Ազգային ժողովը նոյեմբերի 11-ի արտահերթ նիստում քննարկեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին վերաբերող փաթեթը։ Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծերի փաթեթը դիտարկել հարկային վարչարարության արդիականացման համատեքստում:
«Նպատակն է, որ հարկ վճարողը ցանկացած պահի հնարավորություն ունենա տեսնել իր հարկային պարտավորությունները, կատարած վճարումները, միջոցների շարժը»,- խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը։ Փոփոխություններով նախատեսվում է համակարգի ամբողջական ավտոմատացում՝ բացառելով հարկային հաշվարկները կատարելու ժամանակ մարդկային գործոնի առկայությունը:
Փոխնախարարն ասաց, որ փոփոխությունն արմատական է հարկային վարչարության արդիականացման գործողությունների շրջանակում, արմատական է նաև գործիքակազմի առկայության հանգամաքով պայմանավորված։
«Այս պահին յուրաքանչյուր տնտեսվարող ունի 50 հաշիվ, որն իր հերթին ունի ենթահաշիվներ։ Մենք առաջարկում ենք վերացնել այդ 50 հաշիվը և առաջարկել մեկ միասնական հաշիվ։ Սա տալու է սխալվելու հավանականության նվազում։ Միասնական հաշիվը տալիս է հետևյալ առավելությունը, որ այդ միասնական հաշվում կա գումար, և տնտեսվարողը ներկայացնում է հարկային հաշվարկ, ապա այդ հաշվից կատարվում է մարում»,- ասաց Միրումյանը՝ պարզաբանելով, որ ի տարբերություն տարբեր հաշիվներին մուտքագրվող գումարների, որոնք համարվում են հարկային եկամուտներ, այս համակարգով միասնական հաշվում եղած գումարը չի համարվում հարկային եկամուտ, քանի դեռ հարկ վճարողը չի ներկայացրել հարկային հաշվարկը և չի արտացոլել իր պարտավորության գումարը։
Նրա խոսքով՝ դա նպաստելու է գերավճարներ կուտակելու պրակտիկայի վերացմանը, տնտեսվարողներից գերավճարներ պահանջելու հարկային ծառայողների մոտիվացիայի վերացմանը:
Երկրորդ փոփոխությունը, ըստ փոխնախարարի, այն է, որ ընդհանուր հաշվում եղած գումարը չի համարվում պետության փող, և պետությունը չի կարող դա ծախսել։
Ավտոմատացված եղանակի ներդրման դեպքում կառավարությունն առաջարկում է նաև հետևյալ պարզեցումները։ «Միասնականացվում են հարկերի հաշվարկման և վճարման ժամկետները։ Վերացվում է տեղեկությունների ներկայացման պահանջը, այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտն այլևս ստիպված չի լինի դիմել հարկային ծառայություն և ստանալ տեղեկատվություն իր հարկային պարտավորությունների վերաբերյալ։ Կրճատվում է նաև ակցիզային հարկի հաշվարկը, ինչը, սակայն, նշանակում է, որ ոչ թե ակցիզային հարկի հաշվարկ չի լինելու, այլ միասնականացվում է ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հաշվարկները»,- ասաց փոխնախարարը։
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, արձագանքելով օրենքի փոփոխությանը, ասաց, որ բիզնեսը սիրում է կայունություն․ «Դուք անընդհատ փոփոխում եք օրենքները։ Ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չի կարողանում հասցնել փոփոխությունների հետևից։ Ինչո՞ւ եք իրականացնում իրավիճակային քաղաքականություն»: Մանուկյանի կարծիքով՝ նախագծում կան դրական առաջարկություններ, սակայն տնտեսվարողին հարատև ցնցումների ենթարկելն առնվազն ճիշտ չէ։
Օրենքի փոփոխությունները կկիրառվեն միայն 2018-ից։ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք արտահերթ նիստում այս նախագծի քննարկումը չի հետապնդում քաղաքական հեռահար նպատակներ և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին։
Փոխնախարարը պնեց, որ որ փոփոխությունները կյանքի են կոչում Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում, և դրանք պայմանավորված են իրավական հիմքի ապահովմամբ և Համաշխարհային բանկի ամրագրած ժամանակահատվածով:
Civilnet











