Երևան քաղաքի տարածքում նոր` 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրակայան կկառուցվի:
Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, գործադիրը նոյեմբերի 19-ի նիստին հավանություն է տվել էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող փոխըմբռնման հուշագրին:
Հուշագրով «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը:
Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում «ՌԵՆԿՈ»-ն ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, որի համաձայն՝ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին հարակից տարածքում:
Պայմանագրի կնքման պահից «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 215 մլն դոլար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով այս ծրագրի իրականացումը, նշել է, որ այն օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման: Աբրահամյանի խոսքով՝ պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Միաժամանակ վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ քննարկել այդ հարցը:
Civilnet











