Ֆարմանյանը դագանակ է

Սամվել Ֆարմանյան-Կարեն Անդրեասյան հակամարտությունը ոչ պետական գործիչների, ոչ էլ տղամարդկանց կռիվ էր: Այդ հակամարտությունում պետությունը չկա, և երկրորդ, ոչ մեկը համարձակություն չունի ասելու, թե որտեղից է իրար գզվռտելու պատվերը: Կարեն Անդրեասյանն ակնարկում է, որ Ֆարմանյանի թիկունքում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, Ֆարմանյանն ասում է, որ` ի՞նչ փեսա, իր շեֆը Սերժ Սարգսյանն է, իսկ նրանից պատվեր չունի:
Մինասյանի ականջներն այս հակամարտությունում տեսնելը հեշտ է, պարոն Անդրեասյան, դու նրա մասնակցության պատճառներից խոսիր: Նախորդ օրը քեզ քննադատած ընդդիմադիրներին անվանում էիր «հիվանդ գլուխներ»: Որովհետև նրանց հարվածները ցավոտ չեն: Քեզ թվում էր, թե մտքովդ անցածը կարող էիր ընդդիմադիրներին ասել, որովհետև հո իշխանությունները քո ականջները չե՞ն քաշի դրա համար: Իսկ Ֆարմանյան Սամվելի որակումներից ցավ զգացիր: Որովհետև քո պաշտոնում մնալու հավանականությունն այդ որակումները դարձնում են «էսօր-էգուց»:
Հիմա անդրադառնանք Սամվել Ֆարմանյանին: Եթե նկատել եք, այս տղան անընդհատ իր գնահատականներով իրեն տարանջատում է ավագ հհկականներից: Ավագների խոսքը սովորաբար դիֆերամբային է և լոզունգային: Ոչ մի միտք: Դիցուք, մատները թանաքոտելու մասին Սուքիաս Ավետիսյանի այսօրվա ելույթը նույնիսկ հանրային զուգարանի հսկիչի բերանով կարող է հնչել: Որովհետև այդպիսի բաներ ասելու համար, ինչպես դասականն էր ասում, մեծ խելք պետք չէ: Սամվել Ֆարմանյանի մտքերն ասելու համար նույնպես մեծ խելք պետք չէ, բայց դրանք անպայման հենք ունեն, այսինքն, նրա խոսքերում կարող ես զգալ քամու ուղղությունը, թե որտեղից է գալիս այն:
Այս դեպքում մամուլը և Կարեն Անդրեասյանն ակնարկեցին Միքայել Մինասյանին, որպես Վատիկանից փչող քամի: Ենթադրենք, որ դա այդպես է: Իսկ ի՞նչ հարց է լուծում Մինասյանը: Այս մասին ոչ մի խոսք: Ինչու՞: Որովհետև Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ կկարողանա նրա հետ լուծել իր հարցերը: Ճիշտ ինչպես այն ազատամարտիկը, որին անձամբ էր ծեծել Ռուբեն Հայրապետյանը: Եթե վերջինիս ինքնախոստովանությունը չլիներ, այդ ազատամարտիկը, բան չէր մնացել, որպեսզի ասի, որ Հայրապետյանին դեմքով էլ չգիտի: Անդրեասյանը հակամարտության սկզբին դեմքով գիտի Մինասյանին: Նույնիսկ որպես քամի գիտի: Բայց գիտի նաև որպես հարց լուծող: Ինքն էլ է եղել նրա ընկերը:
Հիմա Անդրեասյանը գահընկեց արված ընկեր է: Ֆարմանյանը դեռ ձիու վրա է: Հիմա թողնենք մի կողմ նրանց հակամարտությունը: Չէ՞ որ երկուսն էլ այսպես թե այնպես Հայաստանի Հանրապետության հետ կապ չունեն իրենց «հայրենասիրությամբ»: Եթե Անդրեասյանը կապ ունենար, գոնե խորհրդարանում կարժանանար մեկ ընդդիմադիրի կիսագովքին: Իսկ գովքը հնչեց միայն Հանրապետականից և նրա արբանյակներից: Նույնիսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էր ապշել, թե «էս ի՞նչ պատմություն էր»: Որովհետև Ֆարմանյանը «նարուշիլովկա» ունի: Նա ազատորեն կարող է քար գլորել ցանկացած իշխանավորի վրա, որը երիտհանրապետական չէ կամ, եթե նույնիսկ, երիտհանրապետական է, Հովիկ Աբրահամյանի թևից է: Աստված իր հետ:
Ֆարմանյան Սամվելը դագանակ է: Հենց սա է վշտացրել Անդրեասյանին: Ինքը մի ամբողջ ՄԻՊ է, դագանակ չէ, իսկ Ֆարմանյան Սամվելը դագանակ է: Ասում է՝ ես ինչ-որ մեկի ոտքը տրորել եմ: Էլի փեսա Մինասյանին է ակնարկում: Լավ ես արել, վաղուց էր պետք: Բայց էդ ո՞նց ես տրորել, որ չզգացինք: Բա ասում էիր՝ իմ պաշտոնը քաղաքական չէ, ես քաղաքականության մեջ չկամ: Էդ ոտքը տրորելու մասին հայտարարությունը նվազագույնը քաղաքական է:
Ոստիկանությունը հունիսի 23-ին լրագրողներին ուղղակի ջարդեց որպես խանութները գրոհած ջարդարարների: Չտեսանք, որ Վլադիմիր Գասպարյանի կամ Երանոսյան Լյովայի ոտքը ցավա կամ գոնե կոշիկը կեղտոտվի: Որովհետև դու ես թույլ տվել, որ քո վիրտուալ ոտք տրորելուն կարողանան հակադարձել ֆիզիկական տրորոցիով: Այո, Ազգային ժողովն է քեզ ընտրել, և դու հաշվետու ես հենց Ազգային ժողովին: Թե՞ Ֆարմանյանի կատաղի, իսկապես զեկույցի հետ կապ չունեցող հոխորտանքը ցույց էր տալիս, որ դու կողմերից ոչ մեկինը չես: Դու չես զբաղվում քաղաքականությամբ, բայց ինչու՞ ես խանգարում, որ քեզ վրա զբաղվեն քաղաքականությամբ: Այստեղ հրեշտակներ չկան և դու էլ հրեշտակ չես: Երբեք ըստ էության չես աշխատել մինչև վերջին երեխան «քաղաքականացված» այս երկրում: Ակտիվացել ես միայն այն ժամանակ, երբ Մինասյանը պատասխան ոտք տրորելով է հանդես գալիս:
Պարոն Անդրեասյան, քեզ չի՞ զարմացնում, որ հասարակությունը ոտքի չի կանգնել և քո կողքին չէ: Նորմալ երկրում Ֆարմանյան Սամվելը հրաժարված կլիներ պատգամավորական մանդատից իր բոցաշունչ ելույթի համար, քեզ ոչ ըստ էության պատասխանելու համար: Բայց նրա ուղին դու ես հարթել, որովհետև իր քվեի ներկայացուցիչն ես, դու սկզբից նրան ես ժպտացել, երբ ընտրվելու հարց կար, իսկ ընդդիմության վրա ընդհանրապես չես նայել: Որովհետև գերազանց գիտես, որ քո պաշտոնը քաղաքական է: Գերազանց գիտես, որ քո մատնանշած բոլոր խախտումների թիկունքում Ֆարմանյան Սամվելին պաշտպանող իշխանության ականջներն են: Ու դու գիտեիր, որ Ֆարմանյան Սամվելն ի սկզբանէ է եղել դագանակ: Հիմա այդ դագանակը պարզապես իջեցվել է քո գլխին: Ու այստեղ կապ էլ չունի, որ նա առանձնացել է ՀՀԿ-ի ծերակույտից: Պետք է եղել, առանձնացել է, եղբայր: Այս ամբողջ հակամարտության ստնտուն դու ես, ոչ թե Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը կամ Ֆարմանյան Սամվելը: Դե ինքդ էլ կեր քո եփած ճաշը, որն արդեն եռում էր ՄԻՊ դառնալու առաջին օրվանից:
Մհեր Արշակյան










