Կստեղծվի Լոռու զարգացման հիմնադրամ: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հոկտեմբերի 20-ին Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ իր մոտ հրավիրված խորհրդակցությանը:
Սերժ Սարգսյանը խոսել է մարզում առկա սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների մասին և նշել դրանց լուծման հնարավոր ուղիները:
«Տեղեկացնեմ, որ ես արդեն պայմանավորվածություն եմ ձեռք բերել, և մոտակա երկու շաբաթների ընթացքում մենք կասենք ձեզ հիմնադրամ ստեղծելու մասին՝ Լոռու զարգացման հիմնադրամ, որի խնդիրն է լինելու հենց այդ հարաբերական առավելություն ունեցող ճյուղերի զարգացումը Լոռու մարզում: Ես կարծում եմ, որ թեթև արդյունաբերության ոլորտը ձեր մարզում նորմալ զարգանում է, և այստեղ պետք է ներարկել որոշակի միջոցներ, ներգրավել նոր մարդկանց: Մենք այս խնդիրը, կարծում եմ, կարողանալու ենք կարճ ժամանակում մարզում լուծել»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Լոռու մարզպետին և ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է՝ քննարկել մարզի ՓՄՁ-ներին արտոնյալ պայմաններով դրամական փոխառությունների տրամադրման հնարավորություններն ու այդ ընկերությունների կարողությունների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման և արտահանման խրախուսման հստակ առաջնահերթություններից ելնելով, ծրագրային առաջարկներ մշակել՝ այդ նպատակով առաջիկայում ստեղծվելիք Լոռու զարգացման հիմնադրամին ներկայացնելու համար:
Civilnet











