Խորեն սրբազանը` Հառիճավանքում:
Բոլորովին այլ է զգացողությունը, երբ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ ես այցելում հայոց պատմության ամեն անցքին մանրամասնորեն տեղյակ պատմաբանի հետ: Կամ էլ հոգևորականի հետ: Իսկ երբ այցելում ես պատմաբանի ու հոգևորականի հետ միասին, զգացողությունը դառնում է առավել ամբողջական:
Բեյրութահայ պատմաբան Երվանդ Փամբուկյանի և Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Տողրամաջյանի հետ օգոստոսյան մեկ ամբողջ օր անցկացրինք Շիրակի մարզում՝ այցելելով նաև Մարմաշեն ու Հառիճավանք:
Մարմաշենը արժանի է ավելի շատ ուխտավորների ու զբոսաշրջիկների: Սակայն դրա համար նախ անհրաժեշտ է վերանորոգել 2.5 կիլոմետրանոց քանդված ճանապարհը: Վանական համալիրը, որից կանգուն են երկու եկեղեցիներ, գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին՝ Գյումրիից շուրջ 20 կմ հեռավորության վրա:
Առաջին բանը, որ տպավորում է այցելուներին, գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցու հյուսիային պատի վրա թողնված և մինչև այսօր պարզ ընթեռնելի ընդարձակ արձանագրությունն է, որում ասվում է նաև՝ Վահրամ Պահլավունի իշխանի նախաձեռնությամբ Կաթողիկեն կառուցվել է 988-1029 թվականներին: Մարմաշենում այցելուների ուշադրությունը գրավում է նաև զվարթնոցատիպ տաճարի մնացորդները: Ճիշտ է՝ այն իր չափերով անհամեմատելի է Զվարթնոցի ու Գագկաշենի (Անիի ավերակներում) հետ:
Մարմաշենը, որի անունը ստուգաբանվում է Մարիամի՝ Աստվածածնի շինություն, Բագրատունիների թագավորության շրջանում (885-1045) կառուցված բազմաթիվ եկեղեցիներից ու վանական համալիրներից մեկն է, որը բավական լավ է պահպանվել:
Մեր այցելության ժամանակ Մարմաշենը ուներ նաև օտար այցելուներ՝ երկու երիտասարդ աղջիկ Փարիզից: Մի կողմից հպարտանալու առիթ է, երբ հայկական ճարտարապետական արժեքները գրավում են օտարներին, մյուս կողմից՝ ցավալի, երբ անցնում ես տասնամյակներ շարունակ քարուքանդ ճանապարհները: Ֆրանսուհիները Մարմաշենից մեկնում էին Հառիճավանք, որը նաև մեր մեկօրյա ծրագրի մաս էր կազմում, բայց՝ երեկոյան:
Մենք Երևանից դուրս էինք եկել առավոտյան՝ ընտրելով Արմավիր-Գյումրի ճանապարհը, որի մի հատվածը անցնում է Ախուրյան գետի՝ հենց Հայաստան-Թուրքիա սահմանի երկայնքով: Պարոն Փամբուկյանն ու Խորեն սրբազանը շատ անգամ են եղել Հայաստանում, սակայն նրանք առաջին անգամ էին անցնում այս ճանապարհով:
Երևանից Գյումրի հասնելու երեք ճանապարհ կա: Ես նախընտրում եմ այս մեկը մի քանի պատճառներով՝ ավտոմեքենաները քիչ են, արագաչափեր չկան, ոստիկաններ չկան: Ողորմի քեզ, Քըրք Քրքորյան: Հենց նրա գումարներով վերանորոգվեց այս ճանապարհը, որը Երևան-Գյումրի գլխավոր մայրուղուց մի քանի տասնյակ կիլոմետր երկար է, բայց հաճելի ճանապարհ է:
Մենք հույս ունեինք, որ Գյումրի չհասած, ճանապարհից կթեքվենք դեպի ձախ և կմոտենանք ու հնարավորինս մոտ տարածությունից կտեսնենք Անիի ավերակները: Դրա համար, սակայն, պետք է նախապես թույլտվություն ունենայինք հայ-ռուսական սահմանապահ զորքերի ծառայությունից, ինչը չունեինք: Մոտ 10 կմ հեռավորությունից երևացին Անիի պարիսպները: Մենք ավելի մոտենալ չէինք կարող: Անին ավելի մոտիկից տեսնելու փափագը թողեցինք հաջորդ անգամվան, իսկ ես պարոն Փամբուկյանին խոստացա, որ նրա Հայաստան հաջորդ այցին միասին կգնանք առնվազն Կարս և Անի, իսկ գուցե նաև՝ մինչև Վան:
Նախքան ճաշը մենք արդեն վերադարձել էինք Գյումրի, քայլել քաղաքի կենտրոնական փողոցներով, հիացել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի պահպանված ճարտարապետությամբ՝ երկհարկանի սև շենքերով: Ես ցույց տվեցի նաև այն շենքը, որի ճարտարապետը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին: Մենք անցանք այն շինության կողքով, որտեղ 1920-ին Կարաբեքիր փաշան պարտադրել է Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագիրը: Անշուշտ, այցելեցինք քաղաքի եկեղեցիները:
Մենք ճաշեցինք «Նանե» հյուրանոցում: Գյումրիում լավագույն այս հյուրանոցը պատկանում է Խաչատուրյան եղբայրներին Բեյրութից: Հյուրանոցի տարածքում կառուցվել է «Գոհար» երաժշտական դպրոցը: Ես լսել էի Խաչատուրյան եղբայրների մասին, բայց միայն նոր իմացա նրանց տարիներ շարունակվող գործունեության ու բարեգործության մասին: «Գոհար» նվագախումբը և երգչախումբը, շուրջ 150 երաժիշտներ, արդեն քանի տարի, հովանավորվում է Խաչատուրյանների կողմից: Հոկտեմբերի վերջերին «Գոհարը» համերգ է տալու Բեյրութում: Ճաշից հետո մենք ներկա եղանք նվագախմբի հերթական փորձին՝ ունկնդրելով ազգագրական երաժշտություն: «Գոհար» երգչախումբը, «Նանե» հյուրանոցն ու հյուրանոցի տարածքում գործող ռեստորանները ապահովում են շուրջ 250 աշխատատեղ, ինչը, բավական մեծ թիվ է: Խաչատուրյանները գործարարության և բարեգործության ճշգրիտ վայր են ընտրել:
Երեկոյան կողմ այցելեցինք Հառիճավանք՝ միջնադարյան Հայաստանի մեկ այլ նշանավոր համալիր: Օգոստոսյան տապին՝ երեկոյան, Արագածի հյուսիսային լանջերին կանգնած Հառիճավանքում անկրկնելի զով էր, օդը՝ մաքուր: Ցավոք, ոչ միայն սփյուռքահայերի, այլև հենց հայաստանցիների մեծամասնությունը չի այցելել, գուցե անգամ չի լսել Հառիճավանքի մասին:
Շիրակի լեռնային՝ Արագածի փեշերին ծվարած գյուղերում անասունները՝ կրծքերը լի կաթով, վերադառնում էին իրենց տերերին: Ծանոթ տեսարան է, չէ՞, երբ քո մեքենան հայտնվում է կրծքերը լի կաթով կովերի մեջ: Մենք Երևան էինք վերադառնում Գյումրի-Արթիկ-Ապարան ճանապարհով՝ շրջանցելով Արագածը՝ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը: Գյումրիից Երևան հասնելու սա ամենաերկար, բայց ամռանը հատկապես, ամենահաճելի ճանապարհն է:
Մենք ծրագրել էինք կանգառ տալ նաև Բաշ Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում և այցելել Դրոյի գերեզմանին: Մութը, սակայն, վրա էր տալիս, և Դրոյին մոտենալու մեր փափագը ևս թողեցինք հաջորդ այցելությանը: Ապարանից դուրս գալուց հետո հորդառատ անձրև տեղաց: Երկինքը պատվել էր սև ամպով, և միայն աջ կողմում՝ Արագածի գագաթներից այն կողմ, երևում էին մայր մտնող արևի դեղնակարմրավուն գույները:
Հայաստանը միայն Երևանը չէ: Հայաստանը, ինչպես դիպուկ կերպով նկատել է հայ գրողներից Վանո Սիրադեղյանը՝ մանրամասնորեն սիրելու երկիր է: Ես, պատմաբան Փամբուկյանն ու Խորեն սրբազանը, օգոստոսյան այդ օրը, ևս մեկ անգամ սիրեցինք ու զգացինք Հայաստանը:
Սիրեցինք ու զգացինք մանրամասնորեն:
Թաթուլ Հակոբյան











