ՌԴ ՊՆ կայքում հրապարակված տեսանյութից կադր
Ֆրանսիայի, Գերմանիայի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունները համատեղ հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել Սիրիայում սկսված ռազմաօդային օպերացիան:
«Խոր մտահոգություն ենք հայտնում Սիրիայում ռուսական ռազմական ուժի մեծացման, հատկապես երեկվանից [սեպտեմբերի 30 - ՍիվիլՆեթ] Համայում, Հոմսում և Իդլիբում ՌԴ օդային հարվածների կապակցությամբ, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և չեն թիրախավորել «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը անհապաղ դադարեցնել սիրիական ընդդիմության և խաղաղ բնակչության դեմ հարվածները և ջանքերը կենտրոնացնել ԻՊ-ի դեմ»,- ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Էրդողանի հայտարարությունը
Սիրիայում վերջին զարգացումներին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահը: Հոկտեմբերի 1-ին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ «Թուրքիան թույլ չի տա՝ ահաբեկչությունը «արմատներ գցի» իր սահմանին»:
ԱՄՆ-ը կասկածում է
ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան թերահավատորեն է մոտենում Ռուսաստանի կողմից ԻՊ-ի դիրքերին հասցվող հարվածների վերաբերյալ հաղորդագրություններին: Մասնավորապես, Իրաքում ամերիկացի զինվորականների ներկայացուցիչ Սթիվ Ուորենը նկատել է, որ, իր տվյալներով, «ռուսական ինքնաթիռների ոչնչացրած 18 թիրախներից և ոչ մեկը կապ չուներ ԻՊ-ի հետ»:
Սպիտակ տունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է արել Ռուսաստանին «օդային հարվածներն ավելի ճշգրիտ ուղղել»: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը մտահոգություն է հայտնել հաղորդագրությունների կապակցությամբ, որ ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցնում այն շրջաններում, որոնցում «ԻՊ-ի ներկայության մասին որևէ տեղեկություն չկա»: Նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ին մեկ-ժամանոց տեսակոնֆերանս է տեղի ունեցել Պենտագոնի և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև:
ՌԴ ՊՆ-ն հակադարձում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը, հակադարձելով թիրախների ընտրության կապակցությամբ հնչող կասկածներին ու մեղադրանքներին, հոկտեմբերի 2-ին հաշվետվություն է ներկայացրել կատարված գործողությունների վերաբերյալ: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ՌԴ ռազմաօդային ուժերը մեկ օրվա ընթացքում կատարել են 18 թռիչք՝ հարված հասցնելով ԻՊ-ի 12 օբյեկտներին:
Ռուսական պաշտպանական գերատեսչությունը տեղեկատվությունը ուղեկցել է տեսանյութով:
Կրեմլը մեկնաբանում է
Նախօրեին լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցնում «Սիրիայում կոնկրետ ծայրահեղական խմբավորումների դիրքերին, և այդ նշանակետերը որոշվում են սիրիական բանակի հետ համագործակցությամբ»:
«Նման ցանկ, անշուշտ, կա: Այդ կազմակերպությունները հայտնի են, և իհարկե թիրախների սահմանումը համակարգվում է զինված ուժերի հետ, ինչի մասին հայտարարել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Պեսկովը կասկած էր հայտնել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման գոյության հարցում:
«Իսկ «Սիրիայի ազատ բանակ» գոյություն ունի՞, արդյոք նրանց մեծ մասը չի՞ անցել ԻՊ-ի կողմը,- հարցադրում էր արել Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: ՌԴ նախագահի մամուլի խոսնակի համոզմամբ՝ «Սիրիայի ազատ բանակի» գոյության մասին տեղեկատվությունը հակասական է: Նա հստակեցրել է՝ հարվածների թիրախում չեն «այն ուժերը, որոնք ահաբեկչական չեն, այն ուժերը, որոնք չեն անցել ԻՊ-ի կողմը և նրանք, որոնք ծայրահեղական չեն»:
***
Սեպտեմբերի 30-ին հայտնի է դարձել, որ ռուսական ռազմաօդային ուժերը Սիրիայում՝ Լաթաքիայի ռազմակայանից, հասցրել են առաջին օդային հարվածները «Իսլամական պետության» դիրքերին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն տեղեկացրել է ՀԱՊԿ-ին, որ Սիրիայում օդային օպերացիայի ընթացքում ռուսական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ԻՊ-ի ռազմատեխնիկային, զինապահեստներին և սպառազինություններին:
Նույն օրը՝ ավելի վաղ, Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ ռուսական զինուժն արտերկրում օգտագործելու վերաբերյալ: Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ ռազմական օգնության խնդրանքով Վլադիմիր Պուտինին դիմել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Դամասկոսը հաստատել է այդ տեղեկությունը:
Սիրիայի հարցը եղել է անցյալ շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների օրակարգի թիվ մեկ հարցը:
Ստելլա Մեհրաբեկյան
Civilnet











