Գլխավոր Լրահոս

Սա Սահմանադրություն չէ, սա միակուսակցական չարիք է

Սա Սահմանադրություն չէ, սա միակուսակցական չարիք է

Լուսանկարը՝ PanArmenian-ի:

Հայաստանը վերջին 20 տարիներին չորրորդ անգամ է անցկացնելու Սահմանադրության ընդունման կամ Մայր օրենքը փոփոխելու հանրաքվե:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ ձայներով կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշմանը, որը ներկայացրել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանում Սահմանադրությունը ընդունվել է 1995-ի ամռանը: Հանրաքվեն անցկացվեց Ազգային ժողովի առաջին ընտրությունների հետ միաժամանակ, և Հայաստանում արմատավորված է հանրային խորը ընկալում, որ և՛ հանրաքվեն, և՛ ընտրությունները կեղծվել են: Այդ Սահմանադրության հիմնական քննադատները՝ այն օրվա ընդդիմությունը՝ ԱԺՄ-ն ու կասեցված ՀՅԴ-ն, պնդում էին, որ դա «բռնապետ» Լևոն Տեր-Պետրոսյանի Սահմանադրությունն է, գրվել ու կարվել է նրա համար: 1998-ի փետրվարին, երբ «բռնապետը» իշխանության հայտնի ուժերի ճնշման տակ հրաժարական տվեց, շատերը ընդունեցին, որ Սահմանադրությունը աշխատել է:

2003-ին, կրկին Ազգային ժողովի ընտրությունների հետ միաժամանակ, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի կողմից հավանության արժանացած սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը չանցավ՝ ստանալով շուրջ 560 հազար կողմ և 552 հազար դեմ քվե:

Երկու տարի անց Քոչարյանը և օրվա իշխանական կոալիցիան, որոշ փոփոխություններով, կրկին հանրաքվեի դրեցին փաթեթը, որն ընդունվեց անհավատալի՝ 1.4 միլիոն կողմ և 82 հազար դեմ ձայներով: Այդ քվեարկությունը, որն անցնում էր ընտրատեղամասերում ընտրողների դատարկության պայմաններում, ստացավ «ուրվականների հանրաքվե» անունը:

Անկասկած, Սերժ Սարգսյանը և նրա թիմը ևս կեղծելու են հանրաքվեն: Բայց դա կլիներ չարյաց փոքրագույնը, եթե քվեարկության դրվող սահմանադրական փոփոխությունների փաթեթը այնքան վտանգավոր չլիներ Հայաստանի ապագայի համար:

Սերժ Սարգսյանն այս փոփոխություններով սպանում է ժողովրդավարական երկիր, իրավական պետություն դառնալու Հայաստանի բոլոր հնարավորությունները, քանի որ այդ փոփոխությունները ուղղված են մեկ նպատակի՝ ամրագրել այսօրվա իշխող ՀՀԿ-ի մենաշնորհը, այն է՝ Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի իշխանության շարունակականությունը:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մենաշնորհը ամրագրվում է սահմանադրորեն:

Սերժ Սարգսյանի ձեռքը բռնելու հնարավորություն, թվում է, չկա: Նախագահության յոթ տարիների ընթացքում նա իր ձեռքում է կենտրոնացրել բոլոր լծակները՝ տնտեսական, ֆինանսական, ուժային, քաղաքական, որոնք նրան թույլ են տալու քվեարկության օրը «տպավորիչ թվեր» ստանալ:

Որևէ իշխանություն հավերժ չէ: Իշխանությունից Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հեռացումից հետո այս՝ առաջիկայում ընդունվելիք Սահմանադրությունը շուտափույթ դրվելու է փոփոխության, քանի որ իրեն ժողովրդավարական համարող երկիրը չի կարող ունենալ խորհրդային սահմանադրություն:

1990-ի օգոստոսին, երբ ընդունվեց Անկախության հռչակագիրը, իրավամբ այդ պատմական փաստաթղթի գլխավոր կետը Հայաստանում միակուսակցական համակարգը բազմակուսակցականով փոխարինելն էր:

Սերժ Սարգսյանը շրջում է պատմության այդ էջը և հանուն իր ու իր ընտանիքի, Հայաստանը կրկին դնում միակուսակցական ռելսերի վրա:

Ավելի մեծ չարիք դժվար էր պատկերացնել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում