Ոհմակը

Սողոմոն Քոչարյանի ազատությունն առանց «Հետքի» հնարավոր չէր: Դա տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Սակայն հիմա էական է հասկանալը, թե ինչից է պրծել ծանրագույն հիվանդության մեջ գտնվող այդ մարդը: Իր կյանքի մեծագույն ողբերգություններն այդ մարդը ապրել է վերջին տարիներին: Բավական է հիշել, որ անցյալ տարի ինքնասպան եղավ նրա 19-ամյա դուստրը հոր հետ հանդիպումից հետո, երբ հասկացավ, որ այլևս նրան չի տեսնի ազատության մեջ:
Աղջիկը տեսնում էր, որ հոր մոտ հիվանդությունը հիվանդության հետևից է «աճում», իսկ ազատության հույս չկա: Նույնիսկ հոր երկու փախուստների ժամանակ նրան չի տեսել: Նրանք, ովքեր հիշում են Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի 16-ամյա դստեր՝ Դիանայի, ինքնասպանությունը, հավանաբար կհասկանան, թե ինչի մասին է խոսքը: Աղջիկը, հիշում եք, պատուհանից դուրս նետվեց, հենց լսեց հոր անակնկալ մահվան մասին լուրը: Մինչդեռ Սուրենն էլ էր դատապարտվել: Ճիշտ է՝ քաղաքական պատճառներով: Բայց երեխայի համար քաղաքական պատճառներն ի՞նչ; Բարեբախտաբար այդ ժամանակ Դիանան շատ ավելի փոքր էր: Մեր իշխանությանն այդպես էլ չհերիքեց որևէ մեկի սիրո կանխավարկածը, որպեսզի ցմահ դատապարտյալի մեջ տեսնի հորը: Ինչ-որ մեկի հոր աչքերի մեջ նայելով՝ ասել է, չէ՞, Սերժ Սարգսյանը՝ տենց եք անում, որ խիյարը թարս ա աճում: Ուրախանալու բան չէ, գրեթե ցմահ դատապարտյալին ասված խոսքեր են, որովհետև էդ ինչ-որ մեկը հույսեր է կապել Սերժ Սարգսյանի հետ, երբ մոտեցել է, էդ ինչ-որ մեկը որդու կամ դստեր խեղճությունն է ունեցել սրտում, երբ մոտեցել է: Եվ հանկարծ՝ տենց եք անում, որ խիյարը թարս ա աճում: Ու վերջ, բոլոր հույսերը թարս աճած խիյարի պես դարձան իռացիոնալ:
Սողոմոնի մայրը պատմում է, որ երբ հասուն աղջիկն առաջին անգամ մոր մահից հետո տեսել է հորը, կպել է նրան ու ասել՝ իմ պապան է, ոչ մեկին չեմ տա: Այսպիսի բաները հեռուստաէկրանից ցույց չես տա, IPhone-ով չես նկարի ու գցի ինտերնետ: Այսպիսի բաները հնարավոր է լսել հետին թվով, ինչպես ցեղասպանություն վերապրածների պատմություններն ես լսում: Միայն գրպան ունեցող իշխանությունը այսպիսի պատմությունների զահլա չունի: «Հետքի» կատարած աշխատանքից երևում է, թե ինչ անմարդկային համակարգի հետ է գործ ունեցել Սողոմոնը: Ցմահ ազատազրկման դատապարտվելը պատժի առավելագույն տեսակ է: Սա իսկապես պատիժ է, քանի որ դատապարտման մյուս եղանակները սովորաբար պատասխանատվության տեսակ են: Այդ պատիժը Սողոմոնը կրեց, ինչպես հայ դասականներն են ասում, գրեթե մինչև արյան վերջին կաթիլը: Սողոմոնը դեռևս ապրում է: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը գրում է, թե ինքն էլ չկարողացավ ոչինչ անել նրա ազատման համար: Եվ ոչ մի բացատրություն, թե ինչու: Որովհետև հույս ունի, որ դեռ կնկատվի և կգնահատվի: Քանի՞ արդարադատության նախարար է փոխվել վերջին երեք տարում: Քանի՞ արդարադատության նախարար է փոխվել Սողոմոնի դստեր ինքնասպանությունից հետո:
Երբ դատապարտյալը փախչում է բանտից, գիտեք, բանտի ամբողջ անձնակազմի նկատմամբ քննություն է սկսվում: Իսկ ո՞վ պատասխան տվեց Սողոմոնի դստեր ինքնասպանության համար: Ոչ ոք: Սողոմոնի ազատությունը մի գին է, որի համար դստերից ու մորից բացի ոչ ոք չի վճարել: Նրանք էլ չեն վճարել, որովհետև այսպիսի դեպքերում մահը հենց անձնական պարտությունն է այն բանի, ինչի համար ապրել ես: Այդ մարդը ազատ արձակվեց, երբ ազատության ամբողջ սահմանը հիվանդանոցի մի անկողին է, որն արդեն կար, երբ ինքը դեռ ցմահ ազատազրկված էր: Իսկ իշխանությանն ի՞նչ: Ոչ ոք չէր ասում, որ նա ազատության մեջ պիտի հայտնվի հենց սպանությունից հետո ձերբակալվելու հաջորդ օրը, բայց անբուժելի հիվանդի հանդեպ էդ ի՞նչ աստիճանի ներքինի եք եղել, այ մարդիկ:
Հովհաննես Մանուկյանը նայել է նրա աչքերի մեջ,- ուշադրություն,- նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Հավանաբար, փորձել է հասկացնել, որ մարդու հետ գործ ունի: Բայց չի փորձել մտածել, որ մի օր այս մարդը կարող է հայտնվել ազատության մեջ ու այդ ժամանակ փորձի նայել նրա աչքերին; Որպեսզի հասկանա՝ կկարողանա՞ ուղիղ նայել:
Սողոմոնը էժան չի պրծել, այսօր նա ուրախ է ոչ թե իր ազատության համար, այլ որ դա ուրիշների համար կարող է ազատություն արժենալ: Գոնե ազնիվ եղեք և խոսեք ավելի վաղ ազատ չարձակելու պատճառների մասին: Սողոմոնի հիվանդության մասին ախտորոշումներն ամենևին լավատեսական չեն: Շարունակության մասին ճիշտ չէ խոսել: Բայց դուք հասկանու՞մ եք, որ կյանքը հենց նրանով է կյանք, որ մի օր հայտնվելու եք նրա վիճակում:
Սերժ Սարգսյանի իշխանության մեջ հաստատ մի 50 հոգի կգտնվի (ներառյալ՝ Սերժ Սարգսյանը), որ ցմահ ազատազրկման դատապարտվելու հանցանք է գործել կամ կգործի: Դուք ձեզ հեչ հետաքրքիր չե՞ք: Ձեր երեխաները կամ թոռները ձեզ հետաքրքիր չե՞ն: Չեք ասելու՞, որ իշխանությունն էր այնպիսին, որ այդ հանցանքներն անխուսափելի էին: Ասելու եք: Բայց չեք ասել և չեք մտածել այդ մասին, որովհետև ձեր կյանքը հենց ցմահ դատապարտյալի կենցաղը բացառելու հանցանքներով եք լցրել: Որովհետև ձեր իշխանությունը ձեր վրայով եք սարքել ու սարքում, որպեսզի բոլորը նստեն ու մեռնեն, որպեսզի դուստրերը չմայրանան, միայն թե դուք չիմանաք: Որովհետև ձեզ համար հանցանքը սպանելն է և ոչ թե սպանության պատճառ դառնալը: Որովհետև ձեզ համար հանցանքն այն է, երբ ուրիշն է սպանում, ոչ թե՝ դուք: Որովհետև ձեզ համար մարդասպանն այն մարդն է, որը սպանելու թուլությունն է ունեցել, ոչ թե ուժը: Նաև՝ նա, ով սպանելիս մենակ էր: Մինչդեռ դուք ոհմակ եք:
Մհեր Արշակյան










