Գլխավոր Լրահոս

Արա Աբրահամյան. շքեղ եւ պարարտ զոհը

Արա Աբրահամյան. շքեղ եւ պարարտ զոհը

Չէ, տղերք, էս մարդիկ երեւակայություն չունեն։ Իսկի չունեն։ Արա Աբրահամյանն ասում է՝ կուսակցություն եմ ստեղծում եւ դա քննարկել եմ Սերժ Սարգսյանի հետ։ Չի ասում՝ ինձանով Սերժ Սարգսյանը պատրաստվում է 2017-ի ընտրություններին։ Ասում է՝ ուզում եմ քաղաքական գործիչ դառնալ առանց որեւէ մեկին քննադատելու եւ առանց իշխանափոխություն պահանջելու։ Եվ ամենայն անկեղծությամբ շարունակում՝ ես հաշվի եմ առել Գագիկ Ծառուկյանի փորձը։ Այսինքն, ինքը, իբր, խելոք է Գագիկ Ծառուկյանից։ Իբր Գագիկ Ծառուկյանի սխալները հաշվի է առել։ Չի ասում՝ ես գալիս եմ, որպեսզի 2017-ի ԱԺ ընտրություններում վերցնեմ Գագիկ Ծառուկյանի փոշիացումից հետո պարապ մնացած «հրաբուխը»։ Կարծում է, թե Սերժ Սարգսյանի հետ պարտնյոր է։ Չգիտի, որ Սարգսյանը պարտնյորներ չունի, ունի զոհեր։ Եվ ցանկացած զոհ կարող է նույնիսկ գահ բարձրացվել։ Ավելին, Սարգսյանը ցանկացած զոհի գահ է բարձրացնում, որպեսզի նրա զոհաբերությունը տեսանելի լինի։ Եվ՝ ցավոտ։ Զոհաբերությունը Սարգսյանի համար սկսվում է զոհի գահակալումից։ Հենց այդպես փոշիացվեց Արթուր Բաղդասարյանը։

Էս մարդիկ կարծում են, թե, եթե Սատանային դեմքով չգիտեն, ինքը չկա։ Եվ ասում են, թե ինչ-որ փորձեր են հաշվի առել։ Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի փորձը հաշվի առնելու համար պետք է հակառակ ծայրից սկսել, եղբայր, նրանք տրվել էին գահին, դու ինքդ պետք է նվաճես գահը։ Նրանք զրոյացվել են, մինչդեռ դու պետք է սկսես զրոյից։ Դրա համար դու փողն ունես։ Քեզ 300 խելոք կարող է օգնել։ Իրավաբաններիդ ուղարկիր արձակուրդ եւ կարգին քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ հավաքիր շուրջդ։ Մինչդեռ դու գնում ես մեկ անգամ արդեն տրորված ճանապարհով։ Դու համաձայնում ես լինել Սերժ Սարգսյանի երեւակայության պակասի զոհը։ Մի Ծառուկյան Գագիկ մենք արդեն տեսել ենք, նույնիսկ ձեր բառապաշարի իսպառ բացակայությունն է նույնը։ Եվ դու սա էլ հաշվի չես առել։ Հաշվի չես առել, որովհետեւ քեզ շրջապատող մարդիկ հավատացրել են, որ «մեծ խելք պետք չէ Հայաստանում իշխանության գալու համար»։ Հաշվի չես առել, որովհետեւ Մոսկվայի քո «բարձունքներից» («ես Պուտինի պրեզիդիումի անդամ եմ») կարծում ես, թե Հայաստանի ժողովուրդը չձեւված կավ է, որին հենց քո ձեռքերի շնորհքն է պակասում։ Այդպես չէ, եթե դու էլ ես հայ։ Բայց այդպես է, եթե Սերժ Սարգսյանն էլ է հայ։ Որովհետեւ դու հավակնում ես իշխել քաղաքականապես զրոյացված մի հասարակության զգացումների վրա, մինչ Սերժ Սարգսյանն այլեւս ստանալիք չունի այդ հասարակությունից, ընտրությունները կեղծում է անձամբ, սպանում է Խաչատրյան Սուրիկի, Հայրապետյան Ռուբենի միջոցով, այսինքն, գլխակերների բանակ ունի, լույս ու գազ է թանկացնում, միանձնյա որոշում է մեր երկրի քաղաքական կուրսը, միանձնյա ձեռնարկում նոր Սահմանադրություն։ Դու ուզում ես այդ զրոյացված հասարակությունից փայ ստանալ։ Ահա թե որն է քո ուզածը։ Այսինքն, քեզ էլ Հայաստանի քաղաքացին հետաքրքիր չէ, դու ուղղակի փայ ես մտնում։

Եվ ոչ մի քաղաքական կոմբինացիայի անձնական նախաձեռնող չես, ընկեր, քեզ կանչել եւ ասել են՝ էսքանը քեզ։ Այսինքն, արդեն իսկ քաղաքականապես խեղված ես մտնում խաղի մեջ։ Խաղի մեջ ես մտնում իշխանության կամ ռուսական ինչ-որ ԿԳԲ-ի աշխատողի կողմից։ Խաղի մեջ ես մտնում, ինչպես Ծառուկյան Գագիկը մտավ։ Բան չունեմ ասելու՝ քեզ համոզել ես, որ սա քաղաքականություն է։ Բայց այդ քաղաքականության մեջ, դու՝ Մոսկվայի վասալդ, դու՝ Պուտինի «քիփդ», դու՝ վայ թե միլիարդատերդ, դու ալամ աշխարհի հայերի նախագահդ, մտնում ես որպես ինչ-որ մեկի զինվոր։ Ինչու՞։ Ինչու՞ ես ուզում եւս մեկ անգամ զինաթափել այս անզեն ժողովրդին։ Ես, իհարկե, գիտեմ, թե ինչու։ Որովհետեւ այս ժողովուրդը «բաժակը պետք է ցմրուր խմի», եւ դու այդտեղ ոչ մի դեր չունես, չլինի Աբրահամյան Արան, կլինի Մալիշկայի Խիարը։ Նա չի ասելու՝ ետեւս անցիր, Սատանա։ Նրանը Ղազարոսի առակն է։

Ժողովուրդը ձեր ամենաիդեալական զոհն է։ Ողբացեք, որ դուք զոհ մատուցողներ եք, ողբա, Արա, որ դու պարզապես շքեղ եւ պարարտ զոհ ես եւ քո ցավն ավելի զվարճալի է (մեղա, մեղա) լինելու, քան մերը։ Որովհետեւ, Արա, քաղաքականության առաջին զոհը միշտ թիկունքից մտնողներն են։ Ծառուկյան Գագիկի վարձը սա է։ Սա պիտի հաշվի առնես։ Սերժ Սարգսյանն էլ է թիկունքից մտել։ Դու կարող էիր լինել նրա վախճանի վկան, մինչդեռ գալիս ես լինելու բախտակիցը։ Հիշի՛ր, այսօր այս ժողովուրդը մատը մատին չի խփելու չխաբվելու համար։ Այս ժողովուրդը հերթական անգամ փորձության սեղանին է դնելու իր հավատը։ Հիշիր նաեւ, որ նման բաները չեն կոփում ժողովրդին։ Ինչու՞։ Որովհետեւ նրանից բովանդակությունն է քամվել։ Բայց սա ձեր գործունեության ազդակի բանը չէ, որովհետեւ բովանդակությունից զրկվածն ըստ այդմ էլ կպահի իրեն, երբ հնարավորություն ունենա ձեզ խժռելու։ Մխիթարվեք, եթե ձեր «քաղաքականությունից» ինքը դուրս գա առողջ։ Որովհետեւ դուք նա չեք, ում մարդիկ սպասում են։ Բայց հենց ձեր «շնորհիվ» է, որ ինչ-որ մեկը գալու է Նոր Խոսքով։ Ես չգիտեմ, թե դա երբ է լինելու։ Բաժակը պետք է ցմրուր խմվի։ Դրա գինը գուցե Ղարաբաղը լինի, դրա գինը գուցե Հայաստանի իսպառ հայաթափումը եւ նույնիսկ անկախությունը լինի, ես չգիտեմ։ Բայց մեր «պատմության քառուղիները» կուշտ են ձեր նմաններով, դուք օրիգինալ չեք այն անդեմությամբ եւ «հանուն ժողովրդի» կոչերով, որոնք մի քանի անգամ մեզ առիթ են տվել պատմությունն ու աշխարհագրությունն սկսել զրոյից։ Հեռու մնացեք Սերժ Սարգսյանից, պարզապես այս ժողովրդին մի խանգարեք իր զուլալ անզորության բաժակը մինչեւ վերջին կաթիլը խմել։ Ինքը պիտի հատակը տեսնի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում