Սերժ Սարգսյանի այցը «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերության ջերմոց՝ Կոտայքի մարզի Գողթ գյուղում, մայիս, 2014թ.:
Կառավարությունն արդեն երկրորդ տարին է, ինչ պետբյուջեի հաշվին օժանդակում է նախագահի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի հիմնադրած «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը:
Նոյեմբերի 5-ի նիստում գործադիրը թույլատրեց այս ընկերության կողմից ներմուծվելիք 1, 338 մլրդ դրամի ապրանքների մասով ավելացված արժեքի հարկի վճարումը՝ 267 մլն դրամ, հետաձգել մինչև 2018թ.:
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: «Արմյանսկիյ ուրաժայն» այդ նպատակով նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն:
«Ընկերությունը նախատեսում է տարեկան արտադրել շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ.), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:
Անցյալ տարվա մայիսին կառավարությունը թույլատրել էր «Արմյանսկիյ ուրաժայ»-ի կողմից ներմուծվելիք 3.66 մլրդ դրամի ապրանքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ. մայիսի վերջ:
Ուշագրավ է, որ անցյալ տարի կառավարությունն այս ընկերությանը հարկային արտոնություն էր տվել բանջարեղենի արտադրություն կազմակերպելու համար, մինչդեռ այս տարի ընկերությունն արդեն կենտրոնանում է հոլանդական վարդերի աճեցման վրա:
***
Արամ Ղարիբյանը ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում է 2011թ. հունվարի 31-ից: Ղարիբյան եղբայրները «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությունը հիմնադրել են 2014թ. փետրվարի 27-ին:
«Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության վերաբերյալ ՍիվիլՆեթի նախկին հրապարակումները`
Նախագահի խորհրդականի շահավետ բիզնեսը
100 հազ. դրամով՝ 6,5 մլրդ ներդրում
Civilnet











