Հայոց ցեղասպանության թեման` Սաքսոնիա-Անհալթի դպրոցների դասագրքերում

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, Դորգերլոհը հանդիպմանը տեղեկացրել է, որ մեկ տարի առաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ քննարկված` Սաքսոնիա-Անհալթ երկրամասի դպրոցների դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու խնդիրն իր դրական լուծումն է ստացել:
«Այսօր արդեն կարող եմ Ձեզ հանձնել առաջին, նոր տպագրված ձեռնարկը, որի առաջին 4 գլուխները վերաբերում են ցեղասպանություններին, այդ թվում` Հայոց ցեղասպանությանը»,- նշել է Շտեֆան Դորգերլոհը` Արմեն Աշոտյանին հանձնելով ձեռնարկի օրինակը:
Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով վերոնշյալ նախաձեռնության համար, կարևորել է, որ ձեռնարկը տպագրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա առաջարկել է գերմանական գիմնազիայի և երկրամասի դպրոցներում Հայոց ցեղասպանության մասին թեման ներառելու փորձը ներկայացնել Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների ֆեդերալ համայնքի նիստին:
Հանդիպմանը Աշոտյանը նաև հայտնել է հայկական կողմի` գերմաներենի խորացված ուսուցմամբ դպրոցներից մեկի հենքի վրա Հայաստանում գերմանական գիմնազիա հիմնելու ցանկության մասին:
***
Օրեր առաջ ՍիվիլՆեթը հյուրընկալել էր Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքի «Մորիցբուրգ» թանգարանի տնօրեն Թոմաս Բաուեր-Ֆրիդրիխին և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանին: Նրանք ՍիվիլՆեթին պատմել են հայ-գերմանական մշակութային համգործակցության նոր ծրագրերի մասին: Հարցազրույցը կարող եք դիտել ստորև:
Իրադարձություն
Civilnet










