Գլխավոր Լրահոս

Պետություն vs կոլխոզ

Պետություն vs կոլխոզ

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մարզային իշխանությունների հետ:

Դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մարզային  իշխանությունների հետ: Հոկտեմբերի 7-ին Շիրակի մարզպետի և մարզպետարանի պաշտոնյանների հետ հանդիպումից հետո հոկտեմբերի 20-ին նախագահականում խորհրդակցության էին հրավիրվել Լոռու մարզպետն ու մարզպետարանի պաշտոնյաններ:

Թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Սերժ Սարգսյանի հանկարծակի ուշադրությունը մարզերի նկատմամբ, առանձին խոսակցության թեմա է:

Լոռու մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել, որը կարելի է դիտարկել պետության փաստացի ղեկավարի կողմից  մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարում:

Անդրադառնալով «Վանաձոր- Քիմպրոմ» ՓԲԸ-ի խնդիրներին՝ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը դեռևս նախորդ շաբաթ հանձնարարություն էր ստացել՝ բաժնետերերի հետ այս շաբաթվա ընթացքում լուծել երկու ամսվա աշխատավարձի վճարումը բանվորներին, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը՝ վճարել ամբողջ պարտքը, որոշում կայացնել «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության հետագա ճակատագրի մասին: Վստահ եմ, որ արդեն այս շաբաթվա վերջին երկու ամսվա աշխատավարձը մարդիկ ստացած կլինեն, և մինչև դեկտեմբերի 15-ը ինչպես աշխատավարձի խնդիրը կլուծվի, այնպես էլ գործարանի հետագա ճակատագրի»:

Երկրի փաստացի ղեկավարն ու ՀՀ Սահմանադրության երաշխավորը կառավարության անդամների միջոցով միջամտում է մասնավոր բիզնեսի գործերին և հրապարակային հայտարարություններով ճնշումներ բանեցնում մասնավոր բիզնեսի վրա: Երկրի նախագահի իրավասությունների մեջ որևէ կերպ չի տեղավորվում որոշել կամ պարտադրել այս կամ այն մասնավոր ձեռնարկությանը, թե այն երբ իր աշխատողներին աշխատավարձ վճարի: Եթե որևէ գործատու՝ խոշոր կամ միջին, աշխատավարձերի հետ կապված օրենք է խախտել, ապա խնդիրը պետք է լուծվի  ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակներում: Երկրի նախագահ լինելը չի ենթադրում այլոց սեփականատիրական գործերին միջամտություն:

Սերժ Սարգսյանի արժեհամակարգը ձևավորվել է խորհրդային տարիներին, նա խորհրդային արժեքների կրողն ու վերարտադրողն է, որտեղ մասնավոր սեփականություն հասկացողություն գոյություն չունի, բացառապես հանրային եւ պետական սեփականության մասին կարող է խոսք լինել: Խորհրդային վարչահրամայական մեթոդոլոգիայով և ավանդույթներով անկախ Հայաստանում իշխանություն իրացնելը խարխլում է պետության հիմքերն ու տնտեսությունը: Անկախ Հայաստանի պայմաններում պետությունը չպետք է շփոթել կոլխոզի, իսկ պետության ղեկավարի պաշտոնը՝ կոլխոզի նախագահի պաշտոնի հետ:

Մյուս կողմից, նման պոռթկումները վկայում են, որ ենթագիտակցորեն իշխող վարչակազմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, երկիրն իր շարժական ու անշարժ գույքով հանդերձ համարում են իրենց սեփականությունը, իսկ մասնավոր սեփականատերերը ոչ այլ ինչ են, քան իրենց սեփականության կառավարիչներ:

Մի երկրում, որտեղ ամենաբարձր մակարդակով այս կերպ ոտնահարվում է մասնավոր սեփականության իրավունքը, չի կարելի լրջորեն խոսել ազատ մրցակցությունից, կոռուպցիայի և մոնոպոլիաների դեմ պայքարից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում