Կառավարությունը հոկտեմբերի 29-ի նիստին հավանություն է տվել ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, նոր վարկային ծրագիրը, որի ընդհանուր գումարը կկազմի 50 մլն դոլար, նախատեսվում է իրականացնել 2016-2019 թթ. ընթացքում:
Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80 տոկոս՝ 40 մլն դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20 տոկոս՝ 10 մլն դոլար) համաֆինանսավորմամբ:
«Նոր վարկային ծրագրի նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները (շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ) վերականգնելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար, ինչպես նաև ամրապնդել տրանսպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսական նշանակության ճանապարհային ցանցը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Civilnet











