Գլխավոր Լրահոս

ՀՀ նախագահի մամուլի խոսնակի «լռության սիմֆոնիան»

ՀՀ նախագահի մամուլի խոսնակի «լռության սիմֆոնիան»

Չորս ամիս առաջ Սերժ Սարգսյանն իր մամուլի քարտուղար նշանակեց ԱԱԾ աշխատակցի։ Նույնիսկ Google -ն այդ տղային միանգամից չի ֆիքսում ու «դնում մեր դեմը»։ Գրում ես՝ Վլադիմիր Հակոբյան, սպասում է, որ ավարտես ու դեռ կողքն էլ գրես՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։ Ինչպես կլասիկն է ասում՝ չորս ամիս առաջ, Կառլ։

Եվ այս տղայի ծպտունն անգամ չի լսվում։ Ասես ոչ միայն նրան հարցեր չունենք, այլև ինքը նույնիսկ չկա։ Ասես նախագահի աթոռը ոչ միայն աշխարհիկ աթոռ չէ, այլև նույնիսկ հոգևոր։ Ասես Սերժ Սարգսյանի ամբողջ աշխատակազմն է Աստծո մարմնացում, որը հողեղեն ոչինչ չունի։ Մինչդեռ, էդ աթոռը զբաղեցնելու համար ընտրություններ են եղել, Կառլ։ Էդ աթոռը ՀՀ քաղաքացու վրա արյուն-արցունք է արժեցել, Կառլ։ Եվ հիմա էնպես են երևութականացրել, որ մետաստազներով գնացել ու տարածվել է հենց կաթողիկոսի, վարչապետի, այլ նախարարությունների, գործարարների վրա։ Այնպես է տարածվել, որ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանն օրը ցերեկով փողոցում քաղաքացուն որակում է «ոչխար» ու չի էլ պարզաբանում, թե ինչու։ Պատասխանատվության մասին չենք խոսում, այլ՝ պարզաբանման։ Պատասխանատվության համար ուրիշ իշխանություն է պետք։

Ծառուկյան Գագիկը քաղաքականությունից թռել է այն պատճառաբանությամբ, թե հակառակ դեպքում արյուն էր թափվելու ու չի էլ ասում, թե՝ էդ ո՞նց, Կառլ։ «Քեթրինի» Միհրանը, որը ԴԱՀԿ ղեկավարն է, զբաղվում է բիզնեսով, բավարար չէ, դեռ իր բիզնես կենտրոնն էլ դարձրել է «Այո»-ի քարոզարշավի գրասենյակ, ու ոչ մի կերպ չի ասում, թե դա ի՞նչ հաշիվ է։ Դու ի՞նչ գործ ունես «Այո»-ի հետ, մա՛րդ. ԴԱՀԿ-ն իր «սատանիստական» փիլիսոփայությամբ է «Ոչ»։ Միհրանն իր վաճառած բանանով է «Ոչ»։ Այն իմաստով, որ ոտից գլուխ բացասում է ՀՀ քաղաքացուն։ Ալեքսանյան Սամվելը հայտարարել է, որ կխոսի նվազագույնը 500 դոլար ստանալու դեպքում, Մրցակցային հանձնաժողովի նախագահը հեռուստալրագրողին իր աշխատասենյակ է հրավիրում առանց տեսախցիկի՝ «ընգերական խոսելու»։ Վարչապետն ընդհանրապես հավակնում է Սերժ Սարգսյանի «Լռության սիմֆոնիայի» առաջին ջութակին։

Օրերս նույնիսկ Դավիթ Հարությունյանն էր ինձ ասում՝ ես քո երեսը չեմ ուզում տեսնել։ Այս մարդիկ «լրիվ խառնել են սաղ»։ Իրենց խոսքի իրավունքը հավասարեցրել են ցմահ դատապարտյալների խոսքի «իրավունքին», մասնավորապես, Նաիրի Հունանյանի «խոսքի» իրավունքին՝ նույնիսկ դատավարության ժամանակ այդ տղան չասաց այն, ինչ պիտի ասեր։ Դրանից հետո առ այսօր ոչ մի խոսք։ Հասկանու՞մ եք, մարդը կա, մարդը հենց արտահայտվելու պահանջով է մարդ։ Ցմահը, որպես կարգավիճակ, գուցե օրենքով նրան զրկում է հանրային կերպար լինելու իրավունքից, գուցե ազատ արտահայտվելու իրավունքից։ Բայց մարդն իրավունք ունի բղավելու, որ ինքը կա։ Իսկ ցմահներին այդ իրավունքը տրված չէ՝ հետևանքը Սողոմոն Քոչարյանն ու Կարեն Բոյաջյանն են։ Դատավորներն ընդհանրապես ի պաշտոնե են հայտարարվել անձեռնմխելի և, փաստորեն, երկու մահացու հիվանդ ցմահ բանտարկյալ են արժեցել մեզ՝ քաղաքացիներիս, հարկատուներիս ինքնազգացողության և օրենքի գիտակցության վրա։ Ի՞նչ է այս մարդկանց ուզածը։

Վերադառնանք մեր... հասկացաք։ Հայաստանն ունի ՀՀ նախագահի մամուլի խոսնակ։ Բերանով ենք ասում։ Բայց սա ականջով լսելու բան չէ, սրտով զգալու չէ։ Մարդը պարզապես չկա։ Որևէ լրատվամիջոցով նրա, թեկուզ գրավոր, թեկուզ բնաձայնական ծպտունը չկա։ Իսկ մենք, նկատենք, մեր հարկերով նրան աշխատավարձ ենք տալիս որպես բանական մարդու, որը ոչ միայն գոյություն, այլև դեր ունի։ Որի պաշտոնը մնջախաղի թատրոնի դերասանը չէ, ուրվականների մասին առասպելների կերպար լինելը չէ, մենք էդ պաշտոնի վրա պետություն ենք կառուցել, ժողովրդավարական լինելու հայտ ենք ներկայացրել։ Ու տալիս ենք ահռելի աշխատավարձ։ Որպեսզի, փաստորեն, որևէ հարցի պատասխան չունենանք։ Մենք նույնիսկ ֆիզիկական որևէ փաստ չունենք՝ այդ մարդն ընդհանրապես խոսնակին վերաբերող սուրճ խմու՞մ է, թե՞ ոչ։ Ասենք, խոսնակին վերաբերող թերթ կարդու՞մ է, թե՞ ոչ։ Որովհետև, եթե ի պաշտոնե հաշվետու չէ, մարդը հանգիստ առավոտից իրիկուն կարող է ձախ գնալ։ Որովհետև այդ դեպքում ի՞նչ տարբերություն, աշխատանքի ժամին ինքը նախագահի նստավայրում է, թե որևէ հյուրանոցում։ Ո՞վ է նա։ Մենք Տեր-Պետրոսյանի և նույնիսկ Քոչարյանի նախագահության առաջին շրջանում նախագահի խոսնակի այլ գործառույթների էինք սովոր։ Մենք տեսել ենք, թե նա ինչպիսին է լինում և ինչ է անում։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա ամեն օր է ցույց տալիս։

Ո՞վ է ՀՀ նախագահի մամուլի խոսնակն ի պաշտոնե՝ լրագրողների «աղոթքների» հետադարձ կապը։ Այսինքն, եթե լրագրողն ուզում է հասկանալ, թե ի՞նչ երաշխիք, որ 2018-ի ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանը չի փորձի դառնալ ԱԺ պատգամավոր ու սահուն նստել ԱԺ նախագահի ղեկին, ըստ «Աստծո դռան» նոր «օրենքների», նույնիսկ նախագահականի հավաքարարից դա չի կարող իմանալ։ Այս հարցի պատասխանից է կախված՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանն իր հագով չի ձևել նոր Սահմանադրությունը։

Մարդը չի խոսում։ Հասկացանք։ Օրենքը չի պարտավորեցնում, որ խոսի։ Բայց օրենքը խոսնակին նույնիսկ պարտադրում է խոսել։ Այսինքն, ի՞նչ, Կառլ, ուզում եք ասել, որ լրագրողներ չկա՞ն։ Ուզում եք ասել՝ «աղոթքներ» չկա՞ն։ Թե «Աստծո» հետ կապն է խափանվել։ Մենք, նվազագույնը, պետք է այդ մարդու գոյության երաշխիքն ունենանք, որպեսզի, երբ օրը գա, կարողանանք պարտավորեցնել, որ հետ վճարի ամբողջ աշխատավարձը որպես անաշխատ եկամուտ։

Խաչատրյան Գագիկն ու Կոստանյան Գևորգը գուցե նրա տեղը չգիտեն, բայց մենք հո գիտե՞նք, որ փողը քամու վրա դուրս չեն գրում, փողը դուրս են գրում կոնկրետ մարդու վրա։

Պետական ապարատի որ կողմը նայում ես, տեսնում ես՝ խոսքը Հայաստանի Հանրապետության մասին չէ։ Այս մարդիկ բոլորովին այլ հարցեր են լուծում։ Սերժ Սարգսյանը ԱԱԾ քավորությամբ նրանց վարակել է «Աստծո» վիրուսով՝ մեր գոյությունն ընդունեք ի գիտություն, ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ կանք, թե չկանք։ Կոռուպցիան, այդքան հռչակավոր կոռուպցիան, սկսվում է «Աստծո» վիրուսից, երբ ինչ-որ մեկը բոլորին հավատացնում է, որ ինքն ամենա-ամենան է։ Բայց ասում էր, չէ՞, Մարթան հռչակավոր Կառլ Իերոնիմ ֆոն Մյունհաուզենին՝ եղիր, ինչպես բոլորը, Կառլ։ Չլսեց նրան Կառլը, ընկերներ։ Չլսեց։ Սուս ու փուս հեռացավ։ Որովհետև ուզածը փող չէր։ Թե՞ ուզում եք ասել՝ գործող Սահմանադրությունն է մեղավոր, որ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հայոկբյանը չորս ամսվա ընթացքում գեթ կես բառ պարզաբանում չի ներկայացրել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում