Ռուսաստանը շարունակում է ապօրինաբար իր ազդեցությունը տարածել Վրաստանի ինքնիշխան տարածքների վրա:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին, հույս է հայտնել, որ Ռուսաստանն ի վերջո կկատարի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ 2008թ. հրադադարի մասին համաձայնագիրը, և կդառնա միջազգային համայնքի պատասխանատու անդամ:
Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները «չեն կարող կարգավորվել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին»: Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքի «սողացող բռնակցումը»:
«Ցավում եմ, որ ՌԴ-ն այսպես կոչված՝ ինտեգրման համաձայնագրեր է ստորագրել Սուխումիի և Ցխինվալիի հետ: Այսպիսով՝ Ռուսաստանը շարունակում է ապօրինաբար իր ազդեցությունը տարածել Վրաստանի ինքնիշխան տարածքների վրա: Ես դատապարտում եմ սողացող այս բռնակցումը և Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի ոտնահարումը,- ասել է Ղարիբաշվիլին: - Չնայած այդ ամենին՝ մենք փորձում ենք Ռուսաստանի հետ պատասխանատու և պրագմատիկ հարաբերություններ հաստատել, կատարել կառուցողական քայլեր և խթանել առևտուրը, տրանսպորտը, հաղորդակցությունը, զբոսաշրջությունը, բոլոր ոլորտները, որտեղ հնարավոր է համագործակցել Ռուսաստանի հետ»:
Վրաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ իր երկիրը մի քանի շաբաթից հյուրընկալելու է առաջին բարձր մակարդակի «Մետաքսե ճանապարհի համաժողովը»:
«Մետքսե ճանապարհի վերաբացումը կարևոր հնարավորություն է Ասիայի և Եվրոպայի միջև ավելի խոր տնտեսական և մշակութային կապերի ապահովման տեսանկյունից: Վստահ եմ, որ Թբիլիսիի «Մետքսե ճանապարհի համաժողովը» համագործակցության և տարածաշրջանային ինտեգրման մեծ ներուժ ունի»,- ասել է Ղարիբաշվիլին:
Եվրաատլանտյան ինտեգրման ուղեգիծ
Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Թբիլիսին շարունակելու է եվրաինտեգրման ուղեգիծը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, բնակչության ապահովագրության ոլորտներում:
Ղարիբաշվիլին առանձնակի կարևորել է 2014թ. հունիսին Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը: Ղարիբաշվիլին հավելել է, որ Վրաստանը հանդես է գալիս ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացման օգտին:
***
Այս օրերին շարունակվում են Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի զուգահեռ այցերը ԱՄՆ: Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մեկնած վարչապետը երկկողմ հանդիպումներ է անցկացնում, ելույթ է ունենում ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի միջոցառումներին: Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, որը Միացյալ Նահանգներ է մեկնել սեպտեմբերի 27-ին, նույնպես մասնակցում է Գլխավոր վեհաժողովի շրջանակում անցկացվող բանավեճերին:
ԱՄՆ-ում Վրաստանը ներկայացնող երկու վրացական պատվիրակությունների մասին Freedom & Democracy Watch կայքը, որը լուսաբանում է Վրաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցերը, գրել է. «Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ անցյալ տարի, մի քանի ամիս շարունակ բանավեճ էր ընթանում հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի երկիրը ՄԱԿ-ում: Անցյալ տարի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նահանջեց ու չեղարկեց ամերիկյան այցը, և ՄԱԿ-ի գագաթաժողովին Վրաստանը ներկայացրեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին»:
Վրաստանի վարչապետի և նախագահի միջև հակամարտության պատճառը, շատերի կարծիքով, նոր Սահմանադրությունն է, որն ուժի մեջ է մտել 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Վրաստանի մայր օրենքը նախատեսում է իշխանությունների տարանջատման ֆրանսիական մոդելը, երբ պետության ղեկավարը ընտրվում է համաժողովրդական քվեարկության արդյունքում, սակայն կառավարությունը կազմում է խորհրդարանական մեծամասնությունը: Այսպիսով՝ նախագահն ու վարչապետը հաճախ տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում: Վրաստանում տարօրինակորեն այնպես է ստացվել, որ պետության ղեկավարն ու վարչապետը հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում, չնայած՝ երկուսն էլ իշխող «Վրացական երազանք» դաշինքն են ներկայացնում:
Civilnet











