Ասիական զարգացման բանկը Հայաստանին «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակում 112 մլն 970 հազ. դոլար գումարի չափով վարկ կտրամադրի. համապատասխան վարկային համաձայնագրին հավանություն տալու վերաբերյալ որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
Ինչպես տեղեկանում ենք որոշման հիմնավորումից, «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» նպատակն է Հայաստանի քաղաքներում բարելավել քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից` քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքի բաղադրիչ, կառույցի բաղադրիչ, ծրագրի իրականացման բաղադրիչ:
Վարկը կտրամադրվի 22 տարի մարման ժամկետով, որից 15-ը` արտոնյալ:
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր - Ծրագիր 2» վարկային համաձայնագիրը Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է հոկտեմբերի 13-ին:
Civilnet











