Կառավարման համակարգըԺամանակն է փոխել պայքարի տրամաբանությունը, ժամանակն է փոխել պայքարի տրամադրությունը, ասա' ԱՅՈ փոփոխություններին:Posted by ՀՀԿ ԵԿ / Youth of the Republican Party of Armenia on Thursday, November 12, 2015
Օրինակ, բոլշևիկները խոստանում էին, որ խորհրդային հասարակարգում բոլորը հավասար են լինելու՝ չեն լինելու հարուստներ ու աղքատներ: 21-րդ դարում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, պահպանելով բոլշևիկյան քարոզչության լավագույն ավանդույթները, հայտարարում է, որ իշխանությունը լինելու է բոլորինը, դե... համարյա բոլորինը, այն կուսկացություններինը, որոնք անցել են խորհրդարան:
«Չեն լինի պարտվողներ, կլինի իշխանության համաչափ բաժանում»,- հայտարարում է ՀՀԿ-ն իր քորոզչական տեսահոլովակում: Քարոզչական տեսանյութը դիտելուց կարելի է կարծել, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո վերանալու է նաև ընդդիմությունը, համենայնդեպս՝ խորհրդարանական ընդդիմությունը. «Անկախ ստացած ձայներից՝ Ազգային ժողով անցած բոլոր քաղաքական ուժերը ՝ մեծ, թե փոքր, կմասնակցեն ու ներկայացված կլինեն իշխանության մեջ»,- ավետում են ՀՀԿ-ակաները, բնականաբար կոչ անելով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին: Այս հայտարարությունը Սերժ Սարգսյանի լեզվով նշանակում է. «Քաղաքական ուժեր, «այո» ասեք նոր Սահմանադրությանը, և բոլորիդ, ով հայտնվեց խորհրդարանում, մի բան կտամ՝ կզբաղվեք, տուն կպահեք»:
Չբվարարվելով բոլշևիկա-ուտոպիստական կոչերով՝ ՀՀԿ-ական քարոզիչները հանդես են գալիս օլիմպիական կարգախոսով: Նշելով նոր Սահմանադրության առավելությունները՝ նրանք հայտարարում են. «Առաջին անգամ ընտրություններին կարևոր կլինի ոչ թե հաղթանակը, այլ մասնակցությունը»: Փաստացի նոր Սահմանադրության հաստատման դեպքում Հայաստանում ընտրությունները վերածվելու են օլիմպիական մրցավազքի, և այդ մրցավազքի յուրաքանչյուր մասնակից իրեն երջանիկ է զգալու:
Իսկ վերջում, ի հեճուկս քաղաքագիտության, հայտարարում են. «Նախագահական և կիսանախագահական համակարգերով արդեն 20 տարի քաղաքական ուժերը պայքարում են մեկ բանի համար՝ իշխանության: Նոր սահմանադրությամբ դա կվերանա»: Եթե որևէ զարգացած երկրում ինչ-որ մեկը հայտարարեր, որ քաղաքական կուսակցություններն ու գործիչները չպետք է պայքարեն իշխանության համար և, ավելին, դա պետք է վերացնել, ապա նրան առնվազն կմեկուսացնեին հոգեբուժարանում:
Սակայն Հայաստանում նման հայտարարություններ անում են քարոզչական տեսահոլովակներում: ՀՀԿ-ի համար իշխանության համար պայքարը վատ բան է, ավելին՝ բոլոր չարիքների աղբյուրը, ուստի պետք է վերացնել իշխանության համար պայքարը Հայաստանի քաղաքական պրակտիկայից: Ապրել հաշտ, համերաշխ, բայց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի իշխանության ներքո. չէ՞ որ իշխանության համար պայքարը չարիք է:












