Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ:
Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, Դաչիչի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ օրակարգի հարցերի։
Նալբանդյանն ու Դաչիչը արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթների հաստատմանն առնչվող հարցերի։
Հանդիպմանը քննարկվել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ գործող նախագահը խոր մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել է հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։
Նալբանդյանը նշել է, որ չնայած Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը զրուցակիցները կարևորել են 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը։
Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։ Այս առումով կարևորվել է մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մտքեր են փոխանակվել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված անդրանիկ հանդիպման վերաբերյալ։
Նուլանդի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։
Հանդիպմանը մտքեր են փոխանակեվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նուլանդը խոր մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել է հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։
Civilnet











