Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 10-ի նիստին 0.5 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 9.75%:
ԿԲ մամուլի հաղորդագրության համաձայն` 2015թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.9%:
«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները, ինչն ուղեկցվել է միջազգային ապրանքային շուկաներում գների շարունակական նվազմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նման միտումները կպահպանվեն նաև առաջիկա ամիսներին, ինչից ելնելով արտաքին հատվածից ներքին գների վրա ակնկալվում է գնանկումային ազդեցություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.7%, որին հիմնականում նպաստել են գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ճյուղերում գրանցված աճը: Այս իրավիճակում գնաճի նվազումը գրեթե ամբողջությամբ պայմանավորվել է գյուղմթերքների գների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր մակարդակների ձևավորմամբ: «Ներքին պահանջարկը շարունակում է մնալ թույլ, չնայած 2015թ. հարկաբյուջետային քաղաքականության խթանող ազդեցությանը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ պահպանվող թույլ ներքին պահանջարկը և արտաքին գնանկումային միջավայրը դանդաղ են արտացոլվում սեզոնային գյուղմթերքներից զտված գնաճի ցուցանիշում, որը վկայում է դեռևս բարձր գնաճային սպասումների առկայության մասին: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը կարծում է, որ գնաճային սպասումների նվազմանը զուգահեռ այդ ապրանքատեսակների գնաճը ևս կնվազի: Այս պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում թուլացնել դրամավարկային պայմանները, ինչը ցածր գնաճային սպասումների դեպքում կարող էր ավելի կտրուկ լինել»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի ցածր մակարդակում, այնուհետև, նախանշված քաղաքականության արդյունքում դանդաղ կընդլայնվի՝ կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:
«Գնաճային սպասումների խարսխման, արտաքին և ներքին լրացուցիչ ռիսկերի բացակայության դեպքում ԿԲ խորհուրդը կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 10.25, իջեցրել էր օգոստոսի 11-ին:
Civilnet











