Հեղափոխությունից հակահեղափոխություն

Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանn ասել է, որ մյուս տարի կյանքն ավելի դժվար է լինելու: Բացառիկ հայտարարություն է նոր Սահմանադրությունն անցկացնելու ֆոնին:
Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը երեկ ասել է, որ մյուս տարի կյանքն ավելի դժվար է լինելու: Բացառիկ հայտարարություն է նոր Սահմանադրությունն անցկացնելու ֆոնին: Այսինքն, այնքան վստահ են, որ «այո»-ին այլընտրանք չկա, որ քիչ է մնում հայտարարեն, որ մյուս տարի կյանքն ավելի ենք դժվարացնելու: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր արդեն ասել է՝ սպասվում է գների բարձրացում:
Իրենք մեզ հետ խոսում են սպառնալիքներով, իսկ մենք փոխարենն ի՞նչ ենք անում. ասում ենք քվեարկեք «ոչ»: Զինանոցի բացառիկ անհամապատասխանություն: Այսպիսի անհամապատասխանությունից օկուպացիայի հոտ է գալիս: Միայն օկուպացված տարածքի մարզպետը կասի, որ իմ մարզը 100 տոկոս «այո» է ասելու նոր Սահմանադրությանը: Էս մարդիկ, ուշադիր եղեք, կարեւոր բան են ֆիքսում. նրանք խոստովանում են, որ ժողովուրդն սպառել է իրենց հետ հարաբերվելու քաղաքակիրթ բոլոր եղանակները: Որովհետեւ իրենք իրենց արդեն քաղաքակիրթ չեն պահում: Իրենք մեզ հետ հարաբերվում են հակահեղափոխության բառապաշարով, ասես հեղափոխությունը քթների տակ է: Այս իմաստով, Հայաստանում այլեւս խոսք չի կարող լինել իշխանափոխության մասին: Որովհետեւ իշխանափոխությունն այնուամենայնիվ քաղաքակիրթ գործողություն է՝ մոտ 50-60 հազար մարդ դուրս է գալիս փողոց, երկու-երեք օր տուն չի գնում, իշխանությունների հետ կիսահղի լուծումներ չի գտնում ու վերջ՝ իշխանությունը հեռանում է: Եթե, իհարկե, միանգամից չի կրակում: Իշխանության միջին կամ ստորին էշելոնն էլ գիտի, որ պետությունից հեղափոխության վառոդի հոտ է գալիս: Վերին էշելոնն էլ գիտի: Ավելի ճիշտ, վերին էշելոնը էդ հոտը չի առնում, ինքը մտածում է, որ հեղափոխական արկածախնդրությունը կկասեցվի հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի միջոցով:
«Նոր Հայաստանի» հեղափոխականությունը իշխանությունը լուրջ չի ընդունում. նորմալ է, որովհետեւ ամբողջ տրամաբանությունը քաղաքական զինանոցից դուրս է: Բայց հակառակի պես քաղաքական զինանոցն այս օրերին չի աշխատի: Քաղաքական ցանկացած ընդդիմադիր ուժ, որը փողոց դուրս եկած ժողովրդին կփորձի վախեցնել արյունահեղությամբ, կորած է, ինքը կարող է հույսեր չունենալ, որ կընկալվի այս ժողովրդի կողմից, ինչպես այլեւս չի ընկալվում ՕԵԿ-ը: Հետեւաբար, ընդդիմադիր ցանկացած ուժ, որը ժողովրդին կառաջնորդի փողոցում, պետք է աշխատի իշխանության հետ, որպեսզի վերջինիս զինաթափումը սահուն լինի: Որովհետեւ, եթե զինաթափումը սահուն չեղավ,- հեղափոխության տրամաբանությունն է,- ընտանիքներով պատասխան կտան, եթե ժողովուրդը որոշեց անցնել Ռուբիկոնը:
Պետք է լինի մի հռետորաբանություն, որում ոչ թե քարոզվի «ոչ»-ը, այլ «ոչ»-ն արդեն համարվի կայացված փաստ, այսինքն, դա պետք է լինի հաղթանակն արձանագրած խոսք արդեն մինչեւ հանրաքվեն:Սերժ Սարգսյանը պետք է մտածի այս մասին: Արկածախնդրությունը պարզապես կսրբի նրան, ինքը պիտի պարզապես հրաժարվի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից: Որովհետեւ հանրաքվեից հետո ուշ է լինելու, այնքան ուշ, որ ամենաշարքային հանրապետականի անվտանգությունն անգամ կարող է դրվել հարցականի տակ: Բացառված չէ, որ հենց ինքն է ժողովրդին փորձում մղել արկածախնդրության, որպեսզի մի վճռական անգամ ուժ ցույց տա ու գոնե մի տասնյակ տարով փակի ընդվզման որեւէ փորձի թեմա: Բացառված չէ: Մենք հոկտեմբերի 27 ենք տեսել, երբ նա ԱԱԾ նախարար էր, մենք մարտի 1 ենք տեսել, երբ նա նախագահի կեղծված ընտրություններով արդեն ՀՀ նախագահ էր: Արկածախնդրություններ խաղարկելն ու դրանք արյունով թոթափելը նրա մասնագիտությունն է: Ինքը պետք է մտածի, սակայն, այն մասին, որ փողոց դուրս եկողն արդեն քաղաքացիական հասարակություն չի լինելու, որին կարելի է խաբել աուդիտով ու հաճոյախոսություններով: Դա լինելու է բոլոր թանկացումների, բոլոր նվաստացումների եւ երբեւէ լսված չլինելուց կենդանի վառոդի վերածված ժողովուրդ: Հետո արդեն չեք կարողանա մեղքը գցել սադրիչների վրա, միայն Լյովա Երանոսյանն ու Վլադիմիր Գասպարյանը հերիք են, որ հետհանրաքվեական բողոքները դառնան անկառավարելի:
Իսկ ի՞նչ կարող են անել ընդդիմադիր ուժերը: Նրանք պետք է հռետորաբանություն փոխեն: Սերժ Սարգսյանի եւ նրա թիմի մարդակեր բնույթը պետք է ներկայացվի հենց մարդակեր: Ժողովուրդը պետք է վճռական լինի բուն հանրաքվեի ժամանակ, այսինքն, հռետորաբանությունը պետք է լինի այնպիսին, որ որեւէ գյուղում քվեատեղամաս գնացած մարդը հենց «ոչ» քվեարկի ու լինի իր «ոչ»-ի տերը, այլ ոչ թե վախից քվեարկի «այո» եւ հուսա, որ Երեւանում ընդդիմությունը մի բան կանի ու ինքը գոնե իր խղճի առաջ պարզերես դուրս կգա՝ ես չարեցի, բայց գոնե հոգով նրանց հետ եմ: Ոչ: Պայքարի հռետորաբանությունը պետք է լինի անխախտ «ոչ»-ը:
«Ոչ»-ը որպես քվե այնպիսի ֆիզիկական հնչեղություն պիտի ունենա, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքից փախչի անհայտ ուղղությամբ, ոչ թե որոշի արդարանալ Սերժ Սարգսյանի առաջ:Այսինքն, իշխանությունը պետք է զգա, որ «ոչ»-ը քար է ծակում: Ինքը պետք է այդ «ոչ»-ից կամազրկվի: Այսինքն, «ոչ»-ը որպես քվե այնպիսի ֆիզիկական հնչեղություն պիտի ունենա, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքից փախչի անհայտ ուղղությամբ, ոչ թե որոշի արդարանալ Սերժ Սարգսյանի առաջ, թե ինչու ձախողվեց: Այս պահին ընդդիմությունը դեռ իր զինանոցում ունի հռետորաբանության փոփոխությունը: Ժողովուրդը պետք է հասկանա, որ Սերժ Սարգսյանի, որպես մարդու, գոյության հարց չի դրված, այլ կամ իր գյուղը, իր պապի գերեզմանը, իր դուստրը, իր որդին, ապագա Երեւան-Մոսկվա երթուղով հեռացող իր ամուսինը, կամ՝ Սերժ Սարգսյանը: Երկուսից մեկը: Ժողովուրդը պետք է լսի մի խոսք, որը կալեյդոսկոպի նման իր առջեւ բերի իր ձախողված կյանքը, որովհետեւ պետության ձախողման դեմ Ռուսաստանը կա ու կա՝ կհեռանանք, Հայաստանի հերն էլ անիծած:
Ժողովուրդը պետք է «ոչ» քվեարկի այնպես, ինչպես բանաստեղծը գրում է իր կյանքի բանաստեղծությունը, ինչպես դիմորդը հանձնում է ընդունելության քննությունը: Ուրեմն, պետք է լինի մի հռետորաբանություն, որում ոչ թե քարոզվի «ոչ»-ը, այլ «ոչ»-ն արդեն համարվի կայացված փաստ, այսինքն, դա պետք է լինի հաղթանակն արձանագրած խոսք արդեն մինչեւ հանրաքվեն: Որպեսզի ժողովուրդը չկասկածի, որ իր «ոչ»-ը վերջապես քար է ծակում: «Ոչ»-ը պետք է դառնա ընդդիմության հակահեղափոխությունը, որպեսզի իշխանությունը չմտածի արյունով վախեցնելու մասին:
Հիշե՛ք, իշխանությունն իրեն անպատիժ է պատկերացնում, որովհետեւ հանրաքվեն արդեն անցկացրած է համարում, Սյունիքի մարզպետի, Ռուբեն Հայրապետյանի, գեներալ Մանվելի կամ Առաքել Մովսիսյանի «ջանը սաղ ըլնի, «այո»-ն կանցկացնեն, ի՞նչ ա էղել որ»: Իրենք արդեն կանխիկացրել են հաղթանակը, որովհետեւ խաղադրույքը ժողովրդի վրա չէ, այլ կեղծիքների, սպառնալիքների, կաշառքի եւ արյան: Ուրեմն, ընդդիմությունն արդեն այսօր պետք է կանխիկացնի «ոչ»-ը: Այսինքն, քվեարկեցիր այնպիսի «ոչ», որով այլ իրավիճակներում կարելի է գլուխ ջարդել: «Ոչ»-ն ահա այդպիսի քար պետք է դառնա մարդու ձեռքում քվեախցիկ մտնելու պահին:
Մհեր Արշակյան










