2016 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են առաջին հերթին իրատեսականության և կայունության դրույթները: Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, այսօր այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ:
«2016 թվականի պետական բյուջեն ևս ունի հստակ սոցիալական ուղղվածություն, որի մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են սոցիալական, կրթական, մշակութային և առողջապահության բնագավառների ծախսերը:
Պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման համար ծախսերը նախատեսված են այս ոլորտներում մեր կենսունակությունն ամրապնդելու և պահպանելու տրամաբանությամբ:
Շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:
Հարկաբյուջետային ոլորտի զարգացումները ողջ տարածաշրջանում վկայում են մի բանի մասին՝ գլոբալ կառուցվածքային փոփոխությունների և լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է:
Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և միջազգային կառույցներ 2015 թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009 թվականների միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը:
Էներգակիրների գների կտրուկ տատանումներով պայմանավորված` տարադրամային տատանումները Ռուսաստանի Դաշնությունում բերեցին տարածաշրջանային երկրներ տրանսֆերների զգալի անկման: Նման անկումն էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծախսերն առավել բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը:
Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունում 9 ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3.6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն է՝ արտաքին պայմանների նման վատթարացման դեպքում հանրային բարեկեցության մեր միակ ճանապարհը ներդրումների խթանման և տնտեսական աճի ապահովման միջոցով աշխատատեղերի ստեղծումն է»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նա նշել է, որ հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը, ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ. «Տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազման պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը՝ թե՛ նոր մուտքեր ապահովելու, թե՛ հին մուտքերը կանոնակարգելու, թե՛ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից»:
Այս առումով վարչապետը կարևորել է ՀՀ նոր Հարկային օրենսգրքի քննարկումը և ընդունումը: Նա ասել է, որ այդ օրինագծի մշակման ժամանակ ֆինանսների նախարարությանը տվել է ուղղորդող ցուցումներ: Դրանք են`
• Նախատեսել երկարաժամկետ աճի խթանում` չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների վրա:
• Երկրի մրցունակության և ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա:
• Որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը: Կատարվող բարեփոխումները բոլոր ժամանակահատվածներում պետք է բերեն բյուջեի եկամուտների ավելացման՝ որպես առաջնային ռեսուրս դիտարկելով հարկահավաքման արդյունավետության բարձրացումը և հարկատուների համար պայմանների դյուրացումը:
• Նախատեսել արտոնությունների աստիճանական փոխարինում սուբսիդիաներով, սակայն միայն այն դեպքում, երբ հնարավոր լինի դրանց թիրախավորված տրամադրումը կարիքավոր խավերին` փոխհատուցելով գների հնարավոր աճը: Ապահովել վերոնշյալ բարեփոխումների միմյանց հետ ոչ միաժամանակ իրականացումը կարևորագույն սոցիալական ոլորտներում:
• Բարեփոխումները պետք է իրագործվեն 3-5 տարվա ընթացքում` հարկային համակարգում կայունություն և սահունություն ապահովելու նպատակով:
• Առավել արդարացի հարկման ապահովման նպատակով նախատեսել հարկային մեխանիզմների և վարչարարության աստիճանական բարդացում:
«Այդ սկզբունքների հիման վրա ֆինանսների նախարարությունը մշակել է Հարկային օրենսգրքի այն տարբերակը, որը կառավարությունը դրել է շրջանառության մեջ: Այժմ մեր բոլոր գերատեսչություններն ու նախարարություններն ակտիվորեն քննարկում են այդ փաստաթուղթը հանրության բոլոր հատվածների հետ:
Թեև օրենսգրքի վերջնական տարբերակը դեռևս կներկայացվի Ազգային ժողովի դատին, որտեղ ակնկալում ենք շահագրգիռ քննարկումներ, այս պահից արդեն հրավիրում ենք պատգամավորներին նաև այս փուլում ակտիվ քննարկման Հարկային օրենսգրքի և հարակից նախաձեռնությունների շուրջ:
Բյուջեի քննարկումն այն հարթակն է, որի միջոցով կառավարությունը համակարգված և համալիր կերպով քննարկում է իր գործունեությունը, ստանում արդյունավետ հետադարձ կապ, ընդունում ճշգրտող որոշումներ: Ինչպես նշել եմ նախկինում, մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսակետից և հնարավորի սահմաններում ձգտել ենք երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: Հուսով եմ, որ հանձնաժողովներում քննարկումները ևս կընթանան այս տրամաբանությամբ, և երկխոսության արդյունքում մենք կհասնենք ճիշտ և արդյունավետ լուծումների: Ակնկալում ենք ձեր անմիջական աջակցությունը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Civilnet











