Գլխավոր Լրահոս

Երբ մեդալը ցույց տա, որ չունի հակառակ երես

Երբ մեդալը ցույց տա, որ չունի հակառակ երես

Սամվել Ալեքսանյան և Գագիկ Ծառուկյան: Այս մարդկանց ինչի՞ն է պետք պետական պարգևը: Պետք է: Որովհետև փողը կենսագրություն չի կերտում: Մի ամբողջ պետություն են ապականել իրենց զրոյական ինտելեկտով, որը սատանիստ լինելուն էլ չի հերիքի, բայց վազում են դեպի պետական պարգևը: Որովհետև իրենց փողի վրա իշխանություն չունեն այս մարդիկ: Իրենք սեփականություն են ուզում, ուզում են մի բան, որը կարող է լինել վերջապես գլուխը բարձին հանգիստ դնելու «այցեքարտ»:

Դժբախտ մարդիկ են, խոսք չկա: Չգիտեն, թե մարդ լինելու ընթացքում հատկապես ինչի վրա կենտրոնացնեն իրենց ուշադրությունը: Փող, անկասկած ունեն: Եվ այն մարդկանցից են, որոնք այս կյանքն իսկապես ապրում են մեկ անգամ: Բայց դա էլ չգիտեն: Ոչ ոք նրանց ոչինչ չի ասել: Պետության մեջ նույնիսկ իրենց բացակայության տեղը չգիտեն: Այս մարդիկ ապրում են մի օրգանիզմով, որի բոլոր հատվածներում վախը «հյուպատոսություններ» ունի: Որովհետև մինչ իսկապես ինտելեկտուալը քաղաքական, սոցիալական, հասարակական և անհատական տագնապներ ու փորձություններ է կուտակում, այս մարդիկ նույնիսկ ուրիշի հասցեին ասված առաջին իսկ կիսաշշուկով «փըխկից» կորցնում են ամբողջ մարմնի հանդեպ վերահսկողությունը: Նրանք իրենց հոգու խորքում այնքան քիչ են, որ դիմացինին նույնիսկ իր ֆիզիկական ծավալներով չեն ընկալում: Դրա համար նրանց անհրաժեշտ է, որ մի մեդալ «դոշներից» կախեն, որպեսզի գոնե իրենց ծավալն ապահովվի:

Այս մարդիկ իրենք իրենց միշտ լրացնում են արտաքնապես: Սերժ Սարգսյանի հետ մտերմությունն այդ լրացումներից մեկն է: Մյուսն ամեն ապուշ առիթով Դուբայ թռնելն է: Երրորդ դեպքը պատգամավոր դառնալն է: Իրենք ամեն օր շոշափում են իրենց և հասկանում, որ ամեն ինչ կարգին է: Դա նրանց ամենաինտելեկտուալ զբաղմունքն է: Ներողամիտ եղեք, մարդիկ: Նրանք բազմաթիվ մահեր են տեսել, նրանց անունները կապվում են բազում սպանությունների, բռնաբարությունների և այլ հանցագործությունների հետ, նրանք ծնողներ են հուղարկավորել, բայց որևէ առաձգական մահ չեն տեսել: Այսինքն, նրանց կյանքում չի եղել մեկը, ում մահը նրանց ամբողջ կյանքը կդարձներ փիլիսոփայական վերջին օր, որը գրականության մեջ ստեղծում է «Համլետ» կամ «Ծիծաղելի մարդու երազը»:

Եթե «միս ու արյուն» ձևակերպումը դնես որևէ բանաստեղծության և կամ նույնիսկ իրենց պատվիրած հոդվածի մեջ, երբեք չեն հասկանա, թե դա ինչ է: Եթե նրանց մատից արյուն գա, դարձյալ չեն իմանա, թե դա ինչ է: Նրանք միս ու արյունը ճանաչում են միայն, երբ ինչ-որ մեկը խոսում է «աչքի թայը հանելու» մասին: Պատահական չէ, որ նրանց «ինտելեկտուալ» նույն բարձունքներում տեսանելի են Ռուբեն Հայրապետյանը կամ պատգամավոր Կարո Կարապետյանը: Իրենք իրենց այնքան չեն հերիքում, որ գնում ու ղեկավարում են մարզական ֆեդերացիաներ: Հազարավոր մարդկանց են հավաքում իրենց շուրջը, որ իրենց տեղն իմանան:

Անկասկած, դժբախտ են այս մարդիկ, հիմա նրանց Հայաստանից հեռու, խուլ մի տեղում ապրելն էլ չի փրկի, այնտեղ նրանք չեն գտնի մենակի «ամբոխը», որը կյանքի բազմակերպության ամբողջ տեսականին է: Նրանք բաց են թողել կյանքը մտքի մեջ ընկալելու բոլոր հուշումները: Նրանք պետական պարգև են ուզում: Սրանցից ոչ մեկը չգիտի, թե իրենցով ինչ հարցեր է լուծում «նախագա ջան»-ը:

Անկասկած դժբախտ մարդիկ են, խոսք չկա: Երբ մարդ են սպանում, ապա ոչ այն պատճառով, որ անձեռնմխելի են: Սպանելու բնության համար նրանք անգամ մատը մատին չեն խփել: Նրանք պարզապես կյանքում չեն արել այնպիսի բաներ, որոնք անողը չի սպանում: Ծառուկյան Գագիկն Աստծո ամեն օր եկեղեցիներ է հանձնում շահագործման: Մարդիկ վրդովվում են: Ախր, ձեր ի՞նչ գործն է: Էդ եկեղեցիներն ինքը կանգնեցնում է, որովհետև նրանց հիմքը մշակել են Ծառուկյանի հանդեպ ձեր երկյուղածությամբ կամ ուշադրությամբ: Թե չէ՝ Ծառուկյանն ի՞նչ է հասկանում եկեղեցուց: Դուք այնտեղ եկեղեցինե՞ր եք տեսել: Ձեր աչքերը լցված են իրերին տրված անունների ամբողջ կառչածությամբ: Դուք Ծառուկյանի հարթության հակառակ կողմում եք, բայց դրանից ձեր հարթությունը չի փոխվում:

Դուք Սամվել Ալեքսանյանի «ծաղրածուության» ագրեսիվ սպառողն եք, որն ինչ-որ պահից հանձնվել է այլ կյանքի տեղը չիմանալու ազատ անկմանը: Դուք Ալեքսանյանի՝ ձեզանից կորզած հուսահատության, այսինքն, «թող քո կամքը լինի» կատակերգության միակ, բայց անսպառ արարի անընդհատ զոհերն եք:

Պարզապես ազատվեք այս մարդկանցից: Շուռ եկեք ձեր տեսիլքների կողմը, որոնք իրենք ձեզ կգտնեն, եթե համարձակվեք միայն շուռ գալ: Այս մարդիկ ձեր «Դանեմարքան» են՝ բանտը բանտի մեջ, որում աքցանվել եք զուտ պարապ շղթաներով: Դուք, սակայն, նրանց «ստեղծագործությունը» չեք: Նրանք իրենց հեղինակն ունեն՝ Սերժ Սարգսյանը: Դուք,- թող ներվի ասել,- այս մեկի ողորմած հեղինակներն եք, որը դարձել է ձեր «Շան սիրտը»: Եվ անչափելի է ձեր ողբերգությունը, երբ 5 հազար դրամով ձեզ կերակրում է ձեզնից արտածված ինչ-որ երրորդ կերպար:

Իսկ նրանց պարգևատրելով ի՞նչ հարց է լուծում Սերժ Սարգսյանը: Նա շարունակում է «հարստացնել» իր կերպարներին: Թվում է, թե կատակերգությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, չէ՞: Երանի ձեզ, եթե դեռ ծիծաղելու առիթ ունեք: Նա լուծում է ձեր հավերժական հեգնանքը սանձելու հարցը՝ ծիծաղում եք մարդկանց վրա, մականուն եք կպցնում, բայց «Հայրենիքի առջև ծառայություններ են մատուցել»: Վաղը, երբ որ Սամվել Ալեքսանյանն ու Գագիկ Ծառուկյանը հանրաքվե կկեղծեն, միջազգային հանրությունը «պիտի» հաշվի առնի, որ իրենց մոտ գոնե պետական պարգևի արժանացած մարդը նույնիսկ «կեղծիք» բառին է հետ վարժվել: Իսկ ինչո՞ւ էր Սուրիկ Խաչատրյանը շտապում լինել «պատմափիլիսոփայության դոկտոր»: Այս պարգևներն ու տիտղոսները ապագա հանցագործությունների ոչ միայն ալիբին են, այլև ինդուլգենցիան: Նրանց այդպես են ասել: Եվ նրանք, մարդիկ, գնում են ոչ միայն մեր վերջին փշրանքները դարձնելու իրենց նման, նրանք գնում են այս Հայաստան աշխարհի ամեն ծակուծուկը իրենցով լցնելու, երբ մեդալը կկանգնի «բոյով մեկ» և ցույց կտա, որ չունի հակառակ երես:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում