին, որ թափահարի մեզ վրա։ Ինքը մեր դիմադրողականությունից է պեղել Արմենչիկին, մինչդ այդ արժեզրկել է ինտելեկտը ՀՀ տարածքում, որպեսզի մենք սահուն գնանք դեպի այս զրնգուն ձայնով տղան: Ես չգիտեմ՝ ինքն անձամբ լսում է նրա երգերը, թե ոչ: Ամեն ինչ այն բանի օգտին է, որ ինքը փայփայել է սրա ծնունդը: Հետեւաբար ինչ-որ իմաստով տեսակի հայր է:
«Այս աշխարհում տերը թող տա արժանին»
Հիմա Արմենչի՞կն է մեր խնդիրը: Նրան «վաստակավորի» կոչում են տալիս, որ ինքը դառնա խնդիր: Թող այդ կոչման մեջ շոուբիզի աղջիկներն ու տղաները տապակվեն, ընկերներ: Սերժ Սարգսյանն ավելի լավ մարդկա՞նց է կոչումներ տվել: Երբ դուք բորբոքվում եք նման բաներից, ակամա ակնարկում եք, որ ինքը հատկապես ձեր արժանիքներն է շրջանցել, որ դուք պետք է լինեիք Արմենչիկի փոխարեն: Ասես բղավում եք ձեր ինքնագնահատականի ու Արմենչիկի հանդեպ գնահատականի բախումը իշխանության ճաշակի մեջ: Կողմնորոշվեք, թե ինչն է ձեզ զայրացրել: Եթե դուք արարքն ինքնին դատապարտելի եք համարում, պետք է ասեք, թե ինչու չպետք է որեւէ քվե չունեցող մարդը դա չանի: Անձամբ իմ կարծիքով լավ է արել: Ես էլ 10 հոգու սպանած լինեի, Իլհամ Ալիեւին էլ մի մեդալ կտայի «Ղարաբաղի հարցի լուծման գործում բացառիկ ծառայությունների համար»: Անկապությու՞ն է: Ոչ այդքան: Որովհետեւ Արմենչիկն ամենասկզբից շարական չի երգել, հետո հասել ռաբիսին: Մարդը հենց սկզբից ռաբիս է երգել: Ու հենց դա էլ գնահատվել է: Ինչպես գնահատվել են Օսիպյանի «սխրանքները» միտինգներն ու երթերը ցրելու ժամանակ, ինչպես գնահատվում են Սուրիկ Խաչատրյանն ու մյուսները սպանելիս, Գագիկ Բեգլարյանը՝ ծեծելիս, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը՝ գողանալիս: Մարդիկ, վայիս մի եղեք գնահատականներին:
Մհեր Արշակյան










