Եվրոպայի Կանաչների կուսակցությունը նոյեմբերի 15-ին` Լիոնում կայացած 23-րդ համաժողովին, ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև, համաձայն որի` Օսմանյան կայսրությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ:
Բանաձևը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և աշխատել Հայաստանի ու հայ ժողովրդի հետ հաշտեցում հաստատելու ուղղությամբ:
Այս նախաձեռնությամբ Եվրոպայի Կանաչների կուսակցությունը Հայոց ցեղասպանությունը դեռևս չճանաչած բոլոր երկրներին կոչ է անում հրապարակայնորեն ճանաչել այն: Կուսակցությունն ընդգծում է, որ այս քայլը դրական կանդրադառնա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վրա և կնպաստի մարդկության հանդեպ հետագա հանցագործությունների կանխմանը:
Բանաձևը Թուրքիայի կառավարությունից պահանջում է վերագնահատել պատմական և մշակութային նյութերը, բաց անել արխիվները պատմաբանների, հետազոտողների և գիտնականների առջև՝ փորձելով հաշտվել անցյալի հետ:
Բանաձևը Թուրքիային կոչ է անում վերացնել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը սահմանափակում է Ցեղասպանության վերաբերյալ քաղաքական և հանրային քննարկումները:
Բանաձևն ընդգծում է, որ բոլորն ունեն սեփական պատմության ճանաչման և մշակույթի հանդեպ հարգանքի իրավունք:
Ինչպես հաղորդում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության մամուլի ծառայությունը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԽ-ում Կանաչների խմբակցության փոխնախագահ, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության Խորհրդատվական խմբի անդամ Միշել Ռիվազին, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, ասել է. «Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Եվրոպայի Կանաչների կուսակցության ընդունած բանաձևի նպատակն է հիշեցնել յուրաքանաչյուր երկրի, որ այն իր մասնաբաժինն ունի ներդնելու՝ հանուն առավել խաղաղ աշխարհի: Սա է պատճառներից մեկը, թե ինչու Թուրքիան պետք է այժմ դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը: Ժխտումը ատելության շարժիչի վառելիքն է, որը մեզ խանգարում է հասնել խաղաղության: Թուրքիան միայն կշահի՝ ի վերջո ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, և պատմության գիրկը կանցնի: Առանց Հայոց ցեղասպանության ճանաչման` խաղաղություն չի կարող հաստատվել»:
Եվրոպայի Կանաչների կուսակցությունը համաեվրոպական քաղաքական կուսակցություն է, որը միավորում է շուրջ 45 Կանաչների կուսակցություն Եվրոպայում և ներկայացված է արևելյան Եվրոպայի գործընկերության երկրներում: Եվրոպական խորհրդարանում կուսակցության անդամները զբաղեցնում են 50 տեղ Կանաչների՝ Եվրոպական Ազատ դաշինք խորհրդարանական խմբակցության շարքերում: