Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը:
Ինչպես ասված է ԱՄՀ հաղորդագրության մեջ, ավարտը տալիս է 11.74 մլն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (շուրջ 16.3 մլն դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 35.22 մլն ՓՀԻ-ի (շուրջ 48.9 մլն դոլարի):
82.21 մլն ՓՀԻ (շուրջ 114.1 մլն դոլար) գումարով երկարաձգվող այս ծրագիրը հաստատվել էր 2014թ. մարտի 7-ին:
«Ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել սպասվածից թույլ արտաքին պայմանները և ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Իշխանությունների կողմից քաղաքականության միջոցով արձագանքն օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, սակայն դժվարին հեռանկարը պահպանվում է: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների և քաղաքականության համար հնարավորությունների վերաստեղծման և Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն իրականացնել համաձայնեցված միջոցառումները»,- գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո ասել է ԱՄՀ կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահողի պաշտոնակատար Միցուհիո Ֆուրուսավան:
Նա նշել է, որ առաջիկայում կկարևորվի վերադարձը փոխարժեքի ավելի մեծ ճկունությանը և միջամտությունների սահմանափակումը` բուֆերները պահպանելու և ամրապնդելու և արտաքին ճշգրտմանն օժանդակելու համար. «Դրամավարկային քաղաքականությունը պետք է ուշիուշով ճշգրտվի՝ գների կայունությունը պահպանելու համար: Դրամավարկային պայմանների բնականոնության աստիճանական վերականգնման միջոցով 2014թ. սահմանված արտակարգ միջոցառումների դադարեցումը կօժանդակի նաև բանկային վարկավորման և աճի վերականգնմանը: Հասարակության, գործարար համայնքի և այլ շահագրգիռ կողմերի հետ քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ հաղորդակցության կատարելագործումը կկարևորվի քաղաքականության արձագանքների շուրջ համաձայնություն ձևավորելու համար:
Ակտիվությանն օժանդակելու համար հարկաբյուջետային պայմանների թուլացման ժամանակահատվածից հետո պարտքի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի հարկաբյուջետային կոնսոլիդացում: Ճշգրտումը պետք է շեշտադրի եկամուտների ավելացումը՝ կապիտալ ու սոցիալական ծախսերը պաշտպանելու և միջնաժամկետ հատվածում աճը սատարելու համար: Նոր հարկային օրենսգիրքը տալիս է հարկման բազան ընդլայնելու հնարավորություն՝ վերացնելով արտոնությունները և անդրադառնալով բացերին և ըստ այդմ օժանդակելով ինչպես կոնսոլիդացմանն, այնպես էլ աճը խթանող ծախսերին»:
Ֆուրուսավան ասել է, որ բանկային համակարգը մնում է կայուն, իսկ ճգնաժամերի պատրաստվածության և կառավարման ծրագրերի ուժեղացումը ֆինանսական համակարգը կդարձնի ավելի կուռ:
«Էլեկտրաէներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ծրագրերի ներդրումը և մրցակցության, մրցունակության և տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները շարունակում են կարևորագույն նշանակություն ունենալ խոցելիությունների կրճատման և լայնահեն աճը սատարելու համար»,- ասել է նա:
Civilnet











