Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Սիրիայում քրդական ինքնավարության ստեղծում թույլ չտալու համար. այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը խոստացել է «անել ամեն բան, որ Թուրքիայի հետ սահմանին՝ Թել Աբյադ քաղաքում, Սիրիայի քրդերը ինքնավարություն չհռչակեն»:
«Մենք չենք ցանկանում Հյուսիսային Սիրիայում տեսնել այն, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Իրաքում»,- ասել է Էրդողանը թուրքական Kanal 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մաս է կազմում, սակայն Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) առաջխաղացումը համարում է սպառնալիք սեփական անվտանգությանը:
Վերջերս տարածված տեղեկատվության համաձայն՝ Սիրիայի քրդերը երկրի հյուսիսում ազդարարել են նոր վարչատարածքային կազմավորման մասին, որի մեջ մտնում է Թել Աբյադ քաղաքը: Ավելի վաղ այն գրավել էին ԻՊ-ի զինյալները, սակայն հունիսին քրդական զինուժն ազատագրել է քաղաքը:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը երկու անգամ հարված են հասցրել PYD-ի ռազմական թևը հանդիսացող YPG-ին [«Ժողովրդական պաշտպանության ուժեր» - ՍիվիլՆեթ]. Էրդողանն ասել է՝ դա նախազգուշացում էր:
«Սթափվե՛ք: Եթե փորձեք դա անել այլուր, Թուրքիան որևէ մեկի թույլտվության կարիքը չունի, մենք կանենք անհրաժեշտ ամեն բան»,- սպառնացել է Էրդողանը՝ ակնարկելով, որ Անկարան հաշվի չի առնելու Վաշինգտոնի պահանջը՝ ձեռնպահ մնալ սիրիացի քրդերին հարվածելուց և կենտրոնացնել ջանքերը ԻՊ-ի դեմ:
Թուրքիայի ղեկավարը Սիրիայում քրդական կուսակցությանը նաև մեղադրել է էթնիկ զտումներ իրականացնելու մեջ:
«Մենք վճռական ենք դիմակայելու ցանկացած բանի, որ սպառնում է մեզ սիրիական սահմանի երկայնքով՝ ներսից կամ դրսից»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի այս հայտարարությունները հնչել են նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, որոնք անցկացվում են ներքաղաքական լարված մթնոլորտում:
Պատմաբան, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը և Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը քննարկել են Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը արտահերթ ընտրությունների նախօրեին:
***
Այս տարվա հուլիսին թուրքական օդուժը սկսեց հարվածներ հասցնել PKK-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ գործողություններն անվանելով «ահաբեկչության դեմ միաժամանակյա պատերազմ»: Այսպիսով խախտվեց քրդերի և Թուրքիայի միջև զինադադարը, որը տևեց երկու տարի և որի նպատակն էր վերջ դնել երեք տասնամյակ տևող հակամարտությանը. դրա արդյունքում զոհվել է մոտ 40 հազ. մարդ: PKK-ն Թուրքիայում ահաբեկչական կառույց է հռչակված: 1984թ. ի վեր կառույցի ռազմական թևը պատերազմ է հայտարարել Թուրքիային` նպատակ ունենալով երկրի քրդաբնակ շրջաններում անկախ պետություն ստեղծել: PKK-ն սերտ կապեր ունի PYD-ի հետ:
Civilnet











