Գլխավոր Լրահոս

Մեծարանքի հավաք՝ նվիրված Նեժի Նաամանին

Մեծարանքի հավաք՝ նվիրված Նեժի Նաամանին

Դահլիճը որոտաց ծափահարությունից, երբ դերասանուհի Գայանե Սամվելյանն ընթերցեց լիբանանցի գրող, թարգմանիչ և հրատարակիչ Նեժի Նաամանի (Ջունի, Լիբանան) «Ես հայ եմ» բանաստեղծությունը: Նաամանը առաջին անգամ է այցելում Հայաստան, և այցի նախօրեին նրա բանաստեղծությունը թարգմանել էր գրող, հրապարակախոս Բաբկեն Սիմոնյանը:

«Ես այս բանաստեղծությունը թարգմանեցի կես ժամվա ընթացքում: Այնքա՜ն հայկական բան կար այդ ստեղծագործության մեջ»,- ասաց Սիմոնյանը: Նա Նաամանի հետ ծանոթացել է իր՝ Լիբանան ճամփորդության օրերին, երբ առիթ էր ունեցել նաև լինելու Ջունիում և այցելելու «Նեժի Նաաման անվճար մշակույթի հիմնարկ» և զրուցելու նրա հիմնադիր Նաամանի հետ:

«Նա գրքի ու գրչի նվիրյալ է: Լիբանան այցելության մասին ես գրեցի «Պատկերներ Լիբանանից» հատորը, որի մի գլուխը նվիրեցի Նեժիին ու նրա հիմնադրամի գործունեությանը: Անցնող մի քանի օրերին մենք եղան Արցախում, Նեժին տեսավ Գանձասարը, Շուշին, Տիգրանակերտը: Այդ ամենը նա պատրաստվում է գրքի ձևով ներկայացնել: Սպասենք այն գրքին, որ նա ներկայացնելու է արաբ ժողովրդին»,- ասաց Սիմոնյանը Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում կազմակերպված մեծարանքի հանդիսությանը՝ նվիրված Նեժի Նաամանին:

Սեպտեմբերի 30-ի կեսօրին կազմակերպված հանդիսությանը ներկա էին Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնը, Հայաստանի արտգործնախարարության և սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, լիբանանահայ գործարար Գրիգոր Դաքեսյանը, մտավորականներ և ուսանողներ Հայաստանից ու Սփյուռքից:

Դահլիճի մի անկյունում դրված էին Նաամանի հրատարակած գրքերից մի քանիսը, որոնք վերաբերում են հայությանը: Այդ շարքում էր նրա վերջերս հրատարակված հատորը՝ «Հարյուր… և շարունակվում է ցեղասպանությունը»: Այս գիրքը հանրամատչելի է և ունի հանրագիտարանային նշանակություն, քանի որ ամփոփում է Հայոց ցեղասպանության մասին ոչ հայ նշանավոր գործիչների գրեթե բոլոր վկայությունները: 100-ամյակի տարում լույս տեսած այս հատորը կարևոր ներդրում է Մեծ եղեռնի մասին արաբական աշխարհին՝ նոր սերնդին, իրազեկելու տեսանկյունից:

Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարոնն ասաց՝ հպարտ է, որ այս օրերին Երևանում է Նաամանը: Ապա գովասանքի խոսքեր հնչեցրեց լիբանանահայության հասցեին, ընդգծելով, որ նրանք հարստացրել են լիբանանյան մշակույթը, գրականույթունը, մամուլը: «Այս ժողովուրդը երախտիքը չի մոռանում: Ինձ հանդիպող հայերը ասում են, որ հատուկ վերաբերմունք ունեն Լիբանանի հանդեպ, քանի որ Լիբանանը նեղ օրերին օգնության ձեռք մեկնեց հայ ժողովրդին»,- ասաց դեսպանը:

Պատմաբան Գևորգ Յազըճյանը, ով Գրիգոր Դաքեսյանի հետ կազմակերպել էր Նաամանի այցը Հայաստան և Արցախ, ասաց, որ «Նաժին երևույթ է»: Ներկաներին հակիրճ պատմելով Նաամանի և ընտանիքի կենսագրությունը, Յազըճյանը նշեց, որ Նաամանը հավատարիմ է երեք սկզբունքների՝ ազատ և ուրիշներին բացված մշակույթը խաղաղություն է կերտում, մշակույթը չի վաճառվում և չի գնվում, ճիշտ մշակույթը վարակիչ է: «Նեժին կրում է «անվճար մշակույթի խենթ» պատվանունը, որով նա հպարտանում է»,- ասաց Յազըճյանը:

Յազըճյանը հատկապես կարևորեց Հովհաննես Թումանյանի «Վերնատունը» հիշեցնող քննարկումները, որ Նաամանը կազմակերպում է երկու շաբաթը մեկ Ջունիի իր գրասենյակում և որին ներկա են լինում լրագրողներ, գրողներ, իրավաբաններ, քաղաքական գործիչներ դասախոսներ, արվեստի և մշակույթի գործիչներ: «Չորեքշաբթի» անունը կրող այս բաց երկխոսության ընթացքում ծնվում են նոր գաղափարներ ու մտահաղացումներ:

Նաամանը հեղինակել և հրատարակել է տասնյակ անուն հատորներ բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն: Նա հրատարակում է գրքեր նշանավոր մարդկանց, հանրաճանաչ հասարակական և մշակութային գործիչների մասին, արաբական գրականություն, բառարաններ: Այդ հատորները նա անվճար տրամադրում է բոլոր նրանց, ովքեր հետարքրված են: Նրա գրասենյակի մուտքի մոտ դրված է մի գրադարակ, որտեղից կարող ես վերցնել գրքերը՝ առանց հարցնելու և մտնելու «Նեժի Նաամանի անվճար մշակույթի հիմնադրամ»-ի գրասենյակ:

Նաամանի գործունեության մասին երախտիքի խոսք ասացին նաև Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, գրող Թորոս Թորանյանը: Հանդիսության ավարտին խոսեց նաև Նաամանը: «Գրիգոր Դաքեսյանը և Գևորգ Յազըճյանը ինձ ձեռնաշղթաներ հագցրին և Լիբանանից բերեցին Հայաստան»,- կատակեց Նաամանը՝ ընդգծելով նրանց դերակատարությունը իր այցը կազմակերպելու հարցում: Նա ասաց նաև, որ այնքան շատ գրքեր է նվիրելու Իսահակյանի անվան գրադարանին, որ արաբերենի հատուկ բաժին բացվի:

Նաամանը արդեն եղել է Արցախում, որտեղ պատմամշակութային վայրեր այցելելուց բացի, հանդիպումներ է ունեցել պաշտոնյաների հետ: Նրան ընդունել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն:

Առաջիկա օրերին լիբանանցի գրողը այցելելու է Հայաստանի տարբեր անկյուններ՝ մոտիկից ծանոթանալու այն երկրին ու ժողովրդին, որոնց մասին գրքեր է հրատարակում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում