Գլխավոր Լրահոս

Երկրի ներսում փողի պակաս չկա. Վարդան Օսկանյան

Երկրի ներսում փողի պակաս չկա. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանը քննադատում է կառավարության տնտեսական քաղաքականությունը:

Իր ֆեյսբուքյան էջում Օսկանյանը գրել է, որ համաձայն է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որ բյուջեի հիմքում ավելի մեծ տնտեսական աճ պետք է դնել:  2016թ. համար պետբյուջեի նախագծով նախատեսված 2.2 տոկոս աճ: 2016թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական քննարկմանը Բագրատյանը հայտարարել էր, որ պետք է ավելի մեծ աճի շեշտադրում ունենալ:

Օսկանյանն այս կապակցությամբ գրում է, թե արդեն ձանձրալի է դառնում, երբ 2008-ից սկսած՝ կառավարությունն իր ձախողություններն ու անգործությունը բարդում է արտաքին միջավայրի վրա: Նրա համոզմամբ՝ երկրի ներսում փողի պակաս չկա, կա փող ունեցողների վստահության պակաս:

Երկրի ներսում փողի պակաս չկա, պարզապես փողի տերերը չեն ուզում ներդնել տնտեսության մեջ: Եթե փողի զանգվածը շրջանառվեր նույն արագությամբ, ինչ 2008թ., ապա ՀՆԱ-ն 2014թ. պետք է կազմեր ոչ թե 4,843 տրլն, այլ 8,37 տրլն դրամ:
«Ես կարծում եմ, որ Հայաստանում իրոք կարելի է՝ անկախ արտաքին գործոններից, տնտեսական բարձր աճ ապահովել: Դրա համար պետք է լինել ավելի համարձակ, շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ կիրառելով հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականություն՝ թեկուզ ի հաշիվ դեֆիցիտի մեծացման:

Իհարկե, այստեղ կա կարևորագույն մի խնդիր: Նման քաղաքականության հաջող իրականացման համար կառավարությանն անհրաժեշտ է երեք հատկանիշ.

  1. երկրի զարգացման տեսլական և ծրագիր,
  2. քաղաքական կամք՝ անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումների համար,
  3. ժողովրդի անվերապահ վստահություն:
Դժբախտաբար, այս երեքն էլ այսօր բացակայում են: 2008-ից ի վեր պետությունը չի կարողացել ներկայացնել երկրի զարգացման ծրագիր, չի ունեցել ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք կարող էին էապես համախմբել երկրի տնտեսական ներուժը և խթանել աճը: Առայսօր ներկայացվել է միայն Հյուսիս-հարավ ճանապարհի ծրագիրը: Դատելով ծախսված գումարներից, ուշացված ժամկետներից և իրականացված աշխատանքներից՝ Հյուսիս-հարավ ծրագիրը կարելի է համարել մեր նորագույն պատմության ամենամեծ տնտեսական բլեֆը:
Հյուսիս-հարավ ծրագիրը կարելի է համարել մեր նորագույն պատմության ամենամեծ տնտեսական բլեֆը:
Ինչպես նախկին կառավարությունը, այս կառավարությունը ևս չկարողացավ իրականացնել իր խոստացած բարեփոխումները: Ընդհակառակը, բացասական առկա երևույթներն ավելի խորացան: Վարչապետը չկարողացավ վերականգնել նաև ներդրողների և առհասարակ հասարակության վստահությունը տնտեսության նկատմամբ: Արդյունքում երկրի կարիքների ընթացիկ ֆինանսավորումը շարունակում է իրականցվել հարկային խստացված ռեժիմով և արտերկրից վերցված նորանոր վարկերով: Կառավարությունն այս ընթացքում մեծամասամբ վարել է զսպողական ֆինանսավարկային քաղաքականություն: Բնական է, որ նման պայմաններում Հայաստանի տնտեսությունը կգտնվի անկման կամ լավագույն դեպքում՝ լճացման մեջ:

Ինչ վերաբերում է վստահությանը, ապա դրա բացակայությունն իսկապես մեր տնտեսության զարգացումը խոչընդոտող ամենահիմնական գործոններից է: Երկրի ներսում փողի պակաս չկա, պարզապես փողի տերերը չեն ուզում ներդնել տնտեսության մեջ: Մի պարզ փաստարկ. 2008թ. երկրում փողի զանգվածը կազմում էր մոտ 708 մլրդ դրամ, այդ տարում մեր ՀՆԱ-ն կազմել է 3,568 տրլն դրամ: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ հինգ անգամ: 2014թ. փողի զանգվածը եղել է 1,674 տրլն դրամ, իսկ ՀՆԱ-ն՝ 4,843 տրլն դրամ: Սա նշանակում է, որ տարվա ընթացքում փողի զանգվածը շրջանառվել է մոտ 2.8 անգամ: Այլ կերպ ասած, եթե փողի զանգվածը շրջանառվեր նույն արագությամբ, ինչ 2008թ., ապա ՀՆԱ-ն 2014թ. պետք է կազմեր ոչ թե 4,843 տրլն, այլ 8,37 տրլն դրամ: Մոտավորապես կրկնակին:

Իհարկե, սրանք կոպիտ հաշվարկներ են, բայց ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում խնդիրը ոչ թե փողի պակասն է, այլ փողի տերերի վստահության պակասը կառավարության և տնտեսության նկատմամբ:

Չի կարելի անվերջ շահարկել արտաքին գործոնները, առավել ևս, երբ համաշխարհային տնտեսությունը միանշանակ մտել է աճի փուլ»,- գրել է Վարդան Օսկանյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում