Գլխավոր Լրահոս

Քվեագող ենք, քանի դեռ չեք բռնել մեր ձեռքը

Քվեագող ենք, քանի դեռ չեք բռնել մեր ձեռքը

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը Հանրային հեռուստատեսության եթերում սկսել է բանավեճային հաղորդաշար վարել՝ «Եռանկյունի» անունով:

Ուրբաթ օրը առաջին հաղորդման ժամանակ, երբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ 2013թ. նախագահական ընտրություններին իրենց հաջողվեց պահպանել Րաֆֆի Հովհաննիսյանին տրված քվեների ընդամենը 40 տոկոսը, ՀՀԿ փոխնախագահը հաղորդավարի կարգավիճակում արձագանքեց. «... ավելի վատ բան եք ասում, այսինքն՝ ավելի շատ ուենիք ու չպահպանեցիք: Այ ինչո՞ւ չպահպանեցիք [...]: Դուք ստացել եք 40 տոկոս ձայն, բայց չունեիք մարդիկ ընտրական հանձնաժողովներում, այդ պարադոքսը ինչպես բացատրել, չունեիք 2000 մարդ, որ հսկեն ձեր ձայները»:

Ուշադրություն դարձրե՛ք հարցադրմանը. իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչը հանդիմանում է ընդդիմության ներկայացուցչին, թե ինչու նրանք չեն բռնել 2013թ. քվեագողերի և ընտրակեղծարարների ձեռքը: Կրթության և գիտության նախարարը հավանաբար տեղյակ չէ, որ բոլոր տեսակի հանցագործներին, այդ թվում ընտրակեղծարարներին բռնելու և պատժելու գործառույթը պետք է իրականացնեն իրավապահ և դատական համակարգերը:

Աշոտյանը չի էլ փորձում հերքել, որ իշխանությունը զբաղված է եղել այլ թեկանծուների քվեները գողանալով՝ հօգուտ Սերժ Սարգսյանի: Քքվեագողությունը շատ բնական է ընկալվում, որովհետև ընդդիմությունը համապատասխան թվով չվաճառված և չճնշված մարդ չի ունեցել հանձնաժողովներում հանցագործների ձեռքը բռնելու համար:

Արմեն Աշոտյանի տրամաբանությամբ ստացվում է՝ բա ո՞նց, եթե ընդդիմությունը մարդ չունի հանձանժողովներում, ուրեմն իշխանությունը պիտի գողանա, կեղծի ու բռնազավթի իշխանությունը:

Սրանով ՀՀԿ փոխնախագահը անուղղակիրոեն հաստատում է, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչների հիմնական մասը ընտրական հանձնաժողովներում և դրանցից դուրս զբաղված է քվե գողանալով ու կեղծելով: Իսկ իրավապահ համակարգը հանցագործներին բռնելու փոխարեն պարտակում է ընտրակեղծարարությունները:

Աշոտյանի հայտարարությունն ավելի պարզ լեզվով կոդավորելու դեպքում կստացվի. «Այո՛, քվեագողությամբ զբաղվելով՝ մենք բռնազավթել ենք իշխանությունը, և այդպես կանենք այնքան ժամանակ, քանի դեռ ընդդիմությունը մեր ձեռքը չի բռնել»:

Ինչքան էլ պետության համար ողբերգական լինի, որ բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն է անում, պետք է արժանին մատուցել Արմեն Աշոտյանի անկեղծությանը:

***

«Եռանկյունի» հաղորդմանը կրթության և գիտության նախարարը դժգոհեց նաև լրատվական դաշտի ոչ պրոֆեսիոնալիզմից և լրագրողների աչառու լինելուց:

«Այսօրվա լրատվական դաշտի գործունեությունից ես չեմ ստանում տպավորություն, որ գոնե քարոզարշավը լուսաբանող լրագրողների ճնշող մեծամասնությունը անաչառ է և տեղեկացված է,- հայատարարեց Աշոտյանն ու հարցադրում արեց,- Ինչո՞ւ լրատվական դաշտի պրոֆեսիոնալիզմը չի համապատասխանում այս մարտահրավերին»:

ՀՀԿ փոխնախագահը հավանաբար տեղյակ չէ, որ վերից վար կոռումպացված պետական համակարգի պայմաններում հնարավոր չէ ունենալ ազատ, թափանցիկ ու մրցունակ բիզնես միջավայր, որն էլ իշխանության կողմից չվերահսկվող ֆինանսկան միջոցներով կկայացնի համեմատաբար անկախ և անաչառ լրատվական դաշտ:

Մյուս կողմից, ներիշխանական տեղեկատվական հոսքերին քաջածանոթ Արմեն Աշոտյանը հազիվ թե տեղյակ չլինի, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը սեփականաշնորհել ու կաշառել է հեռարձակվող, տպագիր և էլեկտրոնային  ԶԼՄ-ների 90 տոկոսից ավելիին:

Իսկ իշխանության կողմից չվերահսկվող քիչ լրատվամիջոցները սուղ ֆինանսական միջոցներով և մեկուսացված պայմաններում ստիպված են ազատ ու անաչառ լրատվության փոխարեն կռվող կողմ դառնալ իշխանությունների ապօրինությունների դեմ, օրինակ՝ ոստիկանության փոխարեն ընտրությունների ժամանակ կանխեն ընտրակեղծարարությունները:

Այս իրողությունների մասին Հ1-ի լսարանի մեծ մասը հենց Աշոտյանի կուսակցության կողմից իրականացվող կոշտ գրաքննության պատճառով օբյեկտիվորեն տեղյակ չէ:

Այ որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը անաչառ լրատվություն ստանար Հայաստանում իրերի իրական դասավորության մասին, Աշոտյանը չէր համարձակվի նախ հայտնվել Հ1-ում հաղորդավարի կարգավիճակում, իսկ նման հայտարարության անելու դեպքում հաստատ կվտարվեր, ինչպես վտարվեց Բաղրամյան պողոտայից՝ «ԷլեկտրիկԵրևան»-ի ժամանակ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում