ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հավասար չափով կսուբսիդավորեն էլեկտրաէներգիայի բարձրացված սակագինը:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, էլեկրաէներգիայի նոր և նախորդ սակագների փոխհատուցման համար կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:
Ըստ այդմ` կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (յուրաքանչյուրը հավասար չափով) մինչև 2016թ. հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը կփոխհատուցեն հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ):
Որոշմամբ` ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում: Միաժամանակ ՀԷՑ-ին առաջարկվում է սպառած էլեկտրական էներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից 6,93 դրամ/կվտժ նվազեցված չափով:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և մյուս քաղաքներում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը սակագնի 6.93 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սուբսիդավորումն իրականացվելու է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից առաջացած միջոցներից (Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը):
ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ զբաղվող միակ ընկերությունն է: Այն ստեղծվել է 2002թ. ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ի կողմից, որը ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն էր: ՀԷՑ-ը ստեղծվել է Հայաստանում գործող չորս էլեկտրաբաշխիչ ընկերությունների միաձուլման արդյունքում: «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իրացմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերություն է:
Սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբն ու «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ստորագրեցին Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին պայմանագիրը: