«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության սեփականատիրոջ պարտավորությունները վաճառքից հետո բավականաչափ ընդլայնվել են, հաղորդում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:
Գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ գնորդ ընկերությունը նախկինից բացի, ստանձնել է նաև նոր պարտավորություններ, որոնք էական նշանակություն կարող են ունենալ ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի բարելավման համար:
Մասնավորապես, սեփականատիրոջ պարտավորությունների մեջ է մտնում առնվազն 2 տոկոսով նվազեցնել ընկերության տեխնոլոգիական կորուստները։ Մյուս կողմից՝ վերջինս պարտավոր է թույլ չտալ առևտրային կորուստների ավելացում՝ 2014-2015թթ. սակագնային տարվա համեմատ։ Առաջիկա 5 տարվա ընթացքում նոր սեփականատերը պետք է ներդնի միջազգային ISO ստանդարտներ, էապես բարելավի ընկերության որակի կառավարումը և էներգետիկայի համակարգը։ Գնորդը պարտավոր է պայմանագրերում ամրագրված ժամկետներում ապահովել ընկերության կողմից 100 տոկոս վճարումներ՝ արտադրողներին և ծառայություն մատուցողներին։
«Ինչպես հայտնի է, ֆինանսական դժվարությունների հետևանքով, վերջին շրջանում նախկին սեփականատերը ի վիճակի չէր լինում ժամանակին և ամբողջությամբ կատարել այդ պայմանը։ Մի բան, ինչը խնդիրներ էր ստեղծում արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների համար»,- ասված է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հաղորդագրության մեջ։
***
ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն ստեղծվել է 2002թ. ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն էր: ՀԷՑ-ը ստեղծվել է Հայաստանում գործող չորս էլեկտրաբաշխիչ ընկերությունների միաձուլման արդյունքում: «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրացմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն է:
«Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը սեպտեմբերի վերջին ստորագրեցին Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին պայմանագիրը:
Civilnet











