«Վանաձոր-քիմպրոմ» ընկերության աշխատակիցները կստանան երկու ամսվա աշխատավարձը: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ իր մոտ հրավիրված խորհրդակցությանը:
«Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը դեռևս նախորդ շաբաթ հանձնարարություն էր ստացել՝ բաժնետերերի հետ այս շաբաթվա ընթացքում լուծել երկու ամսվա աշխատավարձի վճարումը բանվորներին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը՝ վճարել ամբողջ պարտքը, որոշում կայացնել «Վանաձոր-քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրի մասին: Վստահ եմ, որ արդեն այս շաբաթվա վերջին երկու ամսվա աշխատավարձը մարդիկ ստացած կլինեն, և մինչև դեկտեմբերի 15-ը ինչպես աշխատավարձի խնդիրը կլուծվի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի»,- ասել է Սերժ Սարգսյանը:
«Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատակիցները օգոստոսին և սեպտեմբերին ցույցեր էին կազմակերպել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը և որոշակիացնել գործարանի ճակատագիրը: Աշխատակիցները փորձել էին փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը:
Civilnet











