Գլխավոր Լրահոս

Մերկելը շարունակում է դեմ լինել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Մերկելը շարունակում է դեմ լինել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը

Հոկտեմբերի 7, Ստրասբուրգ, Անգելա Մերկելը դիմում է Եվրախորհրդարանին:

Ես մշտապես դեմ եմ եղել և շարունակում եմ դեմ լինել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը. Reuters-ի հաղորդմամբ՝ գերմանական ARD հեռուստաալիքով հեռարձակված թոք-շոուի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կանցլերի խոսքով՝ Թուրքիայի օգնությունն անհրաժեշտ է դեպի Եվրոպա փախստականների հոսքը կանգնեցնելու տեսանկյունից, սակայն դա չի փոխել իր դիրքորոշումը Անկարայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում:

Մինչև 2005թ. իշխանության գալը Անգելա Մերկելը դեմ էր Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցությանը, դրա փոխարեն Թուրքիային առաջարկելով Միության հետ «արտոնյալ գործընկերություն»: Վերջին տարիներին, սակայն, Մերկելը խուսափել է այդ ձևակերպումն օգտագործելուց և իր ընդդիմությունը բարձրաձայնելուց՝ նշելով, որ Անկարայի հետ անդամակցության բանակցությունները պետք է շարունակվեն, սակայն առանց կանխորոշված արդյունքի:

Թուրքիան ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները սկսել է 2005-ին, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 1987թ.: Քաղաքական մի շարք խոչընդոտներ, մասնավորապես, Կիպրոսի հարցը և Թուրքիայի անդամակցությանն ընդդիմացող Գերմանիայի և Ֆրանսիայի բացասական դիրքորոշումը, արգելակել են բանակցային գործընթացը:

Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ ԵՄ-ին անդամակցելու հասարակության ձգտումը վերջին տարիներին զգալիորեն նվազել է:

Ինչպես գրում է Reuters-ը, փախստականների և ներգաղթյալների խնդրի սրացմամբ պայմանավորված՝ Եվրոպան այսօր դիմում է Թուրքիային՝ հույս ունենալով, որ նա կարող է օգնել հարևան Սիրիայից և մերձավորարևելյան մյուս երկրներից փախստականների ռեկորդային ներհոսքի հարցում:

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Բրյուսել, որտեղ նրան ներկայացվել է փախստականների հարցով գործողությունների նախագիծ:

«Անհրաժեշտ է խոսել Թուրքիայի հետ բեռը կիսելու հարցի շուրջ: Դա նշանակում է, որ մենք Թուրքիային տալիս ենք փող… և կատարում ենք նրա որոշ պահանջներ, ինչպիսին է այցագրային ռեժիմի դյուրացումը»,- ասել է Մերկելը:

Հոկտեմբերի 5, Բրյուսել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:

Բրյուսելն Անկարային նախագիծ է առաջարկում

Ըստ Անկարային ներկայացված նախագծի՝ վերջինս պետք է փախստականների համար նոր ճամբարներ հիմնի և ուժեղացնի իր առափնյա պահակախումբը՝ դեպի Եվրոպա մարդկանց հոսքը դանդաղեցնելու նպատակով:

Մինչդեռ թուրքական կողմը հայտարարել է, որ նախագիծը դեռ ընդունված չէ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ըստ Hurriyet Daily News-ի, հայտարարել է, որ փախստականների հարցերով զբաղվեկու նպատակով կողմերը դեռ պետք է աշխատանքային խումբ ստեղծեն:

«Այս փուլում ԵՄ-ի ներկայացրած նախագծի շուրջ համաձայնություն դեռ չկա»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի՝ հոկտեմբերի 6-ի հայտարարության մեջ:

Նույն օրը՝ ավելի վաղ, Թուրքիայի էկոնոմիկայի նախարարն ասել է, որ Եվրամիությունից ֆինանսական ներդրումը կթեթևացնի բեռը, սակայն չի լուծի փախստականների հարցը:

«Մեզ կգոհացներ ԵՄ-ի կողմից հատկացվելիք ֆինանսական օգնությունը, սակայն դա չէ հարցի լուծումը: Լուծումը կլիներ այդ մարդկանց երջանկացնելը այն վայրերում, որտեղ նրանք ծնվել են և ապրել»,- ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերջին տվյալներով՝ Թուրքիայի կառավարության կողմից գրանցված սիրիացի փախստականների թիվը ներկայում կազմում է 1,9 մլն մարդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում