Գլուխ թռցնելու «լեգիտիմությունը»

Բայց Լյուդովիկոսն ասում է՝ օրենքը ես եմ, բոլորը հասկանում են, որ նա պոետիկ լինելու մղումներից չէ այդքան քմահաճ։
Էս գործում «կարդիոխիրուրգ» է պետք։ Որովհետեւ մեր ժողովուրդը վատ գիտի լեգիտիմության, որպես իրավական դաշտի սրտի, աշխատանքը։ Ի՞նչ է Սահմանադրությունը։ Ովքե՞ր են գրում այն։ Սահմանադրությունը պետության սրտի աշխատանքն է։ Մնացած ամեն ինչը, որը կփոխարինի Սահմանադրությանը, արհեստական սիրտ է։ Արհեստական սիրտը վատ բան չէ, բայց նույնն է, երբ Աստծուն փոխարինում է տերտերը, կամ օրենքին՝ թագավորը։ Մենք կարծես թե գիտենք, որ Աստված կա, բայց մեզ հասնում է ինչ-որ խոսք Նրա անունից, որը Նրա շուրթերով թեկուզ տերտերը չի լսել։
Երբ Լյուդովիկոսն ասում է՝ պետությունը ես եմ, ֆրանսիացին դա կարող է ընկալել որպես թագավորի քմահաճույք։ Ինքն իրեն դնում է իմ տեղը, ուրիշի տեղը, գուցե հասկանում է, որ իմ մանկության երազանքն էր հայտարարել, որ «պետությունը ես եմ»։ Ինքը հայտարարում է ու փակում այդ թեման։ Որպեսզի ես իմ չափը ճանաչեմ։ Բայց երբ թագավորն ասում է՝ օրենքը ես եմ, բոլորը հասկանում են, որ նա պոետիկ լինելու մղումներից չէ այդքան քմահաճ։ Նշանակում է, առանձին վերցրած ոչ մեկը իր պետության մեջ որեւէ օրենքի ապավինել չի կարող, որովհետեւ պետք է հասնի թագավորի դուռը։ Այսինքն, «օրենքի»։ Իսկ թագավորն ասում է «օրենքը ես եմ», երբ արդեն ավարտել-վերջացրել է պետությունում մինչեւ ամենավերջին մուրացկանն իր ողորմածությամբ ապրել թույլ տալու աներկբայությունը՝ չլինի ինքը, չի լինի մուրացկանը։
Թագավորը հասկանում է, որ սա քաոս է. ինքը կարող է լինել ամբողջ պետությունը, որովհետեւ ի վերջո պետության գրադարանի նույնիսկ դեռ չկառուցված զուգարանն է մարմնավորում իր գոյությամբ, բայց երբ նա փորձում է դառնալ հենց օրենքը, փորացավն անգամ կարող է դիտարկվել պետության հիմքերի խարխլում։ Եթե այդպես որոշի թագավորը, որը դեռ չի «օրհնել» զուգարանի կառուցումը։ Եվ երբ թագավորն ասում է՝ օրենքը ես եմ, սա արդեն խելագարություն չէ, եւ հոգեբույժներն այստեղ առաջին պլանում չէ, որ պետք է լինեն։ Սա ապագա բոլոր հանցագործությունների պաշտոնական հովանավորը լինելու հայտ է։ Ներառյալ՝ մեզանից յուրաքանչյուրի մեջ պետությունը որպես օրգանիզմ բացառելու հայտ։ Որովհետեւ ինքը հո չի կարող ասել, որ իր հայտարարությամբ կանխել է Մհեր Արշակյանի «օրենքը ես եմ» ասելու մանկության երազանքի մղումը։ Մհեր Արշակյանը դեռ օրենք չի շոշափել։ Բայց «կռիվ-կռիվ» խաղացել է, նրանից սպասելի է ասել՝ պետությունը ես եմ։ Նրանից սպասելի է ապրել հանուն այդ օրվա, որ ասի։ Չէ՞ որ «կռիվ-կռիվ»-ը ինստիտուտներ չի ճանաչում, երեխաների մի խումբ բաժանում է դերերը՝ մեկը թագավորն է, երեքը զինվորն են, մեկը «կինոյի տղեն» է, մյուսն էլ աղջիկը։ Ու սկսում են նվաճել աղջկան, կամ պահպանել թագավորությունը։ Էստեղ օրենքներ չկան։ Վերջում բոլորս վազելու ենք լվացվելու, հետո հաց ուտելու, իսկ քնելուց առաջ՝ զուգարան։ Վերջ։ Կինոն պրծավ։ Էս ամբողջ ընթացքում թագավորի եւ զինվորների, նույնիսկ «կինոյի տղու» մտքով չի անցնում Սահմանադրություն եւ օրենք ունենալ։
Հիմա։ Ի՞նչ է անում թագավորը, որը, համարենք, որ պետության կամ նույնիսկ կայսրության ամենապրոֆեսիոնալ իրավաբանն է։ Նա ունի քաղաքացիներ։ Կայսրության հպատակներ, որոնցից յուրաքանչյուրը մյուսի գոյությունը պետք է հաշվի առնի։ Եթե խնդիրներ ունեն միմյանց հետ, պետք է հաշվի առնեն, որ կան ինչ-որ ատյաններ, որոնք այդ խնդիրները լուծելու համար են։ Այսինքն, օրենքներ են պետք։ Թագավորը,- համարենք, որ՝ միայնակ, քանի որ պրոֆեսիոնալ է,- օրենքներ է գրում։ Եթե թագավորն այլեւս բռնապետ չէ, էս օրենքները չեն աշխատելու։ Որովհետեւ թագավորը ինքնին ոտնձգություն է մարդկային հավակնոտության դեմ։ Մարդն ասում է՝ սովորում եմ, ինքնակրթվում եմ, աշխատում եմ, վճարում եմ հարկեր, տեսնում եմ, որ պետության մեջ ինչ-որ բան այն չէ, օրենքները հակասության մեջ են իմ սրտի մղումների հետ, ես ուզում եմ ինքս լինել երաշխավորը ինչ-որ բան փոխելու։ Թե չէ, եթե թողնենք թագավորին, իրենից հետո «թեկուզ ջրհեղեղ»։
Այսինքն, տեսնում եք, չէ՞, հենց թագավորն ուզում է իրապես պետություն ստեղծել, ծնվում են քաղաքացիները։ Այս քաղաքացիները միայն իրավաբաններ չեն, միայն գրողներ կամ կենսաբաններ չեն, միայն փիլիսոփաներ ու մաթեմատիկոսներ չեն։ Նրանք արդեն պետական օրգանիզմ են։ Նրանք տեսնում են, թե ինչպես է միահեծանությունը հյուծում պետությունը։ Ուզում են միասնաբար վերացնել էդ միահեծանությունը։ Ստեղծում են կուսակցություններ։
Իսկ եթե թագավորն իրենն է պնդում, թռցնում են նրա գլուխը։ Խելամիտ թագավորն ի վերջո քաշվում է երկրորդ պլան. քանի որ նա չի կարող լինել կուսակցական, դառնում է դիտորդ, օրենքի եւ պետական անվտանգության երաշխավոր։ Հրավիրում է քաղաքական կուսակցություններին (ավելի ճիշտ, դիմում է խորհրդարանին, ավագանուն, ծերակուտականներին) եւ ասում՝ գրեք ձեր Սահմանադրությունը, որովհետեւ իմ գրածի կենտրոնական դեմքը նույնիսկ հակառակ իմ կամքի, ես եմ։
Իսկ քաղաքական ուժերը չեն կարող միայն իրենց նկատի ունենալ, նրանք պետք է հաշվի առնեն հենց պետությունը որպես օրգանիզմ իր հաշմանդամներով, իր, ներողություն ձեւակերպման համար, անուղեղներով, իր ազգային եւ կրոնական փոքրամասնություններով (որպեսզի ֆաշիզմ չծնվի), իր արտաքին եւ ներքին մարտահրավերներով։ Որովհետեւ սրանք քաղաքական դեմքերի պատկերացնելիքն են։ Իրավաբանները հետո են գալիս։ Նրանք գալիս են եւ այս ամենը դնում օրենքի ձեւակերպումների տակ, իրավաբանները գալիս են առաջն ու հետոն կարգավորելու։
Եվ ոչ թե ինչ-որ մեկը կանչում է Հարությունյան Գագիկին եւ ասում՝ գրիր մի Սահմանադրություն, որում իմ անձի համեմատ նույնիսկ թագավորը ղալաթ է արել։ Նա, ով կանչում է Հարությունյան Գագիկին ու նման հանձնարարական տալիս, արդեն թքած է ունեցել գործող Սահմանադրության վրա, որովհետեւ ի սկզբանէ իշխել է որպես թագավոր, այսինքն, որպես մի մարդ, որը Սահմանադրություն չի ունեցել, որը, եթե նույնիսկ ունեցել է Սահմանադրություն, նրա կողմը չի նայել։ Եվ երբ նա նոր Սահմանադրություն է ուզում, ծիծաղում է իր քաղաքացիների վրա, քանի որ նրանց մոտ լեգիտիմության քննություն չի բռնել, հերիք չէ, դեռ առանց նրանց կարծիքը հարցնելու, առանց հին Սահմանադրության խութերին բախվելու, առանց թույլ տալու, որ այդ Սահմանադրությունը քննություն բռնի, կամ ձախողի այդ քննությունը, նորն է ուզում։
Ահա ինչու է «կարդիոխիրուրգ» պետք, ոչ թե՝ Հարությունյան Գագիկի սահմանադրական հանձնաժողովը։ Որովհետեւ մարդ է պետք, որը սրտի աշխատանքը գիտի։ Օրենքը պետության սրտի աշխատանքի արձանագրումն է, օրենքն այն ձեռնափայտն է, որի օգնությամբ, ըստ գերմանացի բժշկի պատկերացման, կարելի է կարգավորել սրտի աշխատանքը։ Լեւոն Ներսիսյանն էր պատմում։ Պարզ երեւում է, որ Սերժ Սարգսյանի եւ Հարությունյան Գագիկի շրջապատում ձեռնափայտ ունեցողներ չկան։ Որովհետեւ գաղափար չունեն արիստոկրատիայից։ Այս իշխանությունը կարծում է, թե կարելի է ղեկավարել նաեւ առանց լեգիտիմության։ Ինքը չի ասում՝ ես Աստծուց եմ, չի ասում՝ ես ժողովրդից եմ, կամ նույնիսկ Սահմանադրության թողած անցքերի պատճառով եմ կարողացել դառնալ նախագահ։ Չի ասում, որովհետեւ ժողովուրդը դեռ թագավորի գլուխ չի թռցրել, այդ իրենք են թռցրել ժողովրդի գլուխը։ Այսինքն, ինքը գիտի, որ եթե մի բան չի հաջողում, ժողովրդին սպանելը կա ու կա։ Ահա ինչու է փոխում Սահմանադրությունը։ Որովհետեւ ուզում է օրինականացնել հենց միայն գլուխ թռցնելը։
Մհեր Արշակյան










