Գլխավոր Լրահոս

Ինչպես քարոզել «Ոչ»-ը

Ինչպես քարոզել «Ոչ»-ը

«Ոչ»-ի քարոզիչը պետք է մոտենա մարզի բնակչին և հարցնի՝ ես քեզ «Ոչ»-ի մասով համոզելու բան ունե՞մ։ Եթե մարզեցին ասում է՝ ոչ, հանգիստ անցեք, նա վատ չի զգա. եթե ասում է՝ այո, ունեք, զրուցեք նրա հետ։ Եվ մի խոսեք նոր Սահմանադրությունից, մարդիկ բովանդակության կողմը չեն նայում, ընդդիմությանը երբևէ իշխանության ղեկին չտեսած պետությունը նախաբովանդակային է, նրա քաղաքացին՝ ատելությամբ լի: Նրա հետ խոսեք միայն ծուղակներից:

- «Ոչ»-ի քարոզիչը պայմանական քարոզիչ է, որովհետև «Այո»-ի կողմնակիցը քաղքենին է: Նա «նաղդից» բացի այլ համակրանքներ չունի, ահա ինչու միշտ «աշխատել» է 5 հազար դրամը։ Այսինքն, ահա թե ինչու է իշխանությունը կարողացել համոզել, որ մարդիկ քվեարկում են 5 հազար դրամով, ոչ թե իրենք են կեղծում նրանց քվեն։

- Խուճապի մի՛ մատնվեք, «Ոչ»-ի քարոզիչնե՛ր, դուք ժողովրդին բացատրելու ոչինչ չունեք։ Խուճապը կծնվի, հենց «Ոչ»-ի ընկալումից առանձնացվի անձնապես Սերժ Սարգսյանի վերարտադրության թեման, և այդ մարդը, որպես գործոն, դիտվի իր Սահմանադրությունից առանձին։ Այդ դեպքում ժողովրդին «Այո»-ականները հանգիստ կասեն, որ Սերժ Սարգսյանն այսպես թե այնպես հեռացող է։

- «Ոչ»-ի քարոզիչը մարզեցուն կարող է լուսավորել նոր Սահմանադրության դրույթներով, եթե մարզեցին ուզում է, որ իր «Ոչ»-ը ուղղված լինի ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ հենց նրա Սահմանադրությանը։ Այսինքն՝ ծուղակին։ Սակայն այս ծուղակը ցանկացած պահի կարող է դառնալ փրկօղակ, քանի որ վրայից «մաքրվում» է Սերժ Սարգսյանը։ Հենց Սերժ Սարգսյանին մաքրում ես իր Սահմանադրությունից, այն ամբողջությամբ վերածվում է բովանդակության ծուղակի:

- «Ոչ»-ի քարոզիչը պետք է մարզեցուց կորզի ամբողջ 25 տարվա անկախության նրա ընկալումը։ Որովհետև ժողովրդի մի մասն այնուամենայնիվ, կարծում է, որ 1992-94 թվականները սովի ու ցրտի տարիներ էին, ոչ թե՝ պատերազմի։ Նշանակում է, այդ մարզեցին չի աճել նույնիսկ անձնական ատելության մեջ, նա սպառնում է վերածվել անհույս բնակչի, որը քաղաքացի չէ։

- «Ոչ»-ի քարոզչի ժխտականության դիապազոնը կարող է ընդգրկել պետության բովանդակային պարտությունը, բայց պետք է հասկանալ, որ բնակչության մեծ մասը դա գիտի, դուք նրանից տարբերվում եք իր իմացածը ձևակերպել կարողանալով։ Հետևաբար, հիշե՛ք, ձեր գործը կոնկրետ զրուցակցին կոնկրետ իրեն վերաբերող «սահմանադրական» ծուղակը ցույց տալն է։

- «Ոչ»-ի քարոզչի համար բավական է թվարկել «Այո»-ի կողմնակիցներից մի քանիսի անունները։ Նա պետք է հասկանա, որ փոփոխություն որպես այդպիսին տեղի չի ունենում, նա պետք է հասկանա, որ մինչև այս փոփոխությունները Սերժ Սարգսյանը և նրա կողմնակիցները ամեն ինչ արել են օրենքը շրջանցելով, հիմա նույնը ուզում են անել օրենքի անունից:

- «Ոչ»-ի քարոզիչը «Այո»-ին հակված կամ ընդհանրապես չկողմնորոշված մարզեցու մոտ «Այո»-ն պետք է դարձնի ծաղր: Նույնը «Այո»-ականները չեն կարող անել, նախ ռեսուրս չունեն, երկրորդ իրենք չեն կարող ղժժալ «Ոչ»-ի հիմնական փաստարկի՝ Սերժ Սարգսյանի վրա: Իսկ «Այո»-ի վրա ծիծաղելու համար բավական է հիշել Սուրիկ Խաչատրյանին, Ալեքսանդր Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին, Առաքել Մովսիսյանին և նույնիսկ ՀՀԿ-ական ինտելեկտուալներին:

- Հիշե՛ք, պետք է կարողանալ «Այո»-ի հակված մարզեցուն հասկացնել, որ ինքը էնպիսի խնդիրների է բախվել Սերժ Սարգսյանի պատճառով՝ թանկացումներ, նվաստացումներ, ցածր աշխատավարձեր ու թոշակներ, որ էստեղ արդեն քաղաքակիրթ «Այո»-ի ու »Ոչ»-ի պայքարի հարց չէ, կամ մենք՝ «Ոչ»-ականներս, Սերժ Սարգսյանին վռնդում ենք իշխանությունից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ ձերբակալություն, ունեզրկում և այլն, կամ նա նոր թափով է անելու այն, ինչը անելու իրավունքը տվել եք դուք ձեր «Այո»-ով կամ ձեր «Ոչ»-ի հանդեպ անտարբերությամբ:

- Մարզեցու հետ աշխատեք իր խաբվածության բոլոր դրվագները դիմացը բերելով, այսինքն, եթե քվեարկել է փողով, երեսով մի՛ տվեք, բայց հասկացրեք, որ իր վերցրած փողի ամբողջ հրեշավորությունը «վայելել» են մյուսները: Նրան ցույց տվեք, որ հատկապես իր անտարբերությունը, անկամությունն են եղել պետությունը հողին հավասարեցնելու Սերժ Սարգսյանի հիմնական «վառելիքը»: Մարզեցին պետք է տուն գնա և հասկանա՝ միևնույն է, բոլորս գիտենք, որ ինքն այս ամենում դեր ունի: Արե՛ք ամեն ինչ, որ նա գտնի իր «խղճի խայթը»:

«Ոչ»-ի քարոզիչը պայմանական քարոզիչ է, որովհետև «Այո»-ի կողմնակիցը քաղքենին է: Նա «նաղդից» բացի այլ համակրանքներ չունի, ահա ինչու միշտ «աշխատել» է 5 հազար դրամը։

- Մարդկանց հետ աշխատեք առանձին-առանձին, հանրահավաքները ինտերակտիվ շփում չեն, հանրահավաքները սոսկ վիճակագրական պատկեր են, թե քանիսն են այդ պահին ձեզ հետ, բայց դրանից հետո մտե՛ք մարդկանց մեջ: Այսօր իշխանությունը դա հասկացել է, ինքը գիտի, որ մարդուն լսելով՝ կարող է հասկանալ թիրախը: Ինքը գիտի, որ հարց լուծող չէ, ավելին, որ չի պատրաստվում լուծել, որ ավելի վատ է վարվելու, բայց ուզում է հասկանալ, թե հատկապես ինչի վրա է շեշտադրում անելու կեղծելիս, ինչի վրա է կառուցելու քարոզչական հաջորդ տեսահոլովակը: Բայց սա նաև ձեր զենքն է, «Ոչ»-ականնե՛ր, այն իմաստով, որ դուք հաստատ մտնում եք հարազատ միջավայր, դուք կես բառից եք հասկանալու իրար: Դուք պարզապես տեղեկանալու եք՝ արդյո՞ք մարզեցին կարողանում է տեսնել նոր Սահմանադրության և պետություն ոչնչացնող իշխանության կապը, տեսնու՞մ է Սերժ Սարգսյանին որպես մոտ 3 միլիոն մարդու, ներառյալ իր թիմակիցների վրայով միանձնյա իշխանությունը պահպանելու ծարավ մարդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում