ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանը կարևորել է հայ-ռուսական գործընկերության երկկողմ օրակարգում էներգետիկայի ոլորտի ուրույն տեղը և նշել է, որ հենց այդ նկատառումով անցյալ ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է եղել նաև էներգետիկայի ոլորտում համատեղ երկարաժամկետ ծրագրերի իրագործման հարցերին:
Սերգեյ Կիրիենկոն խոսել է Երևանում այսօր կայացած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստի քննարկումների ընթացքի և արդյունքների, այդ թվում՝ ստորագրված փաստաթղթերի մասին: Նիստը նվիրված է եղել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցին: «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը Սերժ Սարգսյանին ներկայացրել է նաև ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ընդհանուր ուսումնասիրության վերաբերյալ ռուսական կողմի իրականացրած աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել համագործակցության աշխատակարգով նախատեսված հետագա անելիքներին:
***
Մեծամորի ատոմակայանի շահագործման նախագծային վերջնաժամկետը 2016թ. սեպտեմբերն է, և այն տասը տարով երկարաձգման ծրագիրը գնահատվել է 300 մլն դոլար, որից 40 մլն դոլարը՝ հետազոտությունների և հաշվարկային հիմնավորման աշխատանքների համար: Պատվիրվելու և մատակարարվելու են 180 մլն դոլարի սարքավորումներ, 80 մլն դոլար ուղղվելու է աշխատանքների իրականացմանը։ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը չի բացառել, որ ընդհանուր գնահատման ժամանակ աշխատանքների ծավալը կարող է աճել մինչև 20%-ով, գները տարեկան կտրվածքով կարող են ավելանալ 10%-ով։
Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների կապալառուն «Ռոսատոմ» կորպորացիայի դուստր՝ «Ռոսատոմ սերվիս» ընկերությունն է։ Ընդ որում` 2016-ից հետո, շահագործման լրացուցիչ ժամանակահատվածում, ատոմակայանը շահագործման է հանձնվելու «Ռոսատոմին»։
Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանին տրամադրում է 300 մլն դոլարի վարկ:
Civilnet











