Գլխավոր Լրահոս

Լռել սեփական քաղաքացիների հետ խոսելիս

Լռել սեփական քաղաքացիների հետ խոսելիս

Անցած շաբաթ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունն աննախադեպ էր: «Իսլամական պետությունը» սրանով հայտնվում է Եվրոպայի կենտրոնում և ամբողջ աշխարհին ցույց տալիս, որ ընդունակ է հարյուրավոր անմեղ քաղաքացիներ սպանել աշխարհի աչքի առաջ: Ամբողջ աշխարհը համերաշխություն էր հայտնում Ֆրանսիային և նրա կողքին էր, Հայաստանը ևս իր խոսքն ասաց բարեկամական Ֆրանսիային:

Ուշագրավ էր բարձարգույն իշխանությունների արագ արձագանքը Փարիզում տեղի ունեցած ողբերգությանը: Ահաբեկչությունից ժամեր անց մայրաքաղաք Երևանի Ֆրանսիայի հրապարակի հատվածում կենտրոնը փակվեց, որտեղ Ռոդենի արձանի մոտ քաղաքացիները ցավակցություն ու աջակցություն էին հայտնում Ֆրանսիային: Միջոցառմանը միացավ բարձրագույն ղեկավարությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղեկցությամբ, ու այդ մասին տեղեկացնում էին ուղիղ եթերով:

Այդ օրն ամբողջ աշխարհն էր ցավակցում և աջակցություն հայտնում Ֆրանսիային, ուստի Հայաստանը ևս պարտավոր էր իր խոսքն ասել:

Սակայն երբ համեմատում ես նմանատիպ իրավիճակներում ՀՀ իշխանությունների գործողությունները երկրի ներսում կատարվող իրադարձություններին, տարակուսանք ես ապրում:

Սերժ Սարգսյանը երբեք չի փայլել սեփական քաղաքացիների նկատմամբ դրսևորված հարգանքով, նույնքան օպերատիվ երբեք չի արձագանքել երկրի ներսում տեղի ունեցած կրիտիկական իրավիճակներին:

Երբ 2015թ. հունվարին ռուս զինծառայողի կողմից Գյումրիում մի ամբողջ ընտանիք սպանդի ենթարկվեց, և ամբողջ Հայաստանը ցնցված էր կատարվածից, Սարգսյանը չկար, չէր երևում, չէր խոսում: Իշխանության հրահանգով Երևանի Ազատության հրապարակից նույնիսկ վտարում էին այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին Ավետիսյանների ընտանքին նվիրված մոմավառությանը, քանի որ ամենավերևից սգալու հրահանգ չկար: Երբ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծում է հայկական բնակավայրերն ու սպանում ՀՀ խաղաղ քաղաքացիներին և պետությունը պաշտպանող հայ զինվորներին, Սերժ Սարգսյանը կրկին լռում է, չի խոսում քաղաքացիների հետ: Էդվարդ Նալբանդյանի համար ավելորդ է խոսել, նրա օրոք արտաքին գործերի նախարարությունը վերածվել է լռակյացների նախարարարության: Ընդհանրապես, ՀՀ իշխանությունները լռակյաց են այն ժամանակ, երբ պետք է շատ խոսել ու բարձրաձայն խոսել, փոխարենը շատախոս են, երբ պետք է խոհեմաբար լռել:

Ճիշտ է՝ Փարիզում կատարված ողբերգությանն արձագանքելն այն դեպքը չէ, որ լռել էր պետք, սակայն  այն դեպքն է, երբ հստակ երևում է, թե ՀՀ գործող իշխանությունը որքան չի հարգում սեփական քաղաքացիներին և որքան խորը անջրպետ կա ՀՀ քաղաքացու և Սերժ Սարգսյանի միջև:

Փաստորեն, կարելի է օպերատիվ արձագանքել Փարիզի ողբերգությանը, սակայն չի կարելի նույնքան օպերատիվ խոսել սեփական քաղաքացիների հետ կրիտիկական պահերին: Կարելի է հաճոյանալ միջազգային հանրությանը, սակայն չի կարելի դիմել ու հարգել սեփական քաղաքացիներին:

Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանի կողմից գերակայությունների սահմանման այս հերթականությունը նեղ շահադիտական նպատակներ է հետապնդում: Նա իր իշխանությունը ՀՀ քաղաքացիներից չի ստացել, ոչ մի պարտավորություն չունի ՀՀ քաղաքացիների առաջ, ՀՀ քաղաքացին չի լեգիտիմացնում նրա իշխանությունը: Սերժ Սարգսյանն իր լեգիտիմության աղբյուրները փնտրել ու փնտրում է Հայաստանի սահմաններից դուրս՝ Ռուսաստանում, Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում: Ուստի նա շատ ավելի ականջալուր ու արձագանքող է դրսի, քան ներհայաստանյան, ՀՀ քաղաքացուն անմիջականորեն առնչվող իրադարձություններին: Նա օտար է ՀՀ քաղաքացու համար, սակայն ամենևին էլ յուրային չէ օտարների համար: Օտարները չեն ընդունում սեփական քաղաքացիների մանդատը չվայելող իշխանություններին, այդպիսի իշխանությունը միշտ օգտագործվում է, շատ դեպքերում՝ նաև ընդդեմ սեփական քաղաքացիների:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում